Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային

Փետրվար 19,2005 00:00

Միջազգային փորձին հակառակ Հայաստանը հնարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարգավիճակի նոր՝ եվրոպական երկրներում չկիրառված տարբերակ: Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքում, որով այսուհետեւ Պաշտպանի աշխատակազմի անդամները համարվում են քաղծառայողներ եւ պետք է ընտրվեն Քաղծառայության խորհրդի կազմակերպած մրցույթների շնորհիվ: Պաշտպանի գրասենյակն «Առավոտին» մի տեղեկանք է տրամադրել, թե եվրոպական երկրներում ինչպես է կարգավորված նույն խնդիրը: Ավստրիա. «Ժողովրդական իրավապաշտպանի վարչության» աշխատակիցներին, վարչության նախագահի ներկայացմամբ, նշանակում է համադաշնության նախագահը, որը, սակայն, կարող է նաեւ լիազորել Իրավապաշտպանի վարչության նախագահին՝ նշանակելու առանձին կատեգորիայի աշխատակիցների: Բոսնիա եւ Հերցեգովինա. այստեղ օմբուդսմենն ինքն է պատասխանատու «իր անձնակազմն ինքնուրույն հավաքագրելու հարցում»: Մեծ Բրիտանիա. օմբուդսմենն այստեղ անվանվում է Վարչակազմի գծով Պառլամենտական կոմիսար, եւ օրենքի համաձայն՝ նրան իրավունք է վերապահված «նշանակել պաշտոնյաներին, որոնց թիվը եւ իրավասությունները հաստատվում են ֆինանսների նախարարության կողմից»: Հունգարիա. այստեղ այս մարմինն անվանվում է Պետական ժողովի լիազոր ներկայացուցիչ՝ քաղաքացիական իրավունքներով: Աշխատակազմը կոչվում է բյուրո, եւ օրենքի համաձայն՝ «Բյուրոյի ղեկավարները եւ նրա աշխատակիցները նշանակվում եւ ազատվում են Լիազորի կողմից»: Գերմանիա. այստեղ էլ ընտրվել է այս ձեւը՝ Բունդեստագի հանձնաժողով պետիցիաների հարցերով: Սրա աշխատակազմը ձեւավորվում է Բունդեստագի հանձնաժողովների աշխատակազմերի ձեւավորման կարգով: Դանիա. Պառլամենտական Օմբուդսմենը օրենքի համաձայն՝ «կարող է աշխատանքի ընդունել եւ ազատել իր աշխատակազմը»: Իսպանիա. այս երկիրն ընտրել է «Ժողովրդի պաշտպան» անվանումը, իսկ աշխատակիցները կոչվում են խորհրդականներ, եւ օրենքի համաձայն՝ «Ժողովրդի պաշտպանը կարող է բյուջետային լիմիտի սահմաններում ազատորեն նշանակել խորհրդականներ՝ ռեգլամենտով սահմանված համապատասխան գործառույթներ իրականացնելու համար»: Այս ամենից եզրակացությունը միակն է՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անդամներին դարձնելով պետական ծառայողներ՝ Հայաստանը «հայտնագործեց» եվրոպական երկրներում առայժմ չտեսած-չլսված մի նոր տարբերակ: Եվ դատելով այլ փոփոխություններից, որոնց պատրաստվում են ենթարկել «Մարդու իրավունքների» պաշտպանի մասին օրենքը՝ «հայտնագործությունները» դեռ շարունակվելու են: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել