Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ

Ապրիլ 09,2005 00:00

ՄԵՆՔ ՎԻՃԱԲԱՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆՔ Թուրքերի փորձերը՝ ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, դատապարտված են, գտնում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Գեղամյանը: – Պարոն Գեղամյան, պատմական ինչպիսի՞ ֆոնի վրա էր սկսվել հայերի ցեղասպանությունը 1915-ին, եւ կարելի՞ էր արդյոք դրանից խուսափել: – Սկսենք նրանից, որ 1915-ը ցեղասպանության գագաթնակետն էր: Ցեղասպանությունը սկսվել էր 1890-ական թվականներին՝ Աբդուլ Համիդի ժամանակներից: Իսկ Բեռլինի կոնգրեսից հետո, երբ հայկական հարցը դարձավ միջազգային հարց, թուրքերն արդեն որոշեցին գործել թուրքաբար՝ վերացնել հայերին, դրանով իսկ՝ վերացնել հայկական հարցը: Ու սկսվեցին բռնություններ, հալածանքներ, իսկ 90-ական թվականներին՝ բացահայտ կոտորածներ, օրինակ՝ Ադանայի հայության կոտորածը: Այդ ժամանակ դա դեռ համատարած բնույթ չէր կրում, դա դեռ սկիզբն էր: Միաժամանակ թուրքերի կողմից փորձ էր արվում շոշափել, թե ինչպես կարձագանքի այդ ամենին միջազգային հանրությունը: Թուրքերը համոզվեցին, որ Եվրոպան շատ հանգիստ է վերաբերվում այդ ամենին: Աշխարհը լուռ դիտողի դերում էր, առանձնապես չէր ընդդիմանում, եւ դա սանձազերծեց թուրքերին: Իսկ երբ երիտթուրքերն եկան իշխանության, նրանք արդեն 1908թ. սկսած բացահայտ ծրագրված էին գործում: Երիտթուրքերը նախապես ծրագրել էին նույն աբդուլհամիդյան քաղաքականությունը շարունակել ավելի լայնածավալ ձեւերով: Իհարկե, նրանք չէին կարող ենթադրել, որ կսկսվի համաշխարհային պատերազմը: Երիտթուրքերը հաջողությամբ օգտագործեցին պատերազմական իրավիճակը: Պատերազմը նպաստավոր է ամեն հանցանքի համար: – Թուրքերը փորձում են ամեն ինչ պայմանավորել պատերազմով, ասելով, որ հայերն օգնում էին իրենց թշնամուն: – Այո, Թուրքիան դաշնակից էր Գերմանիայի հետ, եւ ռուսների դեմ էր կռվում: Հիմա թուրքերը փորձում են ցույց տալ, որ կոտորածի պատճառն այն էր, որ Ռուսաստանի բանակի կազմում մեծ թվով հայեր կռվում էին թուրքերի դեմ: Եվ իբր իրենք չէին կարող թույլ տալ, որ իրենց երկրում զանգվածային ձեւով մնան հայերը: Եվ փորձում են տեղահանման քաղաքականությունն էդպես պատճառաբանել: Բայց դա աշխարհին խաբելու միջոց է: Իրականում դա ծրագրված պետական քաղաքականություն էր: Բազմաթիվ փաստաթղթեր են հրապարակվել, հատկապես Մկրտիչ Ներսիսյանի խմբագրած մեծ աշխատությունը, որտեղ տասնյակ փաստաթղթեր են բերվում, թե ինչպես երիտթուրքերի պարագլուխները բազում գաղտնի հանդիպումներում ծրագրում էին հայերի տեղահանումն ու ոչնչացումը: Խնդրեմ՝ հայերին համատարած զինաթափեցին՝ պատերազմի պատրվակով, տղամարդկանց համատարած զորակոչեցին, որպեսզի պաշտպանող ուժ չմնա: Զորակոչված տղամարդկանց տարան իբրեւ թե ինչ-որ շինարարական հեռավոր բրիգադներ ու բոլորին ոչնչացրեցին, եւ ապա սկսեցին կոտորածը: Կամ՝ մեկ այլ փաստ: 1915թ. ապրիլի 24-ին կազմակերպված ձեւով Պոլսի ամբողջ մտավորականությանը, նախօրոք ցուցակները կազմելուց հետո, տարան եւ ոչնչացրին՝ շուրջ վեց հարյուր հոգու: Մի՞թե դա կարող էր պատահական լինել: Ինչպես ասաց Թալեաթը՝ չկա հայ՝ չկա հայկական հարց: – Որոշ հայ գործիչներ տեղյակ էին այդ ծրագրերից: Արդյոք հնարավոր չէ՞ր կանխել դրանց իրականացումը: – Պարզ է, որ տարիներ շարունակվող լոկալ բնույթ կրող կոտորածները թուրքերի մտադրությունների մասին էին վկայում: Բացի այդ էլ, որոշ տվյալներ կային, որ թուրքերը նման ծրագիր են մտմտում, բայց դրա դեմն այլեւս հնարավոր չէր առնել: Ինչ խոսք, շատ հայեր արտագաղթում էին, բայց դա զանգվածային բնույթ չէր կրում, որովհետեւ նրանք իրենց հայրենիքում էին ապրում, եւ հույս ունեին, որ մի օր իրենց վիճակը կբարելավվի: Հիշենք նաեւ, որ երիտթուրքերի պարագլուխները՝ Թալեաթը, Էնվերը, մյուսները, հրեական ծագում ունեցող թուրքացած անձնավորություններ էին, որոնք ավելի դաժան էին, քան թուրքերը: Թուրքիայում ապրող քրդերը, որոնք գործիք դարձան թուրքերի ձեռքին, ավելի դաժան էին վարվում հայերի հետ, որովհետեւ ավելի հետամնաց էին, վայրենի, թալանչի: Թուրքերը զինում էին նրանց, ամեն ինչ խոստանում ու ասում՝ գնացեք, թալանեք, աղջիկներին, կանանց տարեք, ունեցվածքները հափշտակեք՝ ձեզ լինի: Դրանով թուրքերն ուզում էին աշխարհին ցույց տալ, թե իրե՛նք չեն այդ բոլորը կատարել: Ու նաեւ՝ լարում էին ազգամիջյան հարաբերությունները: – Այսօր Թուրքիայի կառավարությունը առաջարկում է բոլոր ցանկացողներին ծանոթանալ այդ ժամանակաշրջանի փաստաթղթերին: Գուցե կա՞ն իրենց համար նպաստավոր փաստաթղթեր: – Չեմ բացառում, որ որեւէ արխիվային նյութում կարող է լինել վկայություն, որ ինչ-որ տեղ հայերն էլ են դիմադրել, պաշտպանվել, եւ մի երկու թուրք էլ կոտորել են: Բայց կազմակերպված ազգային կոտորած բնականաբար չէր կարող լինել: Թուրքերն այդպիսի փաստաթուղթ կյանքում չեն կարող գտնել: Չեն կարող ապացուցել, որ նույնիսկ որեւէ հայկական կուսակցություն որոշում է ընդունել՝ որտեղ թուրք գտնել՝ սպանել: Ավելին, հայկական կուսակցությունները եղեռնի ժամանակ շատ վատ վիճակով հանդես եկան: Նրանք չկարողացան Արեւմտյան Հայաստանում հայերի պաշտպանությունը կարգին կազմակերպել: Իսկ ՀՅԴ-ն նույնիսկ գտավ, որ պետք է այդ հարցը թողնել, որովհետեւ այնտեղ էլ հայեր կան, այստեղ էլ, թող իրենք կողմնորոշվեն, թե ում հետ կպայքարեն: -Այսինքն, թուրքերն այսօր ոչինչ չե՞ն կարող ապացուցել: -Թուրքերը ոչ մի հիմք չունեն, եւ եթե հիմա աղմկում են, թե դա գիտնականների գործն է, նորից խորամանկում են: Ուզում են ասել՝ էդ հարցը դեռ հստակ չի, պիտի գիտնականները հավաքվեն, տեսնեն՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՝ չէ: Մեզ համար էդ հարցը վաղուց լուծված է, մենք այդ քննարկումների կարիքը եւ իմաստը չենք տեսնում: Հայ գիտնականները վաղուց հարյուրավոր գրքերով ապացուցել են, որ ցեղասպանություն եղել է, եւ աշխարհի 18-20 երկիր ընդունել է դա: Թուրքերն ուզում են խաղը զրոյից սկսել՝ իբրեւ այդ հարցը դեռ լուծված չէ: – Հետեւաբար, նման վիճաբանության մեջ մտնելը սխա՞լ է: – Ոչ մի դեպքում չի կարելի տեղի տալ եւ մտնել վիճաբանության մեջ: Եթե գնում ենք վիճելու, դա նշանակում է, որ մենք էլ ենք կասկածում: Իսկ մենք կասկածի տեղիք չունենք: Մեկուկես միլիոն անմեղ զոհերը թույլ չեն տա: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930