Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին

Հոկտեմբեր 08,2026 23:44 Share
Աջակցեք aravot.am-ին

factor.am. Եվրախորհրդարանը հոկտեմբերի 8-ին ընդունված բանաձևում կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները քննադատների, լրագրողների, իրավապաշտպանների, ընդդիմության առաջնորդների և գիտնականների նկատմամբ։ Կառույցը կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և չեղարկել նրանց դեմ հարուցված քրեական գործերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բանաձևում հատուկ նշվում են Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի, սեպտեմբերի 7-ին 13 տարվա ազատազրկման դատապարտված Անար Մամեդլիի և նրա հետ միասին դատված և 12 տարվա ազատազրկման դատապարտված Անար Աբդուլլաևի անունները և կոչ է արվում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։

Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա ցանկացած գործընկերության համաձայնագիր պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքների ոլորտում շոշափելի բարելավումներով, այդ թվում՝ քաղաքական բանտարկյալների ազատ արձակմամբ։ Նրանք ողջունում են դոկտոր Գուբադ Իբադօղլուի՝ շտապ բժշկական բուժում ստանալու նպատակով վերջերս Եվրոպա ժամանելը և կոչ են անում դադարեցնել նրա դեմ հարուցված բոլոր քրեական հետապնդումները։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև քննադատում են Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին լռեցնելու նպատակով քրեական և ազգային անվտանգության մասին օրենքների չարաշահումը։ Նրանք դատապարտում են արտերկրում գտնվող ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող անդրազգային ռեպրեսիաները և կոչ են անում Եվրահանձնաժողովին ուժեղացնել աջակցությունը քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ աքսորում գտնվող։

Պատգամավորները կոչ են անում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին՝ ԵՄ գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում նախապատրաստել թիրախային միջոցներ և ապահովել, որ դիվանագիտական ներգրավվածությունը համապատասխանի ժողովրդավարական արժեքներին։ Բանաձևն ընդունվել է ձայների 492 կողմ, 23 դեմ և 60 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է բանաձևին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը բանաձևի ընդունումը գնահատել է որպես երկրի դեմ ուղղված կանխակալ քաղաքական ակցիա և վճռականորեն մերժել, Բաքվի բնորոշմամբ, «կեղծ ու հորինված տեղեկատվության վրա հիմնված անհիմն մեղադրանքները»։

Այս մասին ասվում է Մեջլիսի հայտարարության մեջ։ Նշվել է, թե Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի նկատմամբ նպատակաուղղված քաղաքական գիծը ձեռք է բերել առավել առճակատային բնույթ։ «Վերջին տարիներին այս կառույցի կողմից ընդունված բազմաթիվ բանաձևերը, մեր երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձերը և պատժամիջոցներ սահմանելու կոչերը պետք է գնահատել որպես Եվրոպական խորհրդարանի կողմից Հարավային Կովկասում Ադրբեջանի պատմական հաղթանակից հետո ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունները չճանաչելու դրսևորում»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ՝ Բաքուն հայտարարում է, որ լուրջ հարցեր է առաջացնում նաև հենց Եվրոպական խորհրդարանում ստեղծված իրավիճակը։

Վերջին տարիների աղմկահարույց կոռուպցիոն հետաքննությունները, այդ թվում՝ պատգամավորների կաշառումը և քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա ապօրինի ազդեցությունը, այդ կառույցի առջև հարցեր են առաջացրել, որոնք առնչվում են նրա քաղաքական հեղինակությանը և խաթարում են խորհրդարանական ընթացակարգերի նկատմամբ վստահությունը։ Բաքուն նաև նշում է, թե հենց եվրոպական երկրներում դեռևս բազմաթիվ խնդիրներ են մնում՝ կապված իրավապահ մարմինների կողմից ուժի չափազանց կիրառման, խաղաղ հավաքների ազատության սահմանափակումների հետ։

«Մտահոգություն առաջացնող ևս մեկ հանգամանք է այն, որ Եվրոպական խորհրդարանի նշված բանաձևն ընդունվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման ժամանակահատվածում, այն պայմաններում, երբ քաղաքական պատասխանատվությունն ու կառուցողական երկխոսությանն աջակցությունն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Ակնհայտ է, որ նման միակողմանի նախաձեռնություններն ու սխալ դատողությունները դժվարացնում են փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը և լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում միջպետական հարաբերությունների կարգավորման համար։

Այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում երկարամյա հակամարտության կարգավորման ուղղությամբ, մտահոգություն է առաջացնում Եվրոպական խորհրդարանում առանձին քաղաքական ուժեր ներկայացնող ապակառուցողական տարրերի ձգտումը՝ կրկին ստեղծելու քաղաքական և ռազմական լարվածության օջախ։ Տարածաշրջանային կայունության ապահովման և կայուն խաղաղության հաստատման գործընթացին իրական աջակցությունը պահանջում է հարգել պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցել ուղիղ երկխոսությանը և հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք կարող են խորացնել փոխադարձ անվստահությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն հայտարարում է, թե մշտապես հավատարիմ է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման և իրավական պետության սկզբունքների հետևողական իրագործման դիրքորոշմանը։

«Ափսոսանք է հարուցում նաև այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը, Ադրբեջանին մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում մշտապես նախընտրել է լռել ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների և հարկադիր տեղահանվածների իրավունքների մասին, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության գործողությունների, վտարվել են իրենց հայրենի բնակավայրերից և զրկվել բոլոր իրավունքներից ու ազատություններից։

Հարցի մյուս կողմն այն է, որ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են «քաղաքական բանտարկյալներ» անվանում այն անձանց, որոնք դատարանների որոշումներով դատապարտվել են կոնկրետ հանցավոր արարքներ կատարելու համար, կամ ինչ տրամաբանությամբ է պահանջվում անվերապահորեն ազատ արձակել այն անձանց, որոնց առաջադրվել են մեղադրանքներ քրեական օրենսդրության համապատասխան հոդվածներով՝ նման արարքներ կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության պատճառով»,- ասվում է հայտարարությունում։

Մեջլիսը կոչ է անում Եվրոպական խորհրդարանին հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ, իբր, առճակատման հռետորաբանությունից և չմիջամտել երկրի պետության ներքին գործերին։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է, որ որևէ ուժ չի կարող ստիպել Ադրբեջանին շեղվել «ժողովրդավարական զարգացման ուղուց»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել