Ուշագրաւ եւ հետաքրքիր իրադարձութիւններ են կանա՜չ ու ժողովրդավարութեա՜ն օրրան եւրոգօտում…
Սկզբից Ֆրանսիա, հիմա էլ՝ Գերմանիա, Իտալիա, առանձնապէս՝ Լեհաստան ու Սերբիա եւ… ընդհուպ՝ աշխարհի ամենախաղաղ անկիւն՝ Շւէյցարիա…։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կարծիքով՝ Հորմոզի նեղուցն ու դրանից բխող միջազգային էներգետիկ ճգնաժամն է իր երկրում ծայր առած ու չդադարող խժդժութիւնների բուն պատճառը…։
Միանգամայն իրաւացի է նա, քանզի նման ճգնաժամը աշխարհագրօրէն կլանում է ոչ միայն եւրոպական մէկ-երկու երկրներ, այլ ողջ եւրոպան, որպէս մէկ միասնական ընտանիք։ Մե՜ծն Բրիտանիան, սակայն, ոչ աւել, ոչ պակաս, իր քաղաքացիներին առայժմ 72-ժամեայ կենսական պաշարների հաւաքման կոչ է արձակել…։ Իսկ յարգելի ընթերցող, գոնէ վերջին յիսուն տարւայ ընթացքում նման կոչեր, այն էլ եւրոպաներում յիշւում կամ նախադէպ ունեցե՞լ են…
Կարդացեք նաև
Աւելի՛ն. զայրացած ու ըմբոստացած է եւրոպացի երիտասարդը, Z կոչւող սերունդը։ Երեւի պատրւակների էր սպասում, որ նաեւ քաղաքականապէս լիցքաթափի կուտակւած ու անհանդարտ կրքերը՝ հնացած ու այլեւս անգործունակ հասարակա-քաղաքական համակարգի հաշւին…։
Եւրոպայում ապրող բնիկ, թէ՛ ասիա-աֆրիկացի այսօրեայ երիտասարդի պահանջատիրութեան ու ցասման արտայայտութիւնների վերջնանպատակը յայտնի չէ առերեւոյթ. նրանց շարքերում կան՝ հասարակա-տնտեսական կարգերի դէմ բողոքողներ, պաղեստինեան դատը պաշտպանող ու դրօշակը ծածանող ցուցարարներ, ԱՄՆ-Իսրայէլ համատեղ վայրագութիւնները դատապարտող ուսանող-քաղաքացիներ…։
Այս ամենի վերջն, սակայն, անյայտ է. ինչպէս ասւեց՝ հին աշխարհամաս Եւրոպան, ինչպէս պատմական բազում դրւագներն են ապացուցել, միահիւսւած ընտանիքի անդամների է նման եւ իւրաքանչիւրի կարգավիճակը այսպէս, թէ այնպէս, փոխազդւած է ընտանիքի միւս անդամի կարգավիճակից։ Առնւազն, դա այդպէս է լինելու, քանի դեռ մեր խնդրոյ առարկայ միաւորը շարունակում է իր աշխարհագրա-քաղաքական ու հասարակա-տնտեսական գոյավիճակը պահել որպէս միութենական համակարգ ու հանդէս գալ որպէս Եւրոմիութիւն (ԵՄ)…։ Եւ միթէ նոյն ԵՄ-ը չէր, որ մի երջանի՜կ օր ինչ որ BREXIT-ի պատճառով խարխլւեց ու տնտեսաքաղաքական նոր մարտահրաւէրների դէմ-յանդիման կանգնեց։ Կամ՝ աւելի աննախանձելին. այսօր իսկ նոյն ԵՄ-ը քաղաքական-դիւանագիտական աննախադէպ հեղինակազրկութեան ու անազդեցիկութեան տագնապ է ապրում, իր արեւելեան հեռաւոր գործընկերներից մէկի՝ նոյնինքն Ուկրաինայի ու նրա խրտւիլակ նախագահի պատճառով։ Իսկ տւեալ դէպքում նոյն ԵՄ-ի հմայքը փոշիացել է, ոչ միայն ռուսական գործօնի դէմ տարատեսակ պարտութիւնների հաշւին, այլ , դարձեալ աննախադէպօրէն՝ աւանդական դաշնակից՝ թրամփեան ԱՄՆ-ի կողմից ԵՄ-ը արհամարհելու պատճառով…։
Ահաեւ, այստեղ պէտք է փնտրել եւրոընտանիքի որակական քայքայման պատճառները…, որոնք էլ իրենց հերթին դուռ են բացում համաշխարհային մակարդակում նորանոր, վտանգալից եւ ինչու ոչ՝ «անկանխատեսելի» սպառնալիքների առջեւ…
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու



















































