Լրահոս
Օրվա լրահոսը

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը սկանդալային ցուցմունք տվեց

Նոյեմբեր 12,2026 14:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Մուշեղ Արամյանի նախագահությամբ շարունակվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի գործով հիմնական դատալսումների փուլը, որի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալներից Գեւորգ Հարությունյանը։

Վալոդյա Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբանը փորձեց հարցադրումներով մեղադրյալի օգնությամբ ճշգրտել 2025 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած սպանությանը նախորդող եւ հաջորդող իրադարձությունների ժամանակագրությունը եւ մեղադրյալի հնարավոր մասնակցությունը։

Մասնավորապես, հարց հնչեց, որ մյուս մեղադրյալի՝ Նարեկ Օհանյանի տան բակում հայտնաբերվել է հեռադիտակ, «բարսետկա», բենզինով լցված շիշ եւ այդ բոլորի դատագենետիկ փորձաքննությամբ հայտնաբերվել են Գեւորգ Հարությունյանին համընկնող հատկանիշներ։ Նրբությունն այն է, որ Գեւորգ Հարությունյանը իր ցուցմունքներում ընդունել է ու դատարանի դահլիճում էլ հաստատեց, որ «բարսետկան» իրենն է եւ ինքն օգտագործել է, սակայն իր առնչությունը հեռադիտակի, դրա կապիչի եւ բենզինով լցված շշի հետ ժխտում է; Փաստաբանը հետաքրքրվեց, թե նրա կարծիքով այդ դեպքում ինչպե՞ս կարող էին դրանք իրար հետ հայտնվել մի վայրում՝ Նարեկ Օհանյանի տան բակում, առավել եւս, որ ըստ նրա ցուցմունքի, ինքը «բարսետկան» մոռացած է եղել համայնքի տարածքներից մեկում, որը հետու է մյուս մեղադրյալի տնից։

Գեւորգ Հարությունյանը հարցին պատասխան տալ չկարողացավ՝ նշելով, թե պատկերացում չունի։ Սակայն բավականին հետաքրքիր բացահայտումներ արեց արդեն երկրորդ անգամ Էջմիածնի ոստիկանությունում տեղի ունեցածի մասին։ Մասնավորապես, որ իր հարցաքննությանը ներկա են եղել նաեւ հանրապետության բարձրաստիճան ոստիկաններ, որ այնուհետեւ իրեն փորձել են համոզել, որ կեղծ ցուցմունքներ տա, ի վերջո, ստիպել են ընտանիքի անդամների անվտանգության դիմաց ինքնախոստովանական ցուցմունք գրել։

Դատավոր Մուշեղ Արամյանն այստեղ մեղադրյալին տեղեկացրեց, որ իր ցուցմունքի որոշ հատվածներ իրենցից ներկայացնում են ենթադրաբար քրեական օրենսգրքով նախատեսված պաշտոնատար անձի կողմից արարքների վերաբերյալ տեղեկություն ու եւս մեկ անգամ հիշեցրեց սուտ մատնություն կատարելու համար պատասխանատվության մասին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30