Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ

Փետրվար 19,2005 00:00

ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ Սուրեն Սուրենյանցը որակապես նոր ընդդիմության կողմնակից է «Հանրապետություն» կուսակցության համագումարի հետաձգման պաշտոնական պատճառաբանությունը կազմակերպչական խնդիրներն են համարվել: Բոլոր դեպքերում համագումարը ստիպված է լինելու քննարկել նաեւ «Հանրապետության»՝ «Ժառանգություն» եւ Ազատական- առաջադիմական կուսակցությունների հետ նոր ձեւաչափ ձեւավորելու նպատակահարմարության հարցը, որի մասին վերջերս այս կուսակցությունում տարբեր մոտեցումներ կան: «Բնականաբար համագումարում կքննարկվի ներքաղաքական իրավիճակը եւ այդ իմաստով` նաեւ նոր ձեւաչափի ստեղծման խնդիրը: Ես ծանոթ եմ Հովհաննես Հովհաննիսյանի օրերս արած հայտարարությանը՝ բանակցությունների ավարտին մոտ լինելու եւ մոտ ժամանակներս նոր ձեւաչափի ստեղծման մասին։ Որակապես նոր ընդդիմությունը եւ գաղափարաքաղաքական հենքի վրա ձեւավորված եւ ավելի արդյունավետ գործող նոր ձեւաչափի ստեղծումը՝ անհրաժեշտություն համարելով հանդերձ, կարծում եմ, որ ժամկետների իմաստով պարոն Հովհաննիսյանը փոքր-ինչ լավատես է»,- նկատեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նշանակո՞ւմ է արդյոք, որ կուսակցությունը առաջիկա գործընթացներին մասնակցելու է հին ձեւաչափի՝ «Արդարություն» դաշինքի շրջանակներում: «Ես ընդամենը փաստում եմ, որ առայժմ այդ նոր ձեւաչափի ձեւավորման վերջնական փուլին չենք հասել: Ինչ վերաբերում է «Արդարությանը», ապա մենք առայժմ շարունակում ենք գործել այդ դաշինքի շրջանակներում՝ երբեք չթաքցնելով, որ արտադաշինքային հանդիպումներ ենք ունենում այլ կուսակցությունների հետ եւ չբացառելով մեզ համար արժեքային համակարգին ավելի հարազատ եւ ավելի արդյունավետ գործող ձեւաչափի ստեղծման դեպքում մեր մասնակցությունը դրան: Կարծում եմ, մենք ազնիվ կլինենք մեր գործընկերների հետ, եւ եթե արդեն հստակ լինի մեր որոշումը նոր ձեւաչափին մեր ներգրավվածության վերաբերյալ, մենք դաշինքի մեր գործընկերներին դրա մասին տեղյակ կպահենք»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը: Տպավորություն կա, թե այդ նոր ձեւաչափի ձեւավորման հարցում «Արդարություն» դաշինքը զսպող գործոն է հանդիսանում, առավել եւս, որ մասնավորապես` ՀԺԿ առաջնորդը պարբերաբար հերքում է հնարավոր նոր ձեւաչափերի ձեւավորման հնարավորությունը: «Չեմ կարծում: Ցանկացած կուսակցության ղեկավար ազատ է՝ տնօրինելու իր կուսակցության վարքագիծը, եւ չեմ կարծում, թե դաշինքից որեւէ մեկը կարող է մեզ զսպել կամ կաշկանդել մեր գործողություններում նոր ձեւաչափ ստեղծելու կամ նոր քաղաքական հարաբերություններ հաստատելու հարցում: Այլ խնդիր է, որ մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով՝ քանի դեռ ավելի արդյունավետ ձեւաչափ չի ձեւավորվել, անիմաստ է քաղաքական հարաբերությունները որոշակիացնել գործող դաշնակիցների հետ: Դաշինքում մեր ներգրավվածությունը եւ այն գործողությունները, որոնք գուցեեւ հանգեցնեն նոր ձեւաչափի ստեղծմանը, ես չեմ ուզում իրար հակադրել: Մյուս կողմից, կարծում եմ, չպետք է ցավագին ընդունվի այն հնարավորությունը, որ «Արդարություն» դաշինքին զուգահեռ կարող է նոր ընդդիմադիր ձեւաչափ ստեղծվել: Հակառակը՝ պետք է հստակ հասկանալ, որ «Արդարություն» դաշինքը նպատակային ձեւավորված դաշինք էր որոշակի մի խնդրի շուրջ՝ սահմանադրական կարգի վերականգնում՝ անկախ գաղափարաքաղաքական մոտեցումների տարբերություններից: Բայց 2003-2004-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում որակական փոփոխություն առաջացնելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափարաքաղաքական դաշինք»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: Իսկ արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցությունն իր դիրքորոշումներում՝ գաղափարական, արժեքային համակարգի շուրջ, ավելի պակաս տարաձայնություններ ունի «Ժառանգություն» եւ Ազատական-առաջադիմական կուսակցությունների հետ, քան «Արդարություն» դաշինքում: Ըստ Ս. Սուրենյանցի՝ «այս երեք կուսակցությունների մոտեցումները զուտ արժեքային կողմնորոշումների հարցում, երեւի հրապարակային դրսեւորումներից էլ դա նկատելի է, ավելի ընդհանրական են, քան, իմ անձնական կարծիքով, «Արդարություն» դաշինքում է: Ընդ որում, չպետք է բացառել, որ այս նոր ձեւաչափի ստեղծման գործընթացը կարող է սկսվել այս երեք կուսակցությունների շրջանակներում, բայց հետագայում ընդգրկել նաեւ այլ քաղաքական եւ հասարակական խմբերի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել