Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԼԻՎՈՒԴՑՈՒ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 30,2005 00:00

Գ.
Սունդուկյանի անվան թատրոնում օրերս տեղի ունեցավ Խորեն Արամունու «Անվերադարձ ապագա»
տրագիկոմեդիայի պրեմիերան՝ ամերիկաբնակ դերասան-ռեժիսոր Ժան Նշանյանի բեմադրությամբ:
Պիեսը ներկայացնում է ԱՄՆ արտագաղթած հայ ընտանիքներից մեկի ճակատագիրը: Մինչ
պրեմիերան հանդիպեցինք Ժ. Նշանյանին: Նրանից հետաքրքրվեցինք՝ 25 տարի առաջ իրենց
ընտանիքի առջեւ էլ հավանաբար ծառացել էր Ամերիկա գնալ-չգնալու հարցը: Այսօր ինչպիսի՞ն
է արվեստագետի կարծիքը այս խնդրի վերաբերյալ: Ժ. Նշանյանի խոսքերով՝ «Մենք մարդկանցից
ենք փախչում, ոչ՝ հայրենիքից: Պարզապես նեղանում ենք ու գնում»: Բնականաբար, հարց
ծագեց՝ ինքը ժամանակին ումի՞ց էր նեղացել: Դրան ի պատասխան՝ դերասանը հայտնեց, որ
իր դեպքը եզակի է. «Վարդան Աճեմյանի մահից հետո հուսախաբություն ապրեցի: Որոշեցի
գնալ ու գնացի»: Ռեժիսորից տեղեկացանք, որ կազմակերպչական՝ դեկորների, հագուստների,
մի խոսքով՝ ներկայացման հետ կապված բոլոր հարցերը հոգացել է Սունդուկյանի թատրոնի
գեղարվեստական ղեկավար Վ. Շահվերդյանը. «Ներկայացման ֆինանսական կողմը ապահովել է
թատրոնը՝ իր բյուջեից»: Ժ. Նշանյանին ուրախացրել է, որ գլխավոր դերակատարներից բացի
(Ալլա Վարդանյան, Արմեն Մարության, Հասմիկ Ալեքսանյան), 4-ը սկսնակ դերասաններ են՝
Վ. Շահվերդյանի կուրսի շրջանավարտներ. «Դերասանների ավագ սերունդը պետք է հասկանա,
որ իրենք էլ մեծ դեր ունեն նորելուկների՝ որպես արտիստ դաստիարակման գործում»: Պրեմիերայից
հետո թատերագետ Վարսիկ Գրիգորյանը «Առավոտին» ասաց. «Դրամատուրգիան ակնկալում է ընթացք՝
իր փոփոխություններով, ինչը նկատելի չէ այս պիեսում: «Խոխմաներով», սրախոսություններով
պիես չի լինում: Այո, ջանացել են եւ ռեժիսորը, եւ դերասանները: Ժամանակ առ ժամանակ
Ալլա Վարդանյանի, Արմեն Մարությանի եւ մյուսների, այդ թվում՝ եւ երիտասարդների խաղը,
իրենց ժեստով, պահվածքով, շարժումով, խոսքը կարծես ընթացք էր ուզում հաղորդել, զարգացնելով
դինամիկ գիծը: Բայց միեւնույն է՝ պիեսը դրամատուրգիայի իմաստով թույլ է»: 20
տարի «Վարդան Աճեմյան» թատերախմբի գեղարվեստական ղեկավարները՝ Ժան Նշանյանը եւ իր
կինը՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանը, դուրս են եկել Սփյուռքի շրջանակներից՝ նկարահանվելով
հոլիվուդյան ֆիլմերում: Նշենք, որ այս փաստը Հայաստանից արտագաղթած արվեստագետների
դեպքում եզակի երեւույթ է: Ինչպես «Առավոտը» ամիսներ առաջ տեղեկացրել էր, Շ. Թուխմանյանի
մասնակցությամբ Ալեքսանդր Փեյնի «Հարակից ճանապարհ» ֆիլմը արժանացել է ամերիկյան
կինոակադեմիայի բարձրագույն պարգեւին՝ «Օսկարին»՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:
Ինչպես նշեց Ժ. Նշանյանը, նույն ֆիլմը արժանացել է նաեւ վերոնշյալ կինոակադեմիայի
սահմանած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության միանգամից երկու պարգեւի: Ամուսինները
նկարահանվել են նաեւ Անդրիու Նիկոլի «Պատերազմի դերը» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր
հերոսի ծնողների կերպարները: Իսկ գլխավոր հերոսի դերում նկարահանվել է Նիկոլոս Քեյջը:
Այս ֆիլմում հայ դերասանների խաղընկերներն են եղել նաեւ Ջերալդ Լիդոնին եւ Դոնալդ
Սանդրլենդը: Ժ. Նշանյանը նկարահանվել է նաեւ Մայքլ Զիմբրգի «Աչքեր» ֆիլմում: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել