Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ

Հուլիս 01,2005 00:00

ԵԹԵ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԼԻՆԵՐ Վերջին շրջանում Հայաստանում հետաքրքրությունը թենիսի նկատմամբ բավականին մեծացել է: Սակայն միջազգային ասպարեզներում հայաստանցի մարզիկների քանակական եւ որակական աճ, կարծես, չի նկատվում: Հանրապետությունում մարզաձեւի առջեւ կանգնած խնդիրների եւ ապագայի մասին մեր աշխատակիցը զրուցեց Թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանի հետ: – Պարոն Փամբուկյան, ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է թենիսի ընդհանուր վիճակը: – Ինձ ուրախացնում է, որ տարեցտարի թենիսով զբաղվողների թիվը մեծանում է: Ավելի ու ավելի շատ մանուկներ են ցանկանում մարզվել, ավելանում է նաեւ սիրողների՝ առողջության համար խաղացողների, թիվը: Դա հիմնականում ֆեդերացիայի գործադրած ջանքերի արդյունք է: Բայց պիտի խոստովանեմ, որ մենք դեռ ետ ենք մնում թեկուզ մեր անմիջական հարեւաններից: – Ինչո՞վ: Ինչո՞ւ: – Մարզաբազաները, մարզադպրոցները, ակումբները, լավորակ կորտերն են քիչ: Հայաստանում թենիսով զբաղվելու հնարավորություն, թերեւս, միայն Երեւանում կա: Սակայն այստեղ էլ գործում են ընդամենը «Արարատ», Ֆիզիկայի ինստիտուտի ակումբները եւ «Հրազդան» մարզահամալիրի հարեւանությամբ գտնվող մարզադպրոցը, որոնցում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չի լինում: Մինչդեռ, Թբիլիսիում ու Բաքվում, որքան ինձ հայտնի է, կա թենիսի առնվազն 10-12 ակումբ: – Այդ բացը լրացնելու համար ինչ-որ բան արվո՞ւմ է: – Հիմա «Հրազդան» մարզահամալիրում կառուցվում է ծածկած երեք խաղադաշտով միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի համալիր: Այն իր տեսակի մեջ ու որակով միակն է լինելու տարածաշրջանում: Կառույցը պատրաստ կլինի 1-1,5 տարում: Դրա շահագործումով, համոզված եմ, նոր զարկ կտրվի մասսայականությանը: Օրակարգից դուրս կգա նաեւ մի այնպիսի կարեւորագույն խնդիր, ինչպիսին շուրջտարի մարզվելու հնարավորությունն է: Թեեւ, պիտի ասեմ, որ այսօր ծածկած երկու կորտ արդեն գործում է Ֆիզիկայի ինստիտուտի նորաստեղծ ակումբում: – Մասսայականությունից ծնվում է վարպետությունը: Եթե առաջին դեպքում խնդիրներ գրեթե չենք ունենում, միջազգային ասպարեզներում հայաստանցիների քանակական ու որակական առաջընթաց գրեթե չի նկատվում: – Այդ կարծիքին այնքան էլ համաձայն չեմ: Մենք ունենք Սարգիս Սարգսյան, որը շուրջ տասը տարի աշխարհի առաջին հարյուրյակում է: – Բայց Սարգիսը վաղուց Հայաստանում չի, բնակվում ու մարզվում է արտասահմանում: Ես նկատի ունեմ նրանից հետո Հայաստանում աճած կադրերին: – Միջազգային բարձր կարգի թենիսիստ պատրաստելը հեշտ չէ: Դրա համար մեծ միջոցներ, համընդհանուր ուշադրություն ու ժամանակ է պահանջվում: Նայեք, Հունաստանի թենիսի ֆեդերացիայի տարեկան բյուջեն $3-4 միլիոն է, բայց նրանք «աստղեր» չունեն: Կիպրոսինը՝ $2 միլիոն ու նույն պատկերը: Մեր ֆեդերացիան բյուջեից ոչ մի լումա չի ստանում: Սակայն այսօր ունենք մի քանի երիտասարդներ, ովքեր երկու-երեք տարի հետո իրենց մասին պետք է որ խոսել տան: Սա միայն իմ տեսակետը չէ: Այդպես ասում են նրանց տեսած միջազգային ճանաչում ունեցող լուրջ մասնագետները: Այդ պատանիներից երկուսին, չեմ թաքցնում, անձնապես հովանավորում եմ արդեն վեց տարի, այն ժամանակներից, երբ դեռ ֆեդերացիայի նախագահ չէի: Նրանցից մեկն արդեն իսկ խաղացել է Շարապովայի, Հինգիսի հետ: Անցած տարի, նույնիսկ, սպորտային մարքեթինգի աշխարհահռչակ ֆիրմաներից մեկը՝ «Օկտագոնը», որը երկրորդն է աշխարհում, պատրաստ էր վճարել ու այդ երեխաներին տանել: Չհամաձայնվեցի: – Լավ, ասենք, պայմաններ ստեղծվեցին, կարծում եք՝ Հայաստանում հնարավո՞ր է միջազգային մակարդակի թենիսիստներ աճեցնել: – Ցավոք, ոչ: Դրա համար նաեւ համապատասխան մարզչական կազմ պետք է ունենալ: Ես անձամբ պայմանավորվել եմ ռուսաստանցի մի քանի բավականին լուրջ մասնագետների հետ: Նրանք համաձայնել են մարզահամալիրը շահագործելուց հետո գալ ու մի որոշ ժամանակ աշխատել այստեղ: Իսկ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւի հետ որոշել ենք, որպեսզի այդ ժամանակ նրանց հավաքական թիմերը ուսումնամարզական հավաքներ անցկացնեն Հայաստանում: Իսկ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մինչեւ համալիրի շահագործման հանձնելը՝ Հայաստանում հնարավոր է թենիսիստին հասցնել ապագա «աստղի» սաղմնային փուլի: Ինչ վերաբերում է համաշխարհային մակարդակի թենիսիստ պատրաստելուն, սկսած ինը-տասը տարեկանից, յուրաքանչյուր պոտենցիալ «աստղի» վրա պետք է ծախսել տարեկան միջին հաշվով առնվազն $50 հազար: Այն էլ հայտնի չէ, թե նա այդպիսին կդառնա՞: – Որպես մարզաձեւի ղեկավար ու պատասխանատու, ի՞նչ եք կարծում, այդ գումարն ավելի նպատակահարմար է ծախսել մեկ «աստղ» աճեցնելո՞ւ համար, թե՞ հանրապետությունում մարզաձեւը զարգացնելու: – Երկուսը միասին: – Անձնական միջոցներից տարեկան որքա՞ն եք ծախսում թենիսի վրա: – Բավականին շատ: – Հայաստանը «Դեւիսի գավաթի» խաղարկությանը մասնակցո՞ւմ է: – Հուլիսի 11-17-ը Իռլանդիայում մեր չորս հոգանոց հավաքականը, որի կազմում է նաեւ Սարգիս Սարգսյանը, հանդես է գալու այդ գավաթի խաղարկության 3-րդ խմբի փնջային մրցաշարում: Ութ թիմերի պայքարում խնդիր ենք դրել՝ տեղափոխվել երկրորդ խումբ, որտեղ ժամանակին եղել ենք: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031