«Այսօր քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է ոչ միայն քաղաքական գործիչներին կամ կուսակցություններին, այլև ակադեմիական ոլորտին՝ դպրոցներին և բուհերին»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական հայացքների պատճառով բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ են ենթարկվել խտրական վերաբերմունքի։
«Այսօր շղթայված է Սահմանադրության 38-րդ հոդվածը․ բուհական ինքնակառավարումը, ակադեմիական ազատությունները և, լայն իմաստով, կրթության իրավունքը գտնվում են կալանքի տակ։ Երբեք այս մասշտաբի հետապնդումներ չեն եղել դպրոցներում և բուհերում։ Երբեք մեր ուսուցիչներն ու դասախոսներն այսքան կաշկանդված չեն եղել՝ արտահայտելու ոչ միայն իրենց քաղաքական հայացքները, այլև համոզմունքներն ու խիղճը»,- նշեց Սողոմոնյանը։
Կարդացեք նաև
Ըստ Սողոմոնյանի՝ վերջին շրջանում դասախոսների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու գործընթացում կիրառվում է մի մանիպուլյատիվ մեթոդ։
«Դա աշխատանքային պայմանագրերը չերկարացնելն է, որն առաջին հայացքից շատ անմեղ մեթոդ է թվում։ Երբ վաստակաշատ դոցենտին կամ պրոֆեսորին ազատում են աշխատանքից, հրամանում չեն նշում, որ դա արվում է քաղաքական հայացքներն արտահայտելու համար, այլ պարզապես գրում են՝ աշխատանքային պայմանագրի ավարտի կապակցությամբ պայմանագիրն այլևս չենք երկարացնում, և դրանով կարծես թե հարցը փակվում է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































