Իլհամ Ալիեւի քննադատությունների թիրախում կային նաեւ այլ հասցեատերեր, այդ թվում՝ Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո հանդես եկող Թուրքիան:
Սակայն Ալիեւը քննադատության՝ Թուրքիային ուղղված հատվածում զգուշորեն խուսափել է «Թուրքիա» տոպոնիմն ուղղակիորեն արտաբերելուց: Նա հայտարարել է.
«Մենք հովանավորներ չունենք: Մեզ զենք եք տվել՝ դրա դիմաց կրկնակին եք պահանջել: Զբաղվեք ձեր գործերով ու մի միջամտեք մեր ապրելակերպին»:
Ըստ իրանական մամուլի մեկնաբանությունների՝ այս ակնարկն առավելապես ուղղված է Թուրքիային, քանի որ դրա համատեքստը, ըստ այդ գնահատականների, այլ երկրի դժվար թե վերաբերեր:
Ադրբեջանի նախագահի կտրուկ ակնարկները լայն արձագանք են գտել թուրքական լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում:
Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է իրանական «Ասրե Իրան»-ը, Ալիեւը, որի իշխանությունը սերտ կապեր ունի ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի հետ, Բաքվում իշխող կուսակցության 8-րդ համագումարում ունեցած ելույթի մի հատվածում, առանց Թուրքիային ուղղակիորեն հիշատակելու, անդրադարձել է պետությունների՝ «մեծ հովանավոր» ունենալու թեմային եւ հայտարարել, որ իր երկիրը նման հովանավոր, կամ իր ձեւակերպմամբ՝ «մեծ քեռի», չունի:
Դիտորդների կարծիքով՝ այս ակնարկն առավելապես ուղղված էր Թուրքիային, որը իրեն համարում է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի թյուրքախոս պետությունների «ավագ եղբայրը» եւ բազմիցս բացահայտ հայտարարել է Բաքվին իր ռազմաքաղաքական աջակցության մասին:
Ալիեւը, ըստ իրանական մամուլի, նկատի ունենալով Բաքվին ցուցաբերված լիակատար ռազմաքաղաքական աջակցության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս հնչեցրած հայտարարությունները, ասել է.
«Մենք ոչ մեկի օգնության կամ աջակցության կարիքը չունենք: Երբ մենք օգնության կարիք ունեինք, ոչ ոք մեզ չօգնեց: Երբ մենք մեկ միլիոն փախստական ունեինք, ոչ ոք մեզ օգնության ձեռք չմեկնեց: Ադրբեջանն ամեն ինչ, այդ թվում՝ իր սպառազինությունը, գնել է համաշխարհային շուկայի գներով՝ մինչեւ վերջին փամփուշտը, եւ նույնիսկ մեկ մանաթի կամ մեկ դոլարի զեղչ չի ստացել: Ավելին, երբեմն դրանք մեզ վաճառել են համաշխարհային շուկայական գներից մի քանի անգամ ավելի բարձր, եւ մենք ստիպված ենք եղել աչք փակել դրա վրա»:
Իրանական մամուլը հիշեցնում է, որ վերջին տարիներին Ադրբեջանն իր սպառազինության զգալի մասը ձեռք է բերել Թուրքիայից, Իսրայելից եւ Պակիստանից: Այս համատեքստում, ըստ այդ հրապարակումների, Ալիեւի ակնարկը կարող էր ուղղված լինել Անկարայի իշխանություններին, այլ ոչ թե սպառազինության մյուս երկու մատակարարներին, քանի որ հենց Թուրքիայի իշխանություններն ու հասարակական շրջանակներն են մշտապես ընդգծել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության հանգամանքը:
Հիջաբի թեման եւ Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու պահանջը
Իր ելույթի մեկ այլ հատվածում Ալիեւը, կրկին առանց որեւէ երկրի անունը հիշատակելու, անդրադարձել է Բաքվի իշխանությունների՝ դպրոցներում հիջաբ կրելն արգելելու վերաբերյալ վերջին որոշման քննադատություններին:
Իրանական մամուլը ընթերցողներին հիշեցնում է, որ այդ որոշումը լայնորեն քննադատվել էր Թուրքիայի լրատվամիջոցներում, հասարակական շրջանակներում եւ սոցիալական ցանցերում: Թուրքիայի իշխող իսլամիստական կուսակցության համակիրները եւս խիստ քննադատության էին ենթարկել այդ քայլը:
Ալիեւը հայտարարել է.
«Յուրաքանչյուրը թող իմանա իր տեղն ու սահմանը, հեռու մնա մեր ներքին գործերից, չմիջամտի մեր ապրելակերպին եւ մեզ չասի, թե ինչ պետք է անենք: Եթե բոլորը գիտեն՝ ինչպես պետք է վարվել, թող մտածեն իրենց ժողովրդի եւ իրենց պետության մասին եւ մեզանից հեռու մնան»:
Ալիեւի այս հայտարարությունների մի քանի հատվածներ արդեն լայնորեն տարածվել են թուրքական սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում՝ արժանանալով թուրք օգտատերերի քննադատությանը:
Իրանական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ալիեւի հայտարարությունները որոշ շրջանակների կողմից գնահատվել են որպես «երախտամոռություն»՝ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի բանակին Թուրքիայի ցուցաբերած աջակցության համատեքստում:
Թուրք քննադատները, ըստ իրանական աղբյուրի, նաեւ մատնանշում են, որ Ալիեւը, որը հայտարարում է իր մահմեդական լինելու եւ Թուրքիայի հետ բարեկամության մասին, միաժամանակ շարունակում է ընդգծել Իսրայելի հետ սերտ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը:
Միեւնույն ժամանակ, Թել Ավիվը Թուրքիայի իշխանություններին անվանում է տարածաշրջանում իրենց գլխավոր հակառակորդներից մեկը եւ պնդում, որ «Իրանի սպառնալիքը չեզոքացնելուց հետո հերթը Թուրքիայինն է»:
Ըստ նույն աղբյուրի, Թուրքիայի հասարակության մի հատվածի կարծիքով՝ վերջին երեք տարիների ընթացքում, մասնավորապես՝ Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր, Ալիեւի եւ Բաքվի իշխանությունների հետ հարաբերություններն աստիճանաբար սառել են:
Իրանցի փորձագետների գնահատմամբ, թուրք հասարակության մի զգալի հատվածում տարածված է այն տեսակետը, որ Ալիեւի՝ Իսրայելի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունը հակասում է Թուրքիայի հետ բարեկամության մասին նրա հայտարարություններին եւ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությանը: Որոշ թուրք քննադատներ Բաքվի քաղաքականությունը նույնիսկ ներկայացնում են որպես Իսրայելի հետ չափազանց սերտ կապերի հետեւանք:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում



















































