Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՖԵՐՄԱՅԻ՝ ՉԵՄ ՔՇՈՒՄ»

Մայիս 05,2005 00:00 Share

Ռաֆիկ Պետրոսյանը չէր ուզում ներկայացնել սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի նախագիծը

Երեկ վերջապես խորհրդարանը համարձակվեց սկսել այնքան ձգձգված սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը: Ինչպես միշտ, ընդդիմությունը դահլիճում չէր: Հենց առաջին պահից պարզ դարձավ, որ խորհրդարանական կոալիցիան, մեղմ ասած, պատրաստ չէ հարցի քննարկմանը: Համենայնդեպս, հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը չթաքցրեց, որ չի էլ պատրաստվում ներկայացնել կոալիցիայի նախագիծը: Նիստը վարող Տիգրան Թորոսյանը, որից էլ Ռաֆիկ Պետրոսյանը «խռով» է եւ նեղացած, եւ ըստ որոշ լուրերի, հենց այդ պատճառով էլ «ինադ էր ընկնում», ստիպված էր հայտարարել, որ հեղինակների խնդրանքով հարցի քննարկումը մի որոշ ժամանակով հետաձգվում է: Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի նախագծի ներկայացման շուրջ ճիշտ այսպիսի իրավիճակ էր:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ստիպված բեմից իջավ եւ պարոն Պետրոսյանի կողքին նստելով՝ նրան երկար-բարակ փորձեց համոզել: Կուսակցական պատկանելությամբ հանրապետական, բայց «Ժողպատգամավոր» խմբի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը դեռ անդրդվելի էր: Ի վերջո դահլիճ եկավ ԱԺ նախագահը: Ռաֆիկ Պետրոսյանին տարան մեկ ուրիշ սենյակ, պարզ չէ, թե ինչ միջոցներով համոզեցին, բայց մի քանի րոպե տեւած անորոշությունը հարթվեց, եւ Ռաֆիկ Պետրոսյանը սկսեց կարդալ մի տեքստ, որն ակնհայտորեն ինքը չէր գրել: Հետո որոշ չար լեզուներ ասացին, որ արդեն պատրաստի տեքստը նախագահականից եկել էր եւ պարոն Պետրոսյանին մնում էր միայն այն ընթերցել: Հավանաբար հիմնական զեկուցողին ասվել էր, որ նախագահը շատ կուրախանա, եթե տեքստը հենց Պետրոսյանը ներկայացնի: Ակնհայտ էր, որ այդ քննարկումները ոչինչ չեն ավելացնելու արդեն եղած տեքստին: Պատգամավորները բավականին պասիվ էին, եւ հարցեր տվողները հիմնականում ՄԱԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորներն էին եւ Արշակ Սադոյանը, որի մեղեդային ձայնը երեկ խորհրդարանից անպակաս էր:

Հաջորդ անսպասելի բանն այն էր, որ կոալիցիայի տարածված՝ նախագծում չկար «Ժողպատգամավոր» խմբի ստորագրությունը, մինչդեռ ամիսներ շարունակ իշխանական փոփոխությունների նախագծի մասին խոսվում էր որպես կոալիցիայի եւ «Ժողպատգամավոր» խմբի համատեղ նախագիծ: Ըստ ամենայնի, ինչ-որ բան «չի կիսվել» նաեւ այս հարթությունում, քանի որ «Ժողպատգամավորի» ներկայացուցիչները երեկ ասում էին, որ դա իրենց նախագիծը չէ, որ իրենք ընդամենը մասնակցել են քննարկումներին։

Սահմանադրությունը բաժանվեց մասերի եւ յուրաքանչյուր մասը ներկայացրեց մեկ պատգամավոր: Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացրեց «Սահմանադրական կարգի հիմունքները» եւ «ՀՀ նախագահը» գլուխները: Մհեր Շահգելդյանը՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլուխը:

Ռաֆիկ Պետրոսյանը կարդաց. «Շարունակական քննարկումների առարկա եւ քննադատության թիրախ հաճախ դառնում էին ՀՀ նախագահի կարգավիճակը՝ պետության գլուխ, թե գործադիր իշխանության ղեկավար, լիազորությունների կրճատման անհրաժեշտությունը, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ձեւավորումը, նաեւ դրանց միջեւ փոխադարձ զսպումների եւ հակակշիռների, կառուցակարգերի ոչ կատարյալ ձեւակերպումները»: Ընթերցելով առաջարկվող փոփոխությունները՝ պարոն Պետրոսյանը հասավ այն մասին, երբ նշված է, որ ՀՀ օրհներգը սահմանվում է օրենքով: Ասվեց, որ սա «հնարավորություն կտա ունենալ խրոխտ եւ հաղթական նոր օրհներգ. այ, սա արդեն իմ կարծիքն է»,- չդիմացավ Ռաֆիկ Պետրոսյանը: Ներկայացնելով հոդված 54-ը, որն այն մասին է, որ ՀՀ նախագահը իր պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, ժողովրդի առաջ տրված երդմամբ, Ռաֆիկ Պետրոսյանը հույս հայտնեց, որ մարդկանց ներկայությամբ հանդիսավոր տրված երդման չկատարումը դժվար կլինի: Կարելի է ենթադրել, թե մինչ այժմ նախագահը երդվում էր միայնակ, ճգնավորի խցում, մարդկանց աչքից հեռու:

Քննարկումները կշարունակվեն այսօր:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել