Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՈՒՀԱ՞Ն ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

Հուլիս 01,2005 00:00

Վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը ուշագրավ զրույց ունեցավ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առաջին պաշտոնական այցը եվրոպական երկրներ սկսվեց
Լիտվայից։ Չնայած 15 տարի առաջ մենք Լիտվայի հետ բախտակիցներ էինք եւ գտնվում էինք
նույն պետության կազմում, այժմ դա վաղուց արդեն մաքուր ու դաստիարակված եվրոպական
երկիր է, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը
եւ վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասը Անդրանիկ Մարգարյանին ընդունեցին ընդգծված հարգանքով՝
որպես Հայաստանում քաղաքական կշիռ ունեցող անձնավորության, եւ իրենց ողջույնի խոսքերում
շեշտեցին դա։ Լիտվայի ղեկավար այրերը այնքան ջերմորեն էին հայտարարում, որ պատրաստ
են Հայաստանին օգնել դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ, որ թվում էր, որ մեզ համար դա այնքան
էլ դժվար բան չէ։ Վարչապետ Բրազաուսկասը համատեղ ասուլիսի ժամանակ նույնիսկ հայտարարեց,
թե իր կարծիքով՝ Հայաստանը շատ ավելի լայն հնարավորություններ ունի ավելի կարճ ժամկետում
հասնել դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ։ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Լիտվայի
նախագահ Ադամկուսը ասաց, որ իրենք շահագրգիռ են կովկասյան տարածաշրջանում խաղաղության
եւ կայունության պահպանման գործում եւ ակնկալում են նաեւ Հայաստանի իշխանությունների
աջակցությունը։ Լիտվացիք չէին թաքցնում, որ տարածաշրջանում հատկապես կարեւորում են
Վրաստանի դերն ու նշանակությունը։ Լիտվայի նախագահը նույնիսկ հետաքրքրվեց. «Ի՞նչ
կարծիքի է Անդրանիկ Մարգարյանը իրենց առաջարկի՝ Վրաստանը տարածաշրջանային երկրների
համագործակցության կենտրոն դարձնելու մասին»: Հետաքրքրվեց նաեւ, թե ինչ կարծիքի է
մեր վարչապետը ԱՄՆ-ի ավելի ակտիվ մասնակցությանը տարածաշրջանում։ Անդրանիկ Մարգարյանը
ի պատասխան նկատեց, որ Հայաստանը կողմ է ցանկացած համագործակցության, որն ուղղված
է տարածաշրջանում կայունության հաստատմանն ու պահպանմանը։ Այդ ենթատեքստում է դիտարկվում
նաեւ Հայաստանի մասնակցությունը «Նոր հարեւաններ» տարածաշրջանային ծրագրին։ «Կարծում
եմ, սա կնպաստի, որպեսզի կարողանանք ապահովել տարածաշրջանի երկրների նույն արժեքային
համակարգով առաջ գնալը»,- նկատեց պրն Մարգարյանը։ Լիտվայի նախագահին հետաքրքրում
էր նաեւ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ասվեց, որ թեպետ Լիտվայի եւ
Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ կան, սակայն դրանք չեն խանգարում
բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը։ Վարչապետի զրուցակիցները շեշտում էին,
որ Լիտվայի նախագահը այս տարվա մայիսի 9-ին հատուկ, սկզբունքորեն չի գնացել Մոսկվա՝
Պուտինի հետ հաղթանակի 60-ամյակը նշելու։ Լիտվայի նախագահն ասաց, որ դա իր սկզբունքային
դիրքորոշումն է եղել։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Լիտվայի նախագահի հետ
զրույցում նկատեց. «Հարեւանների հետ ուզած-չուզած պետք է լավ, բարիդրացիական հարաբերություններ
ունենանք, քանի որ մենք չենք կարող փոխել նրանց»։ Այս միտքը Ադամկուսին շատ դուր
եկավ, եւ նա մի քանի անգամ այն կրկնեց։ Ու երբ վարչապետն ասաց, թե Հայաստանը ակնկալում
է նաեւ Լիտվայի աջակցությունը Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններում, առանց
նախապայմանների՝ սահմանների բացման, Լիտվայի նախագահը նկատեց. «Մենք շատ լավ գիտակցում
ենք ձեր դիրքորոշումը եւ կարելի է ասել մենք ձեր կողքին ենք։ Ինձ շատ դուր եկավ ձեր
ասածը, թե մենք չենք կարող ընտրել մեր հարեւաններին»։ Անդրանիկ Մարգարյանը Լիտվայի
նախագահին փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի հրավերը Հայաստան այցելելու մասին, ինչը սիրով
ընդունվեց։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎիլնյուսՎարչապետը հանդիպեց
նաեւ Լիտվայի հայ համայնքի հետ, որի մասին ռեպորտաժը կարդացեք 5-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել