Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական

Ապրիլ 07,2005 00:00

Դատական բժշկին քաշքշեցին Գավառում բանավեճ ծավալվեց «թափանցող վերքերի» եւ ստորակետների մասին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց Գարիկ Մանուկյանի, Ալիկ Պետրոսյանի եւ Սեւակ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այն կապված էր 2003թ. մարտի 10-ին Նորատուս գյուղում Գարուն Մանուկյանի սպանությանը հաջորդած դեպքերի հետ, երբ Մանուկյանները այրել էին սպանության մեջ մեղադրվող, «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վրեժ Գրիգորյանի տունը, խանութը՝ պատճառելով 90 մլն դրամից ավելի նյութական վնաս: Հինգ տուժողների մեջ էր նաեւ Գրիգորյանների փեսա Նովլեթ Խաչատրյանը, որին հասցվել էր դանակի 5 հարված, այդ իսկ պատճառով դատարան էր հրավիրվել բժիշկ-փորձագետ Վանիկ Զանյանը: Դատական նիստից հետո վերջինիս Մանուկյանները ոչ միայն քաշքշելու փորձ արեցին, այլեւ ուղղեցին սեռական բնույթի հայհոյանքներ: Զանյանը հազիվ ճողոպրեց դատարանի շենքից: Այս գործով կայացած քսան դատական նիստերի ժամանակահատվածում մեկ վկա հասցրել է մահանալ, դատակոչվել է 9 վկա, ցուցմունք է տվել 4-ը, հարցաքննվել են անգամ լրացուցիչ վկաներ, եւ այդ ամբողջ ընթացքում կողմերը ձեռնպահ չմնացին փոխադարձ վիրավորանքներից: Փորձագետ Վ. Զանյանի հարցաքննությանը դեմ էր տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ռշտունին, որը մեջբերելով Քրեական դատավարության օրենսգիրքը՝ հայտարարեց, որ հարցաքննությունը նախատեսված է միայն այն դեպքերում, եթե փորձաքննությունը կատարվել է դատական նիստի ժամանակ: Իսկ ամբաստանյալ Գարիկ Մանուկյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ բերեց Քրդատօրի մեկ այլ հոդված՝ 85 հոդվածի 4-րդ մասը, որտեղ գրված էր, որ փորձագետը պարտավոր է ներկայանալ կանչով, պատասխանել դատական կողմերի հարցերին, պարզաբանումներ տալ: Դատական բժիշկ Զանյանը հայտնեց, որ Գավառի հիվանդանոցի վիրաբուժության բաժնում, քննիչի որոշման համաձայն, ինքը քննության է ենթարկել Նովլեթ Խաչատրյանին եւ որ նրա մարմնի ամենախոր վերքը՝ կրծքավանդակի ձախ կողմում, 2,5 սմ էր: Այնուհետեւ մեծ բանավեճ ծավալվեց մեկ այլ փորձաքննության մեջ տեղ գտած «թափանցող վերքեր» բառակապակցության շուրջ, եւ Ռ. Սահակյանը մեջբերեց 1995թ. հրատարակված հանրապետության գլխավոր փորձագետ Շոթա Վարդանյանի «Դատական բժշկություն» գիրքը, ուր հեղինակը նշում է, որ պետք է վերքերը նկարագրվեն առանձին-առանձին: Այս կապակցությամբ բժիշկ Զանյանը ստիպված էր խոստովանել. «Նկատի չեմ ունեցել վերքերը, նկատի եմ ունեցել վերքը»: Բանն այն է, որ «թափանցող վերքերի» դեպքում փոխվում է հոդվածը՝ 8-12 տարի ազատազրկում, իսկ «վերքի» դեպքում այն 8-ից ցածր է: Մեղադրող Կորյուն Փիլոյանը գտնում էր, որ վերքերի նկարագրությունը եզրակացության մեջ առանձին-առանձին տրված է, այն է՝ «կտրած, ծակած, թափանցող», եւ որ ստորակետի բացակայությունն է եղել այս թյուրիմացության պատճառը: Դատարան չէր ներկայացել նաեւ Վրեժ Գրիգորյանի կինը՝ վկա Մանուշակ Անտոնյանը, որի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին: Ըստ այդ ցուցմունքների՝ ամուսինը եկել է տուն, հայտնել, որ իրեն Գարունն է իջեցրել մեքենայից, եւ որ, ըստ Վրեժի, Գարունը չէր կարող մահանալ, քանի որ ինքը չէր հարվածել նրան: Այնուհետեւ նկարագրել էր գիշերվա 3.30-ի սահմաններում տեղի ունեցած իրադարձությունները, երբ Մանուշակի հայրական տուն էին ներխուժել մարդիկ, բացվել էր տան դուռը եւ ինքնաձիգներով զինված անձինք ջարդուփշուր էին արել տունը, ինչի արդյունքում ընդհատվել էր նրա 5,5 ամսական հղիությունը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել