Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ

Ապրիլ 22,2005 00:00

Կամ փոխզիջում, կամ ոչ մի զիջում Երեկ Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համաժողովի ընդմիջմանը լրագրողների հարցերին պատասխանեց ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը: Խոսելով փոխզիջումների մասին՝ նա նկատեց, որ եթե Ադրբեջանին թվում է, թե զիջողը միայն հայկական կողմն է լինելու, ապա որեւէ զիջման մասին չի կարող խոսք լինել. «Քանի որ այսօր Ադրբեջանն ընդհանրապես չի խոսում զիջումների մասին, ես գտնում եմ, որ անիմաստ է խոսել մեր կողմից զիջումների մասին, այսինքն՝ կամ փոխզիջում, կամ ընդհանրապես ոչ մի բան չի զիջվելու, եթե մեր հակառակորդը պատրաստ չէ որեւէ բան զիջելու: Ես չեմ գտնում, որ Ադրբեջանը ոչինչ չունի զիջելու: Մենք պետք է համոզենք Ադրբեջանին, որ ինքը շատ բան ունի զիջելու եւ պարտավոր է զիջել: Ադրբեջանի ղեկավարությանը թվում է, որ միջազգային հանրությունը պետք է արծաթե սկուտեղի վրա իրեն մատուցի Ղարաբաղը: Դա անլուրջ է: Ադրբեջանը մինչեւ այսօր խոսում է 88-ի ստատուս-քվոյի մասին: Դա աբսուրդ է, որովհետեւ չկա ՍՍՀՄ, կա անկախ Հայաստան, կա անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջան, եւ բնական է, որ իրավիճակը փոխվել է: Ադրբեջանը պետք է բացի աչքերը եւ հաշտվի այսօրվա վիճակի հետ»: Պատասխանելով «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» առաջարկի մասին հարցին՝ ԼՂ նախագահն ասաց. «Ես գտնում եմ, որ Ղարաբաղի անվտանգությունը Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված է: Այսինքն՝ չի կարող ապահովվել անվտանգությունը, եթե լուծված չէ Ղարաբաղի կարգավիճակը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողմնակից ենք փուլային տարբերակին (քիչ անց պարոն նախագահը ինքն իրեն ուղղեց՝ նկատելով, որ շփոթել եւ թյուրիմացաբար ասել է «փուլային», փոխանակ ասեր՝ «փաթեթային»- Մ. Բ.): Այսինքն՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն միասին: Եվ առաջին խնդիրը՝ կարգավիճակի խնդիրը: Անվտանգությունը անմիջապես կախված է Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ»: «Առավոտի» հարցին՝ «Հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին», պարոն նախագահը պատասխանեց. «Ես միշտ արտահայտվել եմ հետեւյալ ձեւով՝ առանց Ղարաբաղի մասնակցության Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել: Իմ ֆորմուլան հետեւյալն է՝ եթե Ադրբեջանը դեմ է Ղարաբաղի մասնակցությանը, ուրեմն շահագրգռված չէ հարցը կարգավորելով»: Մեր հաջորդ հարցին՝ «Որքանո՞վ են հավաստի այն լուրերը, որ վերջին երկու ամիսների ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժի արդյունքում հայկական կողմը 30-40 զոհ ունի», Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Վերջին երկու ամսո՞ւմ: Սուտ լուրեր են: Չկա այդպիսի բան: Դժբախտաբար, զոհեր լինում են, բայց ոչ 30-40: Թվաքանակը չեմ կարող ասել, որովհետեւ ամսից է կախված՝ կարող է մեկ զոհ լինի, կարող է՝ երկու»: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական դիրքերի տեղաշարժին, ապա, ըստ պարոն Ղուկասյանի՝ «Դա սիստեմատիկ պրոցես է: Ադրբեջանը փորձում է բարելավել դիրքերը ռազմի դաշտում: Չեմ գտնում, որ սա ինչ-որ վտանգ է ներկայացնում մեզ համար: Մենք պատրաստ ենք, շատ դեպքերում չենք թույլատրել, որ Ադրբեջանը մոտեցնի իր դիրքերը մեր դիրքերին: Մյուս դեպքերում, երբ համարում էինք, որ դա մեծ նշանակություն չունի մեզ համար, այդ պրոցեսները տեղի են ունեցել: Չնայած գտնում եմ, որ սա շատ վտանգավոր պրոցես է, որովհետեւ իր մեջ կուտակում է սպառնալիքներ: Մենք բազմիցս խնդրանքով դիմել ենք Մինսկի խմբի համանախագահներին, միջնորդներին, որ ֆիքսվի առաջին գիծը, ֆիքսվեն այսօրվա դիրքերը, որ հետագայում միջնորդները կարողանան շատ հստակ ներկայացնել այս կամ այն կողմի մեղքը: Այսօր փորձում են հավասար մեղադրել կողմերին, որը ես գտնում եմ շատ սխալ է»: Հավասարակշռությունն ամեն հարցում պահպանելու միջնորդների ցանկության մասին խոսելով՝ Արկադի Ղուկասյանը հիշեց. «Պատերազմի տարիներին (այն ժամանակ ես արտգործնախարար էի), երբ մենք չունեինք ինքնաթիռներ եւ Ադրբեջանը ռմբակոծում էր մեր քաղաքներն եւ գյուղերը, մենք դիմել էինք միջնորդներին՝ պահանջելով դատապարտել այդ երեւույթը: Մոտավորապես այսպես են դատապարտել՝ մենք կոչ ենք անում կողմերին չռմբակոծել իրար: Այն դեպքում, երբ ոչ Ղարաբաղը, ոչ Հայաստանը ինքնաթիռներ չունեին այդ պահին»: Պարոն Ղուկասյանը չէր կարծում, որ փոխզիջումների մասին խոսելը պարտվողական քաղաքականություն է, բայց նաեւ դեմ էր այդ խոսակցություններին. «Ես գտնում եմ, որ այնքան էլ կոռեկտ չէ ինչ-որ պիտակներ կպցնելը՝ պարտվողական, հաղթողական, ե՛ւ նախկին իշխանություններին, ե՛ւ էսօրվա իշխանություններին: Ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի ունենալ իր տեսակետը: Ես չէի ասի, որ իշխանությունները ավելի պարտվողական են: Ավելի շուտ ավելի կոնստրուկտիվ են ուզում երեւալ, քան Ադրբեջանը: Ես համարում եմ, որ անիմաստ է դա անել, քանի որ մենք որեւէ կոնստրուկտիվ քայլ Ադրբեջանի կողմից չենք տեսնում: Երբ որ տեսնենք, մենք էլ պետք է պատրաստ լինենք կոնստրուկտիվ փոխզիջումների»: «Առավոտի» մյուս հարցին՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվացմանը», պարոն նախագահը տվեց հակիրճ պատասխան՝ «Դա իր գործն է»: Նաեւ ավելացրեց՝ եթե Ս. Բաբայանը գտնում է, որ պետք է մասնակցի ԼՂ ԱԺ ընտրություններին՝ «թող փորձի, ես պրոբլեմ չունեմ»: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել