Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Ապրիլ 05,2005 00:00

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՍՏՈՐԱԴԱՍԵԼԻ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՆ ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ՀՀԿ-ի հիմնադրման 15-ամյակի առթիվ Հարգելի կուսակցական ընկերներ, հարգարժան հյուրեր, ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 15 -ամյակի առթիվ: Այսօր՝ մեզ համար այս հիշարժան օրը, մենք, հիրավի, շատ բան ունենք հիշելու, գնահատելու, վերլուծելու եւ հետագայի համար նախանշելու: Անկասկած, 15 տարին քաղաքական որեւէ ուժի համար այնքան էլ մեծ ժամանակահատված չէ գաղափարական ու նպատակային խնդիրներում վերջնական արդյունքների հասնելու մասին խոսելու, սակայն, կարծում եմ, բավարար ժամանակահատված է՝ այդ ընթացքում արվածն ամփոփելու եւ անցած ուղին արժեւորելու, ապագային ուղղված մեր ծրագրերի մասին վերստին խոսելու համար: Հանրապետական կուսակցության գործունեությունը՝ պատմական տեսանկյունից անգամ այս կարճ ժամանակահատվածում, երբեք աննկատ չի եղել: Մենք մշտապես գտնվել ենք մեր պետության համար կարեւորագույն իրադարձությունների կիզակետում, մեր անմիջական, նաեւ վճռորոշ դերն ունեցել առանցքային խնդիրների լուծման գործում: Սա մեր քաղաքական, նաեւ քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է եղել, մեր սկզբունքային մոտեցումը, որ Հանրապետականն իրավունք չունի պետության համար դժվարին ու բախտորոշ պահերին կողքի քաշվել: Մենք երջանիկ ենք, որ ապրում ենք պատմական այնպիսի մի ժամանակահատվածում, երբ մեր սերնդին վիճակված է անկախ պետության համար պայքարում հաղթանակելուց հետո՝ պետականաշինության սուրբ գործին լծվել: Եվ մենք այդ նպատակի համար անվերապահ ներդրել ենք մեր ուժերը, մեր հնարավորությունները: Գոնե մեզ համար ազատությունն ու անկախությունը այնպիսի բացարձակ արժեքներ են, հանուն որոնց մեր ընկերները իրենց կյանքն են զոհաբերել, հանուն որոնց այստեղ գտնվող մեր կուսակից ընկերներից շատերը տառապալից ճանապարհ են անցել եւ վաթսունականներին, եւ արցախյան պատերազմի տարիներին: Ընդամենը մի քանի օր առաջ մենք նշեցինք այդպիսի մի նվիրյալի՝ մեր գաղափարական ընկերոջ, կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 55 -ամյակը: Հանրապետական կուսակցությունը հիմնադրվեց դժվարին ժամանակներում, մեր անկախության հռչակումից կարճ ժամանակ անց, եւ ազգային բանակի հիմնումից հետո, որում, ի դեպ, անմիջական էր կուսակցության մասնակցությունը, «Անկախության բանակի» մեր տղաների ներդրումը, հստակ հայտարարեց քաղաքական գործունեության անցնելու անհրաժեշտության մասին: Հիմնադրումից մոտ մեկ տարի հետո ՝ 1991թ. մայիսի 14-ին, կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց, դառնալով նորանկախ Հայաստանի առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Հանրապետականի համար սկսվում էր նոր շրջան՝ ազգային պետության կայացման, ազգային արժեքների արմատավորման, պետության քաղաքացու ձեւավորման, եւ մենք հայտարարեցինք, որ ՀՀԿ աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի եւ Հայրենիքի հավիտենականության գաղափարներից. « Հայ ազգի գերագույն նպատակը հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման ռազմավարական ու մարտավարական խնդիրների լուծման հիմքը ազգային գաղափարախոսությունն է, որը կառուցվում է ազգային շահերի, առաքինությունների, պատմամշակութային փորձի ու կարողությունների զուգակցումով, ազգային եւ համամարդկային արժեքների համադրմամբ»: Անցած տարիների ընթացքում մենք գործել ենք այս հիմնադրույթներից ելնելով: Մեզ համար կուսակցական շահը մշտապես ստորադասելի է եղել պետական շահին, եւ մենք ՝ պետության համար դժվարին իրավիճակներում, կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ ու գեղեցիկ խոսքերի փոխարեն գործով ապացուցել, որ կուսակցությունն, այո, ընդամենը գործիք է ազգի խնդիրները լուծելու համար: Քաջ գիտակցելով այն բոլոր մարտահրավերները, եւ ներքին, եւ արտաքին, որոնք կային 15 տարի առաջ եւ այսօր էլ կան՝ մեր պետությանը նետված, այն բոլոր դժվարությունները՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, որոնք տարբեր տարիների եւ տարբեր չափով ծառացել են մեր ժողովրդի առաջ, Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել այդ վտանգները հնարավորինս նվազեցնելու, չեզոքացնելու, մեր պետության անկախության երթը անխափան շարունակելու հրամայականի գիտակցման դիրքերից: Հիշենք, թե ինչպես կուսակցությունը անկախության հռչակման առաջին օրվանից կանգնեց ազգային բանակի ստեղծման եւ կայացման դիրքերում: Երբ կազմավորվում էր ազգային բանակը, Գերագույն խորհրդի ձեւավորումից 2 օր հետո ՀՀԿ խորհուրդը կոչ արեց այդ ժամանակ գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին, ռազմական միավորումներին եւ ջոկատներին միավորվել եւ ենթարկվել ազգային իշխանությանը: Հանրապետական կուսակցությունը առաջին օրինակը ցույց տվեց եւ դարձավ Ազգային բանակի ձեւավորման առաջամարտիկը: «Հռչակագրում» ամրագրելով, որ կուսակցությունն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում իր վրա վերցնել օտար ոտնձգություններից Հայրենիքի պաշտպանության գործը՝ «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը, ապա ՀՀԿ անդամներից բաղկացած ջոկատները ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի սահմանների պաշտպանության եւ արցախահայության անվտանգության ու անկախության համար մղվող պայքարին: Այդ ջոկատները կռվեցին Երասխավանում, Նոյեմբերյանում, Կրասնոսելսկում, հանրապետության այլ շրջաններում, ԼՂՀ-ում՝ մասնակցեցին Շուշիի ազատագրմանը, Մարտունու, Մարտակերտի, Լաչինի համար մղվող մարտերին: Ազատամարտի շրջանում ՀՀԿ-ն կամավորական ջոկատների համար կազմակերպեց նաեւ ռազմական դասընթացներ, ուսումնական զինվորական հավաքներ: Այն, որ Հանրապետականը մշտապես հանդես է եկել երկրում կայունության ապահովման եւ պետության առաջ ծանրացած խնդիրները քաղաքական ուժերի հետ միասնաբար լուծելու նախաձեռնությամբ, փաստում է նաեւ ակտիվ միջկուսակցական կապերի, տարբեր քաղաքական դաշինքների ստեղծման մեր պատմությունը: Դեռեւս 1990թ. Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, եւ չնայած պետական կառավարման մարմիններում մեր ոչ բավարար ներկայացվածությանը, Հանրապետականը հանդես էր գալիս կարեւոր նախաձեռնություններով: Այսպես, 1992-ին կուսակցությունը՝ Արցախում իրավիճակի վատթարացման կապակցությամբ կազմավորված «Ազգային դաշինքի» հիմնադիրներից մեկն էր: Կուսակցությունն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաեւ ՀՀ Սահմանադրության մշակման եւ ընդունման գործընթացին: 1993թ. մասնակցեց Քաղաքացիական համաձայնության Սահմանադրության խորհրդի ստեղծմանը, որը 1994 թ. գարնանը ավարտեց Սահմանադրության նախագծի մշակումը եւ այն ներկայացրեց ՀՀ Գերագույն խորհրդի քննարկմանը: 1995 թ. հունվարին ՀՀԿ մասնակցությամբ ստեղծվեց «Հանրապետություն» նախընտրական միավորումը, որի արդյունքում նույն թվականին ընտրված ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովում ներկայացվեց 4, իսկ 1997թ.՝ 5 պատգամավորով, որոնք ընդգրկված լինելով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում՝ ակտիվ գործունեություն էին ծավալում խորհրդարանում: 1998թ. փետրվարին՝ Արցախի հարցի լուծման ուղու վերաբերյալ ունենալով միանգամայն այլ մոտեցում եւ այս հարցը իր համար համարելով անչափ սկզբունքային, ՀՀԿ-ն դուրս եկավ «Հանրապետություն» միավորման կազմից: 1998թ. հուլիսի 20-ին Հանրապետական կուսակցությունը, Երկրապահ կամավորականների միությունը եւ Ազգային ժողովի «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան քաղաքական համախմբման վերաբերյալ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ-ի շրջանակներում համատեղ գործունեություն ծավալելու գործընթացներին: Կուսակցությունը համալրվեց Ազգային ժողովի «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամներով: «Երկրապահ» պատգամավորական խմբի 50-ից ավելի պատգամավորներ դարձան Հանրապետական կուսակցության անդամ: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը: Մենք ունեինք պետության առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ դիրքորոշումների, գաղափարական ակունքների ընդհանրություն, երկարամյա համագործակցության փորձ: Մեր միասնության մեջ հիմնական դեր է խաղացել այն, ինչի համար միասին ելել ենք պայքարի՝ պետության ստեղծում եւ ամրապնդում, Արցախի խնդրի լուծում, բանակի ստեղծում, հզորացում, ժողովրդավարության ամրապնդում, տնտեսական բարեփոխումներ, միջազգային հանրության կողմից Հայաստան պետության նկատմամբ վստահության ամրապնդում, տարածաշրջանի քաղաքական, տնտեսական գործընթացներին ակտիվ մասնակցություն: 1999թ. երկրոդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության հետ ստեղծած «Միասնություն» նախընտրական դաշինքով: Արդյունքում խորհրդարանում ՀՀԿ-ն ներկայացված էր ամենամեծ թվով (երեք տասնյակ) պատգամավորներով: Գործելով խորհրդարանական մեծամասնության «Միասնություն» խմբակցության կազմում՝ մենք առաջին անգամ հնարավորություն ստացանք մասնակցելու կառավարության ձեւավորմանը: Վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1999թ. հոտեմբերի 27- ողբերգական իրադարձություններից հետո, ներքաղաքական բավականին բարդ ու լարված պայմաններում կառավարությունը ղեկավարեց դարձյալ ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ տեղի ունեցած քաղաքական վերադասավորումների արդյունքում՝ 2000թ. մայիսի 12-ին, ես նշանակվեցի վարչապետ, իսկ ՀՀԿ-ն մնաց կառավարության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն ստանձնած միակ կուսակցությունը: Մեր կուսակցության պատասխանատվությամբ գործող կառավարությանը մինչեւ 2003 թ. խորհրդարանական ընտրությունները հաջողվեց երկրում ոչ միայն կասեցնել տնտեսական անկումը, այլեւ լուրջ առաջընթաց ապահովել՝ տարեցտարի արձանագրելով տնտեսական աճ, աստիճանաբար մարելով պետության կուտակած միլիարդների հասնող պարտքը, զուգահեռաբար հասնելով բյուջեից ընթացիկ կանոնավոր վճարումների իրականացմանը: Այդ ընթացքում հիմք դրվեցին նաեւ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին: Մենք նույնքան ակտիվ մասնակցեցինք 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքում ընտրվեց հանրապետության նախագահի այն թեկնածուն, որին պաշտպանում էինք նաեւ մենք, իսկ խորհրդարանում Հանրապետական պատգամավորների թիվն ավելի մեծացավ՝ հասնելով 44-ի: Անչափ կարեւորելով տեղական ինքնակառավարման ինստիտուտի դերը, մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել նաեւ ՏԻՄ ընտրություններում: Ընտրություններից հետո հանրապետության քաղաքական կյանքում ներդրվեց քաղաքական համագործակցության եւ կառավարման նոր մշակույթ. խորհրդարանական երեք կուսակցություններ՝ Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կազմեցին կոալիցիա եւ համատեղ պատասխանատվություն ստանձնեցին օրենսդիր եւ գործադիր իշխանության համար: Կոալիցիան իր կենսունակությունն ապացուցել է, չնայած դժվարություններին, որոնք ժամանակի ընթացքում հաղթահարվում են, որոշակի հարցերի շուրջ եղած անհամաձայնությունները, համատեղ քննարկումներից հետո՝ հստակեցվում: Կան որոշ սկզբունքային հարցեր, որոնք խորհրդակցությունների առիթ են դառնում: Չլուծվող հարցեր չկան: Հարկավոր է միայն անձնական կամ կուսակցական հավակնությունները մի կողմ դնել՝ հանուն ընդհանուր գործի: Հույս ունեմ՝ մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը կոալիցիան իր առաքելությունը կկատարի: Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մեր գործունեության ամբողջ ընթացքում, թե ընդդիմություն եղած շրջանում, թե իշխանության մեջ լինելով, առհասարակ մենք կողմ ենք եղել քաղաքական ուժերի փոխադարձ հանդուրժողականությանն ու պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերում համագործակցությանը: Ես ուրախ եմ, որ մեր քաղաքական դաշտում խոհեմ ու շրջահայաց քաղաքական ուժերը մինչ այժմ տիրապետող են եղել եւ պետք է խոստովանել, որ եթե անկախացումից ի վեր մեր պետությունը կործանարար ցնցումների չի ենթարկվել ու կարողացել է ամենաբարդ իրավիճակներից դուրս գալ նվազագույն կորուստներով, ապա նաեւ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերի արժանիքն է: Սա հաճոյախոսություն չէ, ինչպես ոմանք կարող են թյուրիմացաբար ընկալել, այլ պարզ իրողություն, քանի որ որեւէ իշխանություն, որքան էլ նա ուժեղ եւ կազմակերպված լինի, ակնհայտ է, որ չի հաջողի միայնակ դիմակայել վտանգները: Այս ընթացքում մեզ հաճախ են հարցրել՝ ինչպե՞ս է Հանրապետականին հաջողվում հարաբերություններ պահպանել ընդդիմության հետ՝ լինելով իշխանական կուսակցություն: Դրա պատճառները մի քանիսն են. առաջինը՝ լինելով Հայաստանի անկախության ստեղծման ակունքներում, Հանրապետական կուսակցությունը դեռ այդ տարիներին սերտորեն համագործակցել է նույն ժամանակահատվածում ձեւավորված քաղաքական մի շարք ուժերի հետ, պայքարել բոլորիս հուզող համազգային խնդիրների լուծման համար: Պատերազմի դաշտում մենք եղել ենք զինակիցներ, քաղաքական դաշտում արդեն ընդամենը մրցակիցներ ենք, բայց ոչ երբեք թշնամիներ: Երկրորդը՝ իշխանության մեջ լինելով, մենք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հարաբերվել ենք արժանապատվորեն. երբեք մեզ թույլ չենք տվել կիսաընդդիմադիր կեցվածքներ ընդունելով սրան կամ նրան դուր գալ, անհարկի պոպուլիզմով ու դատարկախոսությամբ չենք զբաղվել, այլ հստակ ասել ենք, որ իբրեւ իշխանություն՝ մենք այսպես ենք կարծում, մեր քաղաքականությունն այսպիսին է, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ: Մենք, միաժամանակ, կարողացել ենք գտնել այն ընդհանուր եզրերը, որոնք համագործակցության հնարավորություն են ստեղծել եւ փոխադարձ հետաքրքրության դաշտում են եղել: Դրանք նեղ կուսակցական շրջանակներից դուրս են եղել, եւ այդ իսկ պատճառով համագործակցությունը կայացել է: Կարող եմ բերել այլ պատճառներ եւս: Ես հուսով եմ, նույնիսկ՝ վստահ, որ այսօր էլ ընդդիմությունն ու իշխանությունը նույնքան շրջահայաց կլինեն, որպեսզի մեր 15-ամյա պետությունը չտանեն կործանման՝ տարբեր տերությունների եւ կասկածելի ուժերի զանազան հավակնությունները բավարարելու, նրանց քաղաքական հեռահար նպատակները, որոնք ակնհայտորեն չեն բխում մեր ազգային շահերից, իրականություն դարձնելու համար: Մենք իրավունք չունենք անզգույշ վերաբերվել մեր ընկերների կյանքն արժեցած ամենամեծ ձեռքբերմանը՝ անկախությանը: Իներցիոն գործելաոճը, այլոց օրինակով գայթակղվելն ու հեղափոխության, իսկ իրականում՝ հեղաշրջման կոչեր անելուց առաջ անհրաժեշտ է մի պահ սթափ վերլուծել եւ համեմատել մեր եւ այլոց ազգային խնդիրները, աշխարհագրական դիրքը, մարտահրավերներն ու վտանգները: Այն, ինչ նրանց համար կարող է ընդամենը ֆինանսական կորուստներ կամ առավելագույնը մի քանի մարդկանց կյանք արժենալ, մեզ համար կարող է շատ ավելի անդառնալի հետեւանքներ ունենալ: Այդ խաղերի մեջ մենք կարող ենք ընդհուպ կորցնել մեր պետությունը: Արժե՞ արդյոք բացատրել, թե ինչպես դա կարող է լինել: Կարծում եմ, վերլուծության ունակ ցանկացած քաղաքական ուժի եւ անհատի համար միանգամայն պարզ է: Ընդդիմություն-իշխանություն բնական, անգամ անհրաժեշտ պայքարի ձեւեր շատ կան, որոնք ստիպում են իշխանությանը մշտապես զգոն լինել եւ սեփական ծրագրի իրագործման համար առավելագույն ջանքեր գործադրել: Հակառակն անելը նշանակում է՝ հերթական անգամ մեր պետության տխուր էջերին վերադառնալ, վերստին սեփական ձեռքերով օտարի առաջ բացել մեր դարպասները՝ մանր շահերով առաջնորդվելով: Հանրապետական կուսակցությունը, ինչպես մինչեւ այժմ է եղել, շարունակելու է ամուր կանգնած մնալ կայունության պահպանման, մեր ազգային անվտանգության ապահովման դիրքերում: Ես զարմանում եմ, թե այսօր որքան հանգիստ է հնչում եւ քաղաքական որոշ ուժերի չի էլ վիրավորում այս կամ այն կողմնորոշման վերաբերյալ իրենց արվող հարցադրումները՝ արեւմտամե՞տ եք, ռուսամե՞տ, թե՞ այլ մի կողմնորոշման: Ջանասիրաբար պատասխանում են, ընտրելով այդ կողմնորոշումներից որեւէ մեկը եւ փորձում հիմնավորել, թե ինչու: Առավել զավեշտական է, երբ համադրում ես նույն այդ անհատի կամ կուսակցության ավելի վաղ շրջանում նույնպիսի համոզվածությամբ հակառակ կողմնորոշման մասին արված հայտարարությունները այսօրվա ասածներին: Ես ուրախ եմ, որ Հանրապետական կուսակցությունն իր գործունեությամբ անցած 15 տարիների ընթացքում չի արժանացել օտար պետության անվան հավելումով կազմված այսինչմետ կամ այնինչմետ բնորոշմանը: Որեւէ պետության շահը չի կարող ավելի նախապատվելի եւ գերակա լինել, քան քո սեփական պետությանը, որքան էլ նա ավելի հզոր լինի եւ որքան էլ նրա նյութական ռեսուրսները գայթակղիչ լինեն: Մեզ համար գոյություն ունեն այլ արժեքներ, որոնցով առաջնորդվել ենք այս 15 տարիներին եւ դրանից շատ առաջ: Մենք պարտավոր ենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցել այլ պետությունների հետ մեր շահերի ու նպատակների համընկնելիության հիման վրա՝ երբեւէ այն չհակադրելով մեկ այլ պետության շահերին: Կյանքը ցույց է տվել, որ դա արդարացված է, եւ այս մոտեցման շնորհիվ մենք հաջողություններ ունեցել ենք: Այսօրվա բարդ ու հակասական աշխարհում գրեթե ամեն օր մեզնից յուրաքանչյուրը համոզվում է, որ չկան հավերժական բարեկամներ ու թշնամիներ: Հանրապետական կուսակցությունը համաշխարհային ինտեգրման պրոցեսներում մեր պետության տեղը եւ դերը տեսել եւ տեսնում է ժողովրդավարական հիմունքների վրա քաղաքացիական հասարակության ձեւավորման, միջազգային հանրությանը բնականոն ինտեգրման եւ Հայաստանի դերի մեծացման, այլ երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի զարգացման համատեքստում: Կուսակցությունը, ելնելով իր գաղափարախոսական հիմնադրույթներից, մշտապես եղել է այսօր մեր պետության համար չափազանց կարեւոր արցախյան խնդրի հայանպաստ կարգավորումը ռազմավարական նշանակության հարց համարող ուժերի շարքում եւ իր գործողություններով, հայտարարություններով անհրաժեշտ պահին արձագանքել այդ հիմնահարցի շուրջ ընթացող քաղաքական գործընթացներին: Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ. այն է՝ ԼՂՀ-ն չպետք է լինի Ադրբեջանի ենթակայության ներքո, պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության անվտանգությունը, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, ԼՂՀ հարցի կարգավորումը չպետք է տեղի ունենա ՀՀ սահմանների փոփոխման հաշվին, հարցի խաղաղ կարգավորման գործընթացում ԼՂՀ-ն պետք է հանդես գա որպես բանակցային կողմ: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, արդարացի այդ հինգ սկզբունքների վրա հիմնված լուծման գլխավոր երաշխիքը Հայաստանի Հանրապետության զարգացումն ու ներքին ամուր կայունությունն է: Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարության հետագա զարգացման ճանապարհ ունենք անցնելու: Անհրաժեշտ է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը, որն այժմ արվում է, հստակեցնել ենթաօրենսդրական ակտերը, մեծացնել պատասխանատվությունը ընտրական գործընթացը կազմակերպողների համար: Այդ գործընթացը կազմակերպում են իշխանությունները, իսկ բուն ընթացքը՝ հանձնաժողովները, որոնք բազմակուսակցական են: Ցանկացած ընտրություններից հետո լինում են դժգոհողներ արդյունքից: Բոլորիս խնդիրը պետք է լինի գործել այնպես, որ գործընթացից դժգոհողներ չլինեն, բոլորը հավասար պայմաններ ունենան, պահպանվեն օրենքի տառն ու ոգին: Սրանով է պայմանավորված լինելու ժողովրդի վտահությունն ընտրությունների, հաղթողների, իշխանությունների եւ ժողովրդավարության առաջընթացի նկատմամբ: Հանրապետականի համար կարեւորը այս մոտեցումներն են, այլ ոչ թե ցանկացած ձեւով, մեթոդով իր թեկնածուի հաղթանակն ապահովելը: Ցավալին այն է, որ ընտրությունից հետո բոլորը բոլորին մեղադրում են անօրինականությունների մեջ, դեռ ավելին՝ սկսում են դրսից ուժեր հրավիրել, ուռճացնել եղածը, մեր երկրի ներքին խնդիրները միջազգայնացնել՝ հնարավորություն տալով արտաքին ուժերին օգտագործել այս հանգամանքը իրենց խնդիրները լուծելու համար, որոնք մեծ մասամբ չեն համընկնում մեր շահերին: Մենք չենք ասում, թե այստեղ խնդիրներ չկան, ավելին, ասում ենք՝ ունենք որոշակի մտահոգություններ: Բայց կարծում ենք, որ մեր խնդիրները համատեղ ուժերով մենք պետք է լուծենք: Քաղաքական խնդիրներից բացի, այսօր մենք բազմաթիվ անելիքներ ունենք սոցիալական ու տնտեսական դաշտում: Այն ձեռքբերումները, որ վերջին տարիներին արձանագրվել է տնտեսության մեջ, մեզ թույլ են տվել զգալի դրական տեղաշարժեր կատարել մի շարք ոլորտներում: Կառավարությունը, որդեգրելով համակարգված ծրագրային քաղաքականության սկզբունքը, կազմել եւ վերջին տարիներին իրագործում է ռազմավարական երկարաժամկետ՝ Աղքատության հաղթահարման, ինչպես նաեւ պետական բյուջեի համար յուրաքանչյուր տարի հիմք հանդիսացող կարճաժամկետ ու միջնաժամկետ ծախսերի ծրագրերը, Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը: Այս բոլոր ուղղություններով մեզ դեռեւս մեծածավալ աշխատանք է սպասվում: Քաջ գիտակցելով պետության հիմքերը խարխլող այնպիսի երեւույթների վտանգավորությունը, ինչպիսիք են տնտեսության ստվերայնությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, աղքատությունը, մենք միաժամանակ պատկերացնում ենք մեր անելիքներն ու վճռական ենք այդ երեւույթների դեմ պայքարելը շարունակելու, դրան միտված մեր ծրագրերն իրագործելու հարցում՝ փորձելով համախմբել այս հարցում իսկապես շահագրգիռ բոլոր ուժերին: Ինչո՞ւ եմ այստեղ ընդգծում «իսկապես» բառը, քանի որ, ցավոք, այսօր տեղից վերկացողը հանկարծ որոշում է դեմքին լուրջ արտահայտություն տալով եւ քննադատական կեցվածք ընդունելով խոսել կոռուպցիայից, հովանավորչությունից եւ նմանատիպ այլ թեմաներից՝ լոզունգային ու դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չանցնելով: Թվում է, թե ամբիոն գրկելն ու հատկապես այս թեմաներով խոսելն արդեն մեծ հերոսություն է: Մեր կուսակցության համար այսօրինակ դրսեւորումները, այսպիսի գործելաոճը ոչ միայն ընդունելի չէ, այլ նաեւ դատապարտելի է: Մենք մեր կենսագրությամբ ու գործունեությամբ ապացուցել ենք, որ Հանրապետականը գործի կուսակցություն է եւ չի տառապում «ամբոխահաճություն» կոչվող վտանգավոր հիվանդությամբ: Մենք՝ խնդիրները հանգամանորեն ուսումնասիրելով, դրանք ծնող պատճառները բացահայտելով, փորձել ենք բոլոր շահագրգիռ հասարակական ու քաղաքական կարող ուժերի հետ այս ընթացքում լայն քննարկումներ նախաձեռնել եւ դրա արդյունքում մշակել կատարվելիք անհրաժեշտ աշխատանքների ծրագրերը, ժամանակացույց սահմանել եւ սկզբի համար թեկուզ դժվարությամբ, բայց առաջ շարժվել: Այս ճանապարհով են ընթացել կոալիցիան եւ կառավարությունը: Որոշակի հաջողություններ արդեն ունենք, եւ ստվերայնության դեմ պայքարում ու պետական բյուջեի մուտքերի շարունակական ավելացման, եւ աղքատության նվազեցման առումով: Մեզ եւս, իբրեւ քաղաքական ուժի, դեռեւս շատ բան չի բավարարում, շատ բան է մտահոգում, բայց օրումեջ բոցաշունչ ելույթներ ունենալու եւ «պետք է այս անել», «պետք է այն անել» անդեմ հայտարարություններով հանդես գալու փոխարեն, որն իրականում գործի պատասխանատվությունը քո վրայից սահուն տեղափոխելու տգեղ հնարք է, մեզ երբեք չի գայթակղել, ավելին՝ հերթական անգամ հասկացնել է տվել, որ իրավունք չունենք պատասխանատվությունից խուսափելու, եւ, այո, մեր պետության, իշխանության, եւ լավի, եւ վատի համար նաեւ մենք ենք պատասխանատու: Ի դեպ, մենք այսկերպ էինք մտածում նաեւ այն ժամանակ, երբ ընդդիմություն էինք ու պետական կառավարման համակարգում լծակներ չունեինք, ինչը, սակայն, մեզ չի խանգարել պետության մեջ եղած խնդիրները մերը համարելու եւ այդ պատասխանատվությամբ խնդրին մոտենալու: Կցանկանայի այստեղ անդրադառնալ մեկ կարեւոր հարցի եւս, որը պակաս մտահոգիչ չէ. խոսքը պետական կառավարման համակարգը անհարկի կուսակցականացնելու մասին է: Խիստ անհրաժեշտ համարելով կառավարությունը քաղաքական մարմին դիտարկելու մոտեցումը, որը քաղաքակիրթ աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է, միաժամանակ, չեմ կարող չնշել, որ պետության համար անչափ վտանգավոր կարող է լինել այս մոտեցման ձեւախեղումը: Ցանկալի է, որ իշխանական կուսակցություններն իրենց կադրերով իրացնեն ստանձնած պատասխանատվությունը, բայց, եթե մասնագիտական առումով հնարավորությունները լիարժեք չեն բավարարում, պնդելը, թե սեփական կուսակցության ներկայացուցիչը միայն կարող է զբաղեցնել տվյալ պաշտոնը, կամ ինչ-որ ձեւերով պարտադրել այդ պաշտոնի համար մեկ օրում կուսակցական դառնալ, կարծում եմ լուրջ հարված է եւ պետականաշինության հիմքերին, եւ քաղաքական համակարգին, որը գաղափարազուրկ պատեհապաշտների հաշվին չի կարող կայանալ, էլ չեմ խոսում զարգացման մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե անցած տարիներին Հանրապետական կուսակցությունը, որ ամենամեծ հնարավորություններն ուներ այդկերպ վարվելու, որոշեր ամբողջ գործադիր իշխանությունը սեփական կուսակիցներով լցնել, անկախ այն հանգամանքից, թե նրանք տվյալ գործի մասնագետն են, թե ոչ: Այս հարցում մենք փորձելու ենք հետեւողական լինել, եւ քաղծառայության ինստիտուտի ներդրումը, կարծում եմ, այդ ճանապարհին արված կարեւոր քայլերից մեկն է: Մեր նպատակն է՝ ստեղծել պրոֆեսիոնալ պետական ծառայողների դաս, որը կծառայի պետությանը, անկախ նրանից, թե որ կուսակցությունը կլինի իշխանության: Հարկ է ընդգծել կուսակցության գաղափարական աշխատանքի տեսանկյունից արվածը եւս: Այստեղ զգալի է դրական տեղաշարժը: Այդ նպատակին են հաջողությամբ ծառայել 2003թ. սկզբից լույս տեսնող «Հանրապետական» ամենամսյա հանդեսը, ինտերնետում կուսակցության վեբ կայքի բացումը, ՀՀԿ-ի նախաձեռնությամբ եւ միջոցներով հրատարակված «Ազգայնական» մատենաշարը, Ցեղակրոնությանը, Տարոնականությանը, Գարեգին Նժդեհի եւ Հայկ Ասատրյանի կյանքին ու գործին նվիրված, ազգային, հոգեւոր, այլ թեմաներով մեկ տասնյակից ավելի քննական-վերլուծական գրքույկները, միջոցառումները: 2001թ. ՀՀԿ-ի նախաձեռնությամբ պետականորեն նշվեց Գարեգին Նժդեհի 115-ամյակը, հոբելյանական միջոցառումների շրջանակում հրատարակվեց Նժդեհի երկերի ակադեմիական երկհատորյակը, Բուլղարիայից Հայաստան բերվեցին մեծ հայորդու գրչին պատկանող նորահայտ նյութեր եւ այլն: Մեր գաղափարախոսությունը հանրության շրջանում տարածելու, արմատավորելու առումով զգալի աշխատանք է տարվել, եւ այն պետք է շարունակական լինի: 2004-ին տպագրվեց նաեւ Հայկ Ասատրյանի «Հատընտիր» աշխատությունների, հոդվածների ժողովածուն: Մարտի 28-ին պատշաճորեն նշվեց Աշոտ Նավասարդյանի ծննդյան 55- ամյակը: Հանրապետականը մեծ ուշադրություն է դարձնում իր կուսակցական կադրերի վերապատրաստման եւ առաջխաղացման գործընթացին: 2004թ. ընթացքում կուսակցությունը տարբեր դասընթացների միջոցով կարողացել է վերապատրաստել շուրջ 1000 կուսակցական՝ հիմնականում երիտասարդ, անդամների: Նմանատիպ դասընթացները շարունակական բնույթ են կրում, եւ առաջիկայում նախատեսվում է վերապատրաստել ավելի քան 4000 կուսակցականների: Մենք մշտապես հանդես ենք եկել երիտասարդությանը խրախուսելու եւ առաջ մղելու գործունեությամբ՝ վստահ լինելով, որ մեր երկրի ապագան պետք է երաշխավորված լինի այսօրվա մտավոր եւ բարոյական ամուր ներուժ ունեցող երիտասարդներով: Այսօր կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանում գործող ամենաակտիվ կազմակերպություններից մեկը: Կուսակցությունում հաջողությամբ գործում են կանանց, մարզական հանձնաժողովները, որոնք մեծ աշխատանք են կատարում ոչ միայն կուսակցական կազմակերպություններում, այլ նաեւ բնակչության շրջանում. կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ զորամասերում, մանկատներում, ծերանոցներում, դպրոցներում, ընդհանրապես համայնքներում՝ մեր երեք հանձնաժողովների համատեղ ջանքերով: 15 տարվա անցած ճանապարհը ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք բոլոր փորձությունների դեպքում էլ պահպանել նվիրվածությունը մեր ծրագրերին, մեր գործելաոճին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարությունում, գործադիրի տարբեր օղակներում, Ազգային ժողովի, ինչպես նաեւ կրթության, գիտության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում աշխատող մեր կուսակիցներին՝ իրենց պատասխանատու, ծանր աշխատանքի համար: Հարգելի հանրապետականներ, ավարտելով խոսքս, կրկին շնորհավորում եմ բոլորիդ կուսակցության 15-ամյակի առթիվ: Մենք դեռ երկար ու դժվարին, բայցեւ պատվով ճանապարհ ունենք միասին անցնելու. դա մեր պետության հզորացման, մեր ազգային նվիրական իղձերի իրագործման ճանապարհն է: Թող երբեք լավատեսությունը չլքի ձեզ: Մեզ նվիրյալ հավատավորներ են պետք: Եղեք ոգով անկոտրում, մեր նպատակներին հասնելու համար՝ նույնքան վճռական, իրատես ու միասնական: Հաջողություններ ձեզ բոլորիդ: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել