Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԻՌ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Ապրիլ 23,2005 00:00

ՎՃԻՌ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ Հերթական գովազդի զոհը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ապրիլի 1-ին քննել էր «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի հայցը ընդդեմ Տաճատ Եսայանի: Դատական նիստին մասնակցում էր հայցվորի ներկայացուցիչը, իսկ պատասխանող կողմի բացակայությամբ հայցը քննության դրվեց, ավելին, կայացվեց վճիռ: Հայցվորը պնդել էր, որ Եսայանները լինելով իրենց բաժանորդը, օգտվելով իրենց մատուցած ծառայություններից, չեն վճարել դրա դիմաց, հետեւաբար նրանք պարտք են «ԱրմենՏելին» 440.821 ՀՀ դրամ, որից 5400-ը բաժանորդային վարձն է կազմել, 430.421 ՀՀ դրամը՝ միջազգային, միջքաղաքային խոսակցությունների պարտքը: Ի դեպ, այս նույն դատարանի մարտի 14-ի որոշմամբ, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք էր դրվել պատասխանողի գույքի, դրամական միջոցների վրա: Դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանը լսել էր միայն հայցվորի ներկայացուցչի բացատրությունը եւ «բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ» բավարարել էր հայցը: Եսայանները դիմել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի վճռի դեմ վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննության կարգով քննության առնելու «Թելեպլաս» ՍՊԸ-ի եւ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի գովազդն անբարեխիղճ ճանաչելու, վճարման պարտականությունից ազատելու եւ հեռախոսային կապի մատակարարումը պարտավորեցնելու պահանջի մասին: Տաճատ Եսայանը 70 թվականից հանդիսացել է 01- 52-05-25 հեռախոսահամարի բաժանորդը: Ըստ նրա, ներկայացված գումարի մի մասը գոյացել է «ԱրմենՏելի» կողմից մատուցած «աուդիոտեքստ» ծառայության վարձավճարից: Տ. Եսայանը իր հայցադիմումում նշել էր, որ այդ պարտքի պատճառով անջատվել էր նշված հեռախոսահամարը եւ որ նշված ծառայությունը մատուցվել է իր անչափահաս որդուն՝ Արտաշես Եսայանին: Վերջինս էլ դիտելով «Թելեպլաս» ՍՊԸ-ի մատուցած գովազդային տեսահոլովակները, օրվա տարբեր ժամերի օգտվել էր «աուդիոտեքստ» ծառայությունից, ինչի հետեւանքով դարձել գովազդի զոհը, ինչպես տասնյակ անչափահասներ: Հիշեցնենք, որ 2004թ. մարտի 5-ին նմանօրինակ մեկ գործ քննվեց դատարանում. Քրիստինե Տերյանի հայցն էր ընդդեմ «Թելեպլասի» եւ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի՝ գովազդն անբարեխիղճ ճանաչելու եւ վճարման պարտականությունից ազատելու մասին: Ք. Տերյանի անչափահաս որդուն՝ Արամ Գեւորգյանին նույնպես մատուցվել էր «Ծանոթություն» ծառայություններ (4 հեռուստաընկերությունների կողմից եթեր արձակված գովազդային տեսահոլովակներն էլ ապացույց), ինչի հետեւանքով հայցվորից նույնպես 10000-ից ավելի գումար էր պահանջվել: Տ. Եսայանի փաստարկներից մեկն այն է, որ «ԱրմենՏելի» եւ անչափահասի միջեւ կայացել է ծառայությունների մատուցման գործարք, ինչը Քաղաքացիական օրենսգրքի 310 հոդվածի խախտում է: «Առավոտին» տրամադրվել է նաեւ վերոնշյալ համարի հեռախոսի խոսակցությունների տվյալները, ինչը դատարանում ուսումնասիրվելու դեպքում չէր կարող դառնալ դատավորի «ներքին համոզման» պատճառ: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, 14 տարեկան չդարձած անչափահասի կամ փոքրահասակի կնքած գործարքն առ ոչինչ է: Հետեւաբար, անբարեխիղճ գովազդի հետեւանքով մատուցված «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի, «Թելեպլաս» ՍՊԸ-ի գովազդվող ծառայությունը մոլորեցրել է սպառողին, ու դեռ հարց է, թե ով պետք է պատասխանատվություն կրեր: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել