Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՈԿԿՈՆ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Հունիս 17,2005 00:00

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԱՐՈԿԿՈՆ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ Երեւանի պետկոնսերվատորիայի, Կոմիտասի անվան կվարտետի, Կամերային երաժշտության տան, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի, «Նարեկացի» մշակութային կենտրոնի աջակցությամբ հունիսի 21-ից հուլիսի 8-ը կանցկացվի Բարոկկո երաժշտության առաջին փառատոնը: Հանդիպեցինք փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանին: Քանի որ թավջութակահարը երկար տարիներ բացակայել է Հայաստանից, նախ խնդրեցինք նրան համառոտ ներկայացնել իր կենսագրությունը: Ա. Թալալյանը տեղեկացրեց, որ նա ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը՝ Արմեն Մեսրոպյանի ղեկավարությամբ, եւ քանի որ աշակերտական տարիներից նրա անունը ճանաչված էր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում. «Ունեի ընտրության հնարավորություն՝ ուսումս շարունակել կամ Մոսկվայում, կամ Բոստոնում: Ես ընտրեցի Բոստոնի երաժշտական քոլեջը, այնուհետեւ ուսումս շարունակեցի տեղի «Yale» համալսարանում՝ ճանաչված դասախոս, թավջութակահար Ալդո Պարիսոյի դասարանում: Զուգահեռ ավարտել եմ դիրիժորության եւ հին երաժշտության լրիվ դասընթացը: Ավարտելուց հետո վերադարձել եմ հայրենիք»: Վերադառնալուն պես երաժիշտը 1997-ին կոնսերվատորիայում ստեղծել է Բարոկկո երաժշտության նվագախումբը, որը երրորդ անգամ է սերնդափոխվել. «Այս փառատոնը ուսանողներիս հետ համատեղ աշխատանքի արդյունք է»: Մեր հարցին՝ բարոկկո երաժշտության ոլորտում ստեղծագործող կոմպոզիտորների գործերը (Բախ, Հենդել, Վիվալդի եւ այլք) հնչում են տարբեր առիթներով, ո՞րն է այս փառատոնի նպատակը, երաժիշտը պատասխանեց. «16-18-րդ դարերում ստեղծագործած՝ ձեր կողմից թվարկած կոմպոզիտորների երկերը, այո, կատարվում են: Փառատոնի նպատակն է հնչեցնել այդ շրջանի առավել քիչ կամ ընդհանրապես երաժշտասերներին անհայտ հեղինակների ստեղծագործությունները: Ինը համերգի ընթացքում հանդիսատեսը կծանոթանա իտալական բարոկկոյի ներկայացուցիչներ Լասսոյի, դե Րորեի (16-րդ դարի սկիզբ), անգլիացիներ Բըրդի, Դաուլանդի (16-18-րդ դդ.) եւ ալյոց երաժշտությանը: Ավելին, եզրափակիչ համերգում կկատարվեն այդ շրջանի ազդեցությունը կրող հայ կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանի մադրիգալները ձայնի համար, Միքայել Կոկժաեւի «Սյուիտ-բարոկկոն»՝ գրված հատուկ այս փառատոնի համար, երիտասարդ կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի եւ այլոց ստեղծագործությունները: Համերգաշարերի ընթացքում հանդես կգան ինչպես ճանաչված՝ Կոմիտասի անվան քառյակը, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, երգչուհիներ Աննա Մայիլյանը, Գայանե Գեղամյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, այնպես էլ երիտասարդ կատարողներ՝ նորաստեղծ «Սանկտուս» վոկալ քառյակը, հոբոյահար Հովհաննես Պապիկյանը, ալտահարուհի Յանա Դարյանը եւ այլք: Կարճ ասած՝ փառատոնի մասնակիցների 90%-ը նոր անուններ են՝ կոնսերվատորիայի ուսանողներ, երիտասարդ կոմպոզիտորներ, կատարողներ»: Հետաքրքրվեցինք՝ դասական երաժշտության այս փառատոնի առիթով ինչպե՞ս պատահեց, որ մշակույթի նախարարությունը չարձագանքեց՝ գոնե հերթական «գալոչկան» դնելու համար, գուցե չե՞ք դիմել: Ա. Թալալյանը պարզաբանեց. «Ես չէի ուզենա, որ այս փառատոնը, որը, հուսով եմ, կդառնա ավանդական, սկսվեր պետական հովանավորությամբ: Նպատակս է ցույց տալ կոնսերվատորիայի ներկայիս ու նախկին ուսանողների, երիտասարդ երաժիշտների նվիրվածությունը դասական արվեստին, հավաստելով, որ նրանք ունակ են՝ անկախ դժվարություններից, արժեքներ ստեղծել»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել