Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները եղեռնն էին հիշում

Ապրիլ 16,2005 00:00

Գյումրեցիները եղեռնն էին հիշում Մեկ օր առաջ ավարտվեց Գյումրիի մանկավարժական ինստիտուտում կազմակերպված «Մեծ եղեռն-90» հանրապետական երկօրյա գիտական նստաշրջանը: Երեւանից հրավիրված որոշ գիտնականների կարծիքով՝ այն շատ տարբեր էր թեմատիկ այլ միջոցառումներից. բուհը հասցրել էր իր ծախսերով «հաճելի անակնկալ» մատուցել գիտնականներին՝ նախապես հրատարակելով 32 գիտական զեկույց: Իսկ գիտական մասից զատ, գյումրեցիները մտածել էին նաեւ սիմվոլիկ միջոցառումների մասին՝ ծառատունկի, նկարների ու քանդակների ցուցահանդեսի, «Ո՛չ ցեղասպանությանը» թեմայով շարադրության համար հայտարարված ստեղծագործական մրցույթի: Նախքան գիտաժողովի մեկնարկը, ինստիտուտի բակում մեկ ժամվա ընթացքում միանգամից տնկվեց 90 ծառ, որը ըստ մասնակից-գիտնականների՝ հայերի հավերժության խորհրդանիշն է: Չնայած զեկույցներում ոչ մի բնագավառ անտեսված չէր՝ քննարկվեցին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վերջին 4 տասնամյակում», «Մեծ եղեռնի արձագանքները գրողների նամակներում», «Ցեղասպանության թեման հայ օրորոցային երգերում» եւ այլն, սակայն, մասնակիցների անկեղծ խոստովանմամբ, ոչ բոլորի ներկայացնելու ձեւն էր հետաքրքիր ու հաջողված: Անգամ մասնակիցներից մեկը գիտնականներին առաջարկեց խոսել կարճ- կոնկրետ՝ նկատի ունենալով նույնի արդեն տպագիր տարբերակով իրենց ձեռքում ունենալու փաստը: Այնուամենայնիվ, ըստ ներկաների, որոշակի ելույթներ իրենց բովանդակությամբ եզակի էին: Մասնավորապես տպավորվել էին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի վերլուծությունները: Գիտնականը հարցը գիտական բնագավառից տեղափոխելով քաղաքական դաշտ՝ համարձակորեն քննադատում էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած թերությունները: «Մեր պետական այրերը երբեմն կարկամում են – կակազում ու չեն կարողանում ներկայացնել ընդհանուր հայեցակարգը, եւ մենք որպես պատմաբաններ երբեմն ստիպված ենք լինում տեղափոխվել քաղաքական դաշտ, որը այնքան էլ հոգեհարազատ չէ: Պահն է ասել, որ սա գիտական խնդիր չէ, այլ քաղաքական: Կարծում եմ՝ պատմաբաններն արդեն իսկ արել են իրենց գործը, մնում է, որ հայ պաշտոնյաները ճիշտ վարվեն, որպեսզի հասնեն հատուցման Թուրքիայի կողմից»,- ասում է պատմաբանը: Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել