Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ուզում է Փաշինյանը մեզ համոզել, որ կարողանա Սահմանադրությունը հանրաքվեով անցկացնել. Նարեկ Կարապետյան

Նոյեմբեր 04,2026 12:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր առավոտյան եղել է ԱԺ-ում, երբ տեղեկացել է, որ իր տանը խուզարկություններ են սկսվել։ Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ այդ պահին տանը եղել են երեխաները և ընտանիքի անդամները։

Հարցին՝ արդյոք երեխաներն էլ են արդեն ընտելացել դիմակավորված անձանց այցելություններին, Կարապետյանը կատակեց. «Փոքրն ուրախացել էր…Ամեն անգամ նույն բառերն են բերում, մտնում, խուզարկում»։

Անդրադառնալով պաշտոնական տեղեկատվությանը, ըստ որի՝ խուզարկություններն իրականացվում են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, Կարապետյանն արձագանքել է.

«Ինձ թվում է՝ այդ վարույթը մի քիչ ուրիշ վարույթ է։ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին համոզելու գործընթացն է։ Հիմա ուզում է մեզ համոզել, որ կարողանա Սահմանադրությունը հանրաքվեով անցկացնել։ Տասնյակ, հարյուրավոր մարդկանց կկալանավորեն, էլի նույն գործընթացով կանցնենք, բայց սա բոլորիս՝ մեր ժողովրդի համար է։ Ալիևը կարո՞ղ է լավ բան առաջարկել հայերի համար։ Պարզ է, որ այնպիսի Սահմանադրություն է դեմ տալու, որ թուլանանք։ Մենք ենք դրա պատը, մենք ենք կրում այս բոլոր ազդեցությունները և կրում ենք մեր ժողովրդի համար»։

Կարապետյանի խոսքով՝ անկախության կորստի առաջին ցուցիչն այն է, երբ հարևանի պահանջով փոխում ես Սահմանադրությունը և հանում Անկախության հռչակագիրը.

«Պատկերացրեք՝ չունենանք ձեր ծննդականը։ Հանում են երկրի ծննդականը՝ երբ է ստեղծվել, ինչ գաղափարների շուրջ է ստեղծվել։ Սա անկախության համար պայքար է, անկախություն մեր հարևան թշնամուց»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել