Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում միջազգային իրավունքը ոտնահարվեց և այն մարսվեց աշխարհի ուժային կենտրոնների ու ՀՀ իշխանությունների բացահայտ մանիպուլյատիվ օժանդակության արդյունքում

Նոյեմբեր 12,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

2020թ․ նոյեմբերի 9-ի ՀՀ-ՌԴ-ադրբեջանական եռակողմ կապիտուլյացիոն պայմա­նագիրը հայ ժողովրդի համար կայծակնային էլեկտրաշոկ էր, համահայկական ժողովրդական ուղեղի «ինսուլտ», որը հերթական անգամ պարալիզացրեց, ջարդեց, առանց այդ էլ դարերի դաժան խութերում ջարդված ու ոտնահարված հայ ազգի օրգանիզմը։ Այն ՀՀ իշխանությունների օժանդակությամբ քանդեց ՀՀ պետության պետականության, անվտանգա­յին համակարգի  հիմքերը, գցեց հայ ազգի դիմադրողականությունը, պաշտպա­նա­կան իմունիտետը, պայքարելու ներքին ուժը, կամքը։

Եթե նախորդ  իշխանական թալանի, կոռուպցիոն կառավարման համակարգի (ԿԿՀ) կլան­ները փոշիացրին, վաճառեցին ՀՀ տնտեսության պոտենցիալ հարստությունը, պետա­կանությունն ու ինքնիշխանությունը, ռազմաքաղաքական անվտանգային համակարգը, բանակը, ապա գործող ԿԿՀ իշխանությունները շարունակելով նրանց պետականակործան  ավան­դույթը, ավելի առաջ գնացին և աճուրդի հանեցին ՀՀ պետության տարածքային ամբող­ջականությունը։ Դրանով իսկ մի անգամ ևս հիմնավորելով, որ ՀՀ ոչ մի սահմանադրություն երբեք չի գործել ու չի գործում։ 36 տարի անընդմեջ հոդված 1-ը բացարձակորեն զրոյական արժեք  ունի, քանի որ ՀՀ պետությունը աներկբայորեն ոչ իրավական է, ոչ ինքնիշխան, ոչ անկախ և ոչ էլ սոցիա­լական։

2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ, ՀՀ-ի համար կապիտուլյացիոն պայմանագիր կնքելը, բացար­ձակ օբյեկտիվ անհրաժեշտություն չէր, այլ նախապես ծրագրավորված քաղաքական խարդավանք, միջազգային պայմանավորված ավանտյուրա։ Շուշիի հանձնումը բոլորովին էլ չէր նշանակում կապիտուլյացիա, դա միայն պատերազմի առաջին էտապն էր և կապիտուլացման ոչ մի հիմք, անհրաժեշտություն չկար։ Պետք էր մասամբ էվակուացված Ստեփանա­կերտը լիովին էվակուացվեր, Փաշինյանի կողմից թմբկահարված 25 հազարանոց բանակը (որը երբեմն նրա կողմից հնչում էր 30 կամ 35․000) հետ քաշվեր Արցախ-ՀՀ սահմանային միջանկյալ լեռնային գոտին։ Մյուս ռազմական տեղամասերի անկազմակերպ, նահանջող ջոկատների փշրանքները, թիկունքի կանոնավոր բանակը, կամավորական ջոկատները ևս պետք է միավորվեին ու խրամատավորվեին Արցախ-ՀՀ լեռնային գոտիներում և ստեղծվեր բնության հետ սերտաճված ամուր պաշտպանական ամրոց։ «Մենք ենք ու մեր սարերի» տված լրացուցիչ կենսունակ ուժը կամք ու կորով կներարկեր հայ զինվորին և հավատացեք՝ օձն իր պորտով, հավքն իր թևով  չէր կարող ճեղքել այդ ամրոցը։ Նույնիսկ թուրքական հատուկ ջոկատայինները, «յաշման» ընդունակ չէին մեր լեռներում կռվել Հայ բանակի դեմ, էլ չեմ խոսում ադրբեջանական բանակի մասին, որը չուներ լեռներում կռվելու փորձառություն։ Աշխարհի առաջադեմ ուժերը բավականին իներտ էին իրենց դրսևորումների մեջ և եթե հայ ժողովուրդը դրսևորեր պատշաճ դիմադրություն, հա­մա­ռություն, ինչպես արեցին Ուկրաինան, Իրանը, ապա աշխարհակենտրոն ուժերը կվե­րանայեին իրենց շահերից ելած անազնիվ դիրքորոշումը և կկանգնեին միջազգային իրա­վունքի ուժի կրող Արցախի կողքին։ 100 տարի առաջ հայ ժողովուրդը ուներ Նժդեհ, ով փրկեց Սյունիքը, իսկ 2020թ.-ին մենք ունեինք Նիկոլ, ով հանձնեց Արցախը, ընդառաջ գնալով միջազգային ուժերի շահերին և թուրք-ադրբեջանական ճնշումներին։

Այսօր միջազգային իրավունքի բոլոր գործիքակազմը առկա է դատապարտելու համար Ադրբեջանին և դատելու համար հանցագործ Ալիևին (Հաագայի դատարանում)։ Հայկական կողմը ունի բավարար ծավալով փաստագրական բազա։ Հայ ժո­ղովրդին այսօր, ավելի քան երբևէ, օդի և ջրի պես անհրաժեշտ է, առանձնապես իրավական դաշ­տում, հաղթական մի հզոր  ռեաբիլիտացիոն իմպուլս, իր մեջքը շտկելու, հույս ու հավատը վերա­կանգնելու հա­մար։ Այդ հզոր ռեաբիլիտացիոն իմպուլսը կարող է դառնալ Ալիևի նկատմամբ միջազ­գային դատարանի վճիռը, որը կախված է  ՀՀ իշխա­նություններից, փաստացի Փաշինյանի անսկզբունք կամքից։ Վերջինս այսօր դարձել է Ալիևի տե­ղա­պահը, փաստաբանը և ամեն կերպ ցանկանում է կոծկել Ալիևի ակնհայտ հան­ցագործությունները և դա շատ ավելի ծանր ու սարսափելի հանցա­գործություն է սեփական ժողովրդի նկատմամբ, քան Ալիևի կատարած հանցագործությունները։

Փաշինյանն իր ազգադավ գործունեության հետագիծը կոծկելու համար, ցանկանում է ջնջել մի ամբողջ ազգի պատմական հիշողությունը, անցյալը, ստեղծել 0-ական «իրական Հայաստան», որի ջնջված հիշողության ֆոնին իր կատարած հանցագործությունները կզրոյացվեն։ Պարադոքսը, դրության կոմիզմը կայանում է նրանում, որ հզոր ինտե­լեկտուալ կարո­ղություն կրող հայ ազգը իր ճակատագիրը վստահել է  մի պարզունակ դատո­ղու­թյամբ, ոչ ադեկվատ այս մարդուն։

Արձանագրենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, 27․06․2023 թվին Ար­ցախ­յան պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի հարց ու պատաս­խան­նե­րի ժամանակ,  «ըստ ՀՀ հետախուզության գնահատականների և միջազգային կոլեգաների հետ ունեցած կոնտակտներից արված եզրակացությունների, պատերազմ լինելու հավանականությունը 25․09․2020թ․ կազմում էր 30 %»։ Կփորձեմ մեկնաբանել այս անհեթեթությունը։

25․09․2020թ․ Ադրբեջանի նախագահ Ալիևի հոգին խաղաղ էր ու նրա տրա­մադրու­թյու­նը փչանալու չափը այդ օրը կազմում էր 30%։ Եկավ այդ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը, կտրուկ ալեկոծվեց նրա հայատյաց հոգին և այդ օրը հստակ որոշեց 100%-ով պա­­տերազմ սկսել ՀՀ-ի դեմ։ Փաշինյանի «պատերազմ լինելու հավանականությունը 25․09․2020թ․ կազմում էր 30% արտա­հայտության հստակ պատասխանը տվել է ՊՆ-ի շտաբի նախկին պետ, գեներալ Օնիկ Գասպարյանը, իր պատասխան հրա­պա­րա­կում­նե­րով։ Ըստ Գասպարյանի հրա­պա­րա­կում­ների, 2020թ․ հուլիսի 4-ից սկսված անձամբ, թե գրավոր, թե բանավոր դիմել է Փաշինյանին, պա­տերազմի անխուսափելիության և մեր  պատ­րաստ­վածության վերաբերյալ…

Փաշինյանը, հիմնվելով իր իսկ 0 արդյունավետությամբ գործող հետախուզության վրա, վարչա­պետին ոչ պատեհ եզրակացություններ է անում։

Եթե մեր հետախուզությունն աշխատեր, ապա պա­տե­րազմի սկսվելուց ամիսներ առաջ  կգնային Արցախի սահմանային գոտում ապրող գյուղերի չոբաններից ու երեխաներից կհարցնեին և կիմանային, թե նրանց աչքի առաջ ինչպիսի թշնամու ծանր ռազմական տեխ­նիկայի ու զինամիավորումների ահասարսուռ կուտակումներ են ձևավորվում։

Դիցուք, ՀՀ հետախուզությունը, շատ չէ՝ մի 60-65% սխալվել է, բայց Ձեր պարազի­տացված աշխատակազմում մի խելքը գլխին խորհրդական  չկա՞ր, որ մի քիչ մաթեմատիկայից լավ լիներ, որ Ձեզ գլխի գցեր, որ 30% պատերազմի հավանականությունը, պատերազմից 2 օր առաջ, դա պրակտիկորեն անհավանական հավանականություն է, որովհետև դեռևս 2010թ.-ից սկսած Ադրբեջանը բացահայտ սկսել էր իր  ինտենսիվ միլիտարի­զաց­ման ծրագրերի գոր­ծարկումը։

Պարոն Փաշինյանի միջազգային գործընկերների կոնտակտների արդյունքները չեն կարող բավարար հավաստի ինֆորմացիոն պաշար ձևավորեին պատերազմի սկսելու վերաբերյալ հստակ եզրակա­ցու­թյուններ անելու համար։ Իհարկե, պաշտոնական ճաշ­­կերույթների ժամանակ նույնիսկ կենացների ու զրույցների տողատակերից բա­նիմաց ղեկավարը կարող է քա­ղել անհրաժեշտ ինֆորմացիա, խրթին դիպ­լո­մատիկ ասված խոսքից կարողանար տարանջատել բովանդակությունը և ոչ թե բնազդաբար կուշտ փո­րով հաց ուտելուն հագուրդ տար։

Արդյունքում, կարող ենք փաստել, որ հայ ժողովուրդը աշխարհին ապացուցեց, թե ինչպես կարող է անկառավարելի, անկազմակերպ, անգլուխ բանակը, անգրագետ գեներալների ու չինովնիկների գլխա­վո­րությամբ, հիմնվելով միայն ու միայն զինվորի հայրենա­սի­րական կամքի ու ոգու վրա, հերո­սաբար դիմադրեց ՆԱՏՕ-ի 2-րդ հզոր բանակի ան­մի­ջական օժանդակությամբ ու հրամա­նատարությամբ կռվող, ռազմական պոտենցիալով մինիմում 5 անգամ հզոր ադրբեջանական բանակի դեմ, 44 օր շարունակ։

Հրայր Խառատյան

Տեխնիկական գիտ․ թեկնածու, կառավարման տեսության մասնագետ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել