Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին ջարդել տնտեսապես

Հունիս 30,2005 00:00

Հայերին
ջարդել տնտեսապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր կառավարության
առջեւ խնդիր է դրել լինել 10 անգամ ավելի հարուստ, քան Հայաստանը: «Տնտեսական ներուժի
տեսակետից Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի հետ: Այսօր մեր բյուջեն 4 անգամ գերազանցում
է նրանց բյուջեն: Ես կառավարության առջեւ խնդիր եմ դրել՝ ինչպիսին էլ որ լինի Հայաստանի
բյուջեն, մերը պետք է 10 անգամ գերազանցի այն, եւ մենք կհասնենք դրան»: Այս հայտարարությամբ
Ադրբեջանի նախագահը հանդես է եկել «Սի-Էն-Էն Թյուրք» հեռուստաալիքով հեռարձակված
հարցազրույցում: Համոզմունք հայտնելով, որ բանակցային գործընթացում առավելությունն
Ադրբեջանինն է, Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքերն ամրապնդելու
անհրաժեշտության մասին: «Մենք՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, քաղաքական դաշնակիցներ ենք,
մեր դաշնակցությունը տարածաշրջանի այլ երկրների հետ չափազանց կարեւոր է: Օրինակ,
ներկայումս մենք աշխատում ենք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի վրա:
Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում վերածվում են չափազանց կարեւոր ուժի:
Ուստի՝ չեմ կասկածում, որ մենք կլուծենք Ղարաբաղի հարցը: Պարզապես, ես ցանկանում
եմ, որ մենք դա անենք առանց արյունահեղության»,- ասել է Ալիեւը: Նույն հարցազրույցում
Ադրբեջանի նախագահը «հուսադրող» է անվանել Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած բանակցությունների
վերջին փուլը: «Հայկական կողմը հասկանում է, որ ակտիվ բանակցությունները շարունակելուց
բացի, այլ տարբերակ չունի: Ադրբեջանը պատրաստ է արտոնյալ իրավունքներ տրամադրել Լեռնային
Ղարաբաղի հայկական համայնքին եւ անվտանգության երաշխիքներ տալ նրանց: Ես համոզված
եմ, որ խնդիրը կլուծվի հենց այս համատեքստում»,- իր միտքն է զարգացրել Իլհամ Ալիեւը:
Անդրադառնալով հեղափոխությունների թեմային՝ վերջինս գրեթե բառացիորեն կրկնել
է Ռոբերտ Քոչարյանի՝ նույն թեմայով հնչեցրած գնահատականները: Այսպես. Ալիեւը բացառել
է Ադրբեջանում հեղափոխության անցկացման հնարավորությունը: Նրա կարծիքով, կարելի է
զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի եւ որոշ հետխորհրդային պետությունների միջեւ, որտեղ
տեղի են ունեցել գունավոր հեղափոխություններ, սակայն «ամեն մի ժողովուրդ ունի իր
պատմությունը, եւ ներքաղաքական գործընթացները յուրաքանչյուր պետությունում տարբեր
են»: Ապա Ալիեւն այնպիսի բան է ասել, որ Քոչարյանը հաստա՛տ չէր հանդգնի ասել. «Հենվելով
ժողովրդի սիրո եւ հարգանքի վրա՝ ես վստահորեն եւ համարձակորեն կատարում եմ իմ պարտավորությունները»:
Ալիեւը նշել է նաեւ, որ իշխանափոխությունն Ուկրաինայում կատարվել է ժողովրդի
եւ իշխանության միջեւ խնդիրների կուտակման պատճառով: Իսկ Ադրբեջանում «որեւէ հեղափոխության
համար հիմքեր չկան»,- վստահեցրել է նա: Ըստ «Արմինֆոյի» եւ
«Մեդիամաքսի»՝ պատ. ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել