Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետական նորմերը խախտում են պաշտոնյաները

Մարտ 04,2005 00:00

Ճարտարապետական նորմերը խախտում են պաշտոնյաները Եվ հենց իրենք են խոսում խախտումներից Երեւանի կենտրոնում գտնվող «Պապլավոկ» սրճարանի հարեւանությամբ, Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի վրա, 5 տարի առաջ, մեկ սենյականոց բնակարանի նոր տերը կառուցել է երեք հարկանի նոր համալիր: Տերը Երեւանի քաղաքապետարանի կադաստրի բաժնի նախկին պետ Սարգիս Աղաբեկյանն է, նույն ինքը՝ «Էսկո» կոնցեռնի նախագահը, «Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ի պատասխանատուներից մեկը: Էլիտ-համալիրը կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկցիաներով, ունի լողավազան, սաունա, մարզասրահ, ձմեռային այգի եւ տասնյակից ավելի սենյակներ: Քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչության պետ Ալեքսանդր Մովսիսյանի ասելով, «մինչեւ 1960 թվականը կառուցված շենքերի (վերոհիշյալը կառուցվել է 1957թ.-Մ. Ս.) սեյսմակայունությունը հաշվարկված է 7 բալանոց երկրաշարժի համար, եւ ցանկացած հիմնանորոգում միայն թուլացնում է հիմքերը՝ իջեցնելով ցնցադիմացկունության ցուցանիշը»: Մասնագետի հավաստմամբ, մինչեւ շենքի ձեւափոխումը անհրաժեշտ էր ունենալ փորձաքննություն անցած նախագիծ: Անկախացումից հետո ստեղծվել են նման փորձաքննություն անցկացնելու արտոնագիր ունեցող մի շարք ընկերություններ: «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Ավագյանն ասում է, որ կառուցապատողները նախընտրում են գործ ունենալ փորձաքննություն իրականացնող մասնավոր կառույցների հետ, որովհետեւ վերջիններս առաջարկում են ցածր սակագներ, աչք են փակում նորմատիվային խախտումների առջեւ: Պրն Ավագյանը մեզ տեղեկացրեց, որ 2002թ. ՀՀ կառավարության թիվ 96 որոշմամբ սահմանված է նորմատիվային փաստաթղթերի փաթեթը՝ շենքի հիմքից մինչեւ ջերմաֆիզիկական պայմաններով: Փաստորեն, օրենսդրության առումով, կարծես պակաս տեղ չկա, սակայն շենքի վտանգված սեյսմակայունության ապահովման հարցը մինչ օրս չի լուծվում: Բնակիչները չեն հոգնել դռներ թակելուց: «Կենտրոն» համայնքի թաղապետարանը խորհուրդ է տվել դիմել դատարան: Բնակիչներն այդպես էլ մտադիր են անել: Նույն շենքի նկուղի սեփականատեր Գագիկ Երանոսյանը 2000-ին, հատակի նիշը բարձրացնելու նպատակով, փորել է հիմքերը՝ գրունտային շերտից 60 սմ իջնելով ցած: «Մոսկովյան 8» համատիրության վարչության անդամ Էդուարդ Թումանյանը ասում է. «Քանդողն ինքը հենց ճարտարապետ է, ապօրինությունների դեմ պայքարում էլ ումի՞ց ակնկալենք զորակցություն»: Արձագանքելով շենքի բնակիչների դիմում-բողոքներին՝ եկել են «Հայսեյսմշինից», նայել են «փաստաթղթերը»: Պարզվել է, որ «ճարտարապետի» թղթերում բացակայում են սեյսմիկ եզրակացությունը, համատիրության եւ թաղապետարանի թույլտվությունը: «Մենք էլ սփոփվեցինք խոստումով, որ Գագիկ Երանոսյանը անհապաղ ամրացում է կատարելու»,- պատմում են բնակիչները։ Անցել է 5 տարի, սակայն որեւէ ամրացում դեռեւս չի կատարվել: Բնակիչներն ասացին նաեւ, որ «Մոսկովյան 8» շենքին ավելացված եռահարկ համալիրը համատիրության նախկին նախագահի թողտվությամբ է կատարվել: Իրենք ընդդիմացել են, թույլ չեն տվել, որպեսզի բակ ներխուժած հսկա կռունկը մարդկանց, երեխաների ներկայությամբ աշխատի, սակայն «նախագահը» հայտարարել է, որ միայն ինքն է թույլ տալիս կամ արգելում։ Նա ավելացրել է նաեւ, որ ապօրինության հեղինակը ամենակարող հովանավորներ ունի, ուստի ինքն անզոր է նրա դեմ պայքարելու: ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել