Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԻՆ

Հունիս 07,2005 00:00

ՄՆԱՑԻՆ ԱՆԾԱՂԻԿ Երեկ Դավիթաշենում լուր էր տարածվել, որ թաղապետի ընտրություններում պարտված նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբո») փակեց իր տան մոտով անցնող ջրագիծը եւ զրկեց դավիթաշենցիների մի մասին ջրից՝ այդպիսով վրեժ լուծելով բնակիչներից, որ իրեն ձայն չեն տվել: Լուրը շատ նման է բամբասանքի, բայց, մյուս կողմից, կարող է անուղղակիորեն ապացուցել Ծաղիկի այն անհավանական պնդումները, թե իբր ինքը, համայնքի ղեկավար լինելով, թաղամասին տվել է ջուր, ջեռուցում, հեռախոսակապ եւ նույնիսկ կառուցել է Դավիթաշենի կամուրջը: Մարդիկ իսկապես քվեարկեցին ոչ այնքան գործող թաղապետ Սուրիկ Ղուկասյանին «կողմ», որքան Ռ. Գեւորգյանին «դեմ»: Հիմնավորումը մեկն է. չենք ուզում քրեական թաղապետ ունենալ: Իսկ պրն Գեւորգյանի քրեական «ստաժը», ինչպես հայտնի է, գալիս է դեռեւս խորհրդային լճացման տարիներից: Ուրբաթ օրը իր վերջին նախընտրական ելույթում «Կենտրոն» հեռուստատեսությամբ Ռ. Գեւորգյանը, բնականաբար, քծնեց Քոչարյանին: Ճիշտ է, նույնը արեց նաեւ թաղապետ Ս. Ղուկասյանը «ԱրմՆյուզով»: Պարզ է՝ առանց «սապոնվելու» թաղապետ չես դառնա: Բայց հատկապես Ռ. Գեւորգյանի շուրթերից այդ գովերգները փոքր-ինչ տարօրինակ են հնչում: Հիշեցնենք, որ 2000 թվականի առաջին կեսի ընթացքում նա խոր ընդդիմության մեջ էր եւ նույնիսկ պահանջում էր Քոչարյանի հրաժարականը: Բայց իշխանությունը գիտեր Ծաղիկի «թույլ կողմերը» եւ, ի պատասխան այդ ելույթների, մի քանի քրեական գործ հարուցեց («վերաթարմացրեց») նախկին թաղապետի դեմ՝ կապված նրա տնտեսական գործունեության հետ: Դրանից հետո պրն Գեւորգյանը մոռացավ կոնկրետ իշխանավորների թերությունների մասին, եւ, համապատասխանաբար, մոռացվեցին նաեւ այդ քրեական գործերը: Այն ժամանակ ԱԺ պատգամավոր լինելով՝ նա իր քննադատությունը սահմանափակեց «երկրի կառավարիչների» մասին անհասցե եւ չափազանց «գեղարվեստական» ելույթներով: Վերջին երեք տարում «կառավարիչներն» էլ, հավանաբար, սկսեցին դուր գալ Ռ. Գեւորգյանին, որն ամբողջությամբ կասեցրեց իր «քաղաքական գործունեությունը»: Իհարկե, այդ բոլոր փաստերին պրն Գեւորգյանը կարող է պատասխանել հայրենասիրության մասին բարդ ստորադասական նախադասություններով. «մենք՝ ազատագրականի հերոսներս, Աստուծո կամոք նվիրվելով մեր սուրբ գործին», եւ այլն: Բայց դրանք սոսկ օդային ցնցումներ են: Կարեւորն այն է, որ դավիթաշենցիները պրծան Ծաղիկից: Առնվազն 3 տարով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել