Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական

Ապրիլ 23,2005 00:00

Հայկական կոմպոզիտորական դպրոցի հաղթանակը Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով հայ կոմպոզիտորները այնքան էլ հաճախ չեն մասնակցում արտերկրյա միջազգային մրցույթների: Սուրեն Զաքարյանն էր առաջինը, որ 1990թ. մասնակցեց Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացված կոմպոզիտորների միջազգային մրցույթին, ու նրա Ջութակի ու նվագախմբի համար գրած կոնցերտը ճանաչվեց լավագույնը: Վերջերս էլ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որին մասնակցել են նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներն ու շրջանավարտները: Երիտասարդ ստեղծագործողներ էին ժամանել Ալբանիայից, Ադրբեջանից, Բոսնիայից, Վրաստանից, Սերբիայից եւ այլ երկրներից: Ի դեպ, առաջին մրցանակը շնորհվել է մեր հայրենակից Արամ Հովհաննիսյանին, որը հայկական կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ է եւ ներկայումս սովորում է Շվեյցարիայում: Իսկ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Բաբայանը (դասախոս՝ Մարտուն Իսրայելյան) գրավել է երրորդ տեղը: Մեր հայրենակից Արթուր Ակշելյանին էլ շնորհվել է խրախուսական մրցանակ: Սեդան պատմեց, որ մրցույթին ներկայացել է իր՝ կամերային-գործիքային (դաշնամուր, ակորդեոն, ֆլեյտա եւ հոբոյ) ստեղծագործությամբ: Ի դեպ, նոյեմբերին Սեդայի ստեղծագործությունը կկատարվի Ժնեւում՝ հենց ժյուրիի անդամների կողմից: Ժյուրին գլխավորել են ճանաչված երաժիշտներ Մատիաս Արտերը (հոբոյ), Վլադիմիր Բլակոեւիչը (ակորդեոն), Ռոլանս Մոսսերը (կոմպոզիտոր) եւ այլք: Սեդայի կարծիքով, երիտասարդ կոմպոզիտորի համար այնքան էլ հեշտ չէ ինքնադրսեւորվել Հայաստանում, արտասահմանում իրենց ավելի շուտ են նկատում: «Ես առաջին անգամ էի մասնակցում արտասահմանում կազմակերպված մրցույթի, մինչ այդ Հայաստանում մասնակցել էի Ա. Խաչատրյանի անվան երիտասարդ ստեղծագործողների մրցույթին ու ստացել խրախուսական մրցանակ: Ես չեմ սահմանափակվի ցյուրիխյան մրցույթով, անպայման ուժերս կփորձեմ այլ մրցույթներում եւս»,- ասաց երիտասարդ կոմպոզիտորը: Սեդան պատրաստվում է անդամագրվել կոմպոզիտորների ու երաժշտագետների միությանը, հավատացած է, որ այդպիսով արտասահմանի հետ կապեր ստեղծելու եւ ավելի ակտիվ ստեղծագործելու հնարավորություն կունենա: Ս. Բաբայանը արդեն մի շարք ստեղծագործությունների հեղինակ է՝ ունի դաշնամուրային 3 պիես, ջութակի եւ դաշնամուրի համար գրված սոնատ, լարային կվարտետ, երգչախմբի համար գրված ստեղծագործություն՝ Մեծարենցի ու ռոմանս՝ Վահան Տերյանի խոսքերով եւ այլն: Այժմ նա աշխատում է մեծակտավ ստեղծագործության վրա՝ Կոնցերտ թավջութակի եւ նվագախմբի համար, որը նրա դիպլոմային աշխատանքն է: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930