Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնապետը ե՞ս էի, թե՞…

Հունիս 25,2005 00:00

Բռնապետը ե՞ս էի, թե՞… Հարցնում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար ու բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Երեկ նա ներկա էր ԱԺՄ-ի համագումարին: Եվ առիթից օգտվելով՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ԼՂՀ նորընտիր խորհրդարանում նա ունի իր կողմնակիցները, մասնավորապես՝ Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքում հաղթող ճանաչված Արմեն Աբգարյանը (Ամուլյան): «Ընտրություններին որեւէ կերպ չեմ մասնակցել եւ թեկնածուներ չունեի,- պատասխանեց Սամվել Բաբայանը:- Ուղղակի խնդիրն այն է, թե քանի որ Արմեն Աբգարյանը եղել է իմ տեղակալը՝ մարդիկ երեւի մտահոգվել են, որ նա ինձ հետ կապ ունի»: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչո՞ւ չմասնակցեց ընտրություններին, երբ նախապես չէր բացառել դա՝ ասաց. «Նախ՝ դեռեւս պատրաստ չէի: Եվ երկրորդը՝ գտնում եմ, որ խնդիրները լուծվում են այստեղ եւ ոչ թե այնտեղ: Այստեղ կլուծենք՝ հետո կմտածենք»: Խոստովանեց, թե անգամ տեղեկություններ չի ուզեցել ստանալ այդ մասին՝ «Եթե մեկը փորձել է ինձ մոտ մի բան արտահայտի՝ ասել եմ, որ դրա կարիքը չունեմ»: Սակայն նաեւ վստահեցրեց, որ եթե մասնակցեր ընտրապայքարին՝ իրեն չէին կարողանա պարտության մատնել: Սամվել Բաբայանն անդրադարձավ մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ինքը ժամանակին աստիճանազրկել է ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ փոխնախարարի կողմից հունիսի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Պավել Մանուկյանին. «Այո՛, ես նրան կոչումից զրկել եմ՝ իր իսկ դաշնակցական հրամանատարի (թերեւս խոսքը Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մասին է.- Ա. Ի) կողմից ներկայացված բողոքի պատճառով, որ չի համապատասխանում բանակի ստեղծման առնչությամբ առաջադրված խնդիրներին եւ խմիչքի հետ սեր ունի… Ես համարել եմ, որ այդ մարդը սպա չի՝ թույլ է տվել սխալներ, եւ հենց դա է եղել պատճառը, որ ազատել եմ նրան»: «ՀՀ»-ի հարցին՝ Սեյրան Օհանյանի զինվորական ու մարդկային կերպարին հարի՞ր է համարում նման արարքը՝ պրն Բաբայանն ասաց. «Ընդհանրապես սխալ եմ համարում, որ հրամանատարը ձեռք է բարձրացնում զինվորի, սպայի կամ որեւէ քաղաքացու վրա: Եվ չեմ համարում մարդկային: Բայց թե ինչ է եղել իրենց միջեւ խոսակցության թեման՝ տեղյակ չեմ եւ չեմ կարող գնահատական տալ»: ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին ուղղված նամակում նշել էր. «Կատարվածը խիստ մտահոգիչ է եւ վտանգավոր, քանի որ ՊԲ հրամանատարի նման արարքը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում կստեղծվի վախի ու սարսափի մթնոլորտ, ինչը փաստորեն հետքայլ է նախկին ռեժիմին»: «Առավոտի» դիտարկմանը, թե սա ակնարկ է իր հասցեին՝ Սամվել Բաբայանն արձագանքեց այսպես. «Ղարաբաղում ընդհանրապես չի փոխվել որեւէ վարչակազմ: Փոխվել է միայն Սամվել Բաբայանը: Ես կխնդրեի, որ լրագրողներն ուսումնասիրեին 1998-1999-ին Ղարաբաղի խորհրդարանում ընդունված բոլոր օրենքները եւ հասկանային՝ դիկտատորը ե՞ս էի, թե՞ այն, ինչ կատարվում է այժմ: Եթե կգտնեք որեւէ օրենքում գոնե մի կետ, որը փոխելով չի բարելավվել կյանքը, ազատականացման հակառակն է եղել՝ խնդրեմ, ինձ մեղադրեք բռնապետ լինելու մեջ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել