Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյան զուգահեռներ

Հուլիս 02,2005 00:00

Սեւ
մայրցամաքին պետք չէ վերեւից նայել Հայերիս համար Աֆրիկան կամ աֆրիկյան պետությունների
անունները (Զաիր, Կոնգո, Ալժիր եւ այլն) գրեթե հետամնացության հոմանիշներ են: Այդպես
են մտածում մեր քաղաքացիները, այդպիսին է մեր էլիտայի լեզվամտածողությունը: Հաճախ
մեզ ավելի ընդունելի է համեմատվել հարեւան թուրքերի, պարսիկների կամ միջինասիական
ժողովուրդների, քան, ասենք, նիգերիացիների հետ: Եվ եթե մեր մտածողության /սնապարծության/
պատճառը մեր անցյալն է, առաջարկում եմ համեմատություն անցկացնել ժամանակակից Հայաստանի
եւ աֆրիկյան պետությունների ժամանակակից պատմության միջեւ: Վերելք. 1960 թվականին
աֆրիկյան 16 պետություն ձեռք բերեց անկախություն: Ազգային ինքնագիտակցության
վերելքը Աֆրիկայում սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի տարի
հետո, իսկ արդեն 50-ականներին աֆրիկյան գրեթե բոլոր պետություններում ձեւավորվեցին
ազգայնական-ազատագրական շարժումներ, որոնց հիմնական նպատակներն էին՝ պայքար ապագաղութացման
համար, անկախացում գաղութարար պետություններից /Արեւմուտք/, ազգային ինքնիշխան պետությունների
ձեւավորում, միջազգային ճանաչում եւ միջազգային ինստիտուտներում լիարժեք ներկայացուցչություն:
Եթե մի կողմ դնենք «հողային պահանջները», ապա 1990-ականներին մենք գրեթե կրկնեցինք
1960-ականների աֆրիկացիներին: Անկում. Համաձայն ամերիկացի սոցիոլոգ Էմանուիլ
Վալերշտայնի, նախքան անկախության հռչակումը՝ աֆրիկյան հասարակությունը լի էր լավատեսությամբ
եւ սեփական ուժերի նկատմամբ հավատով: Շատ չանցած՝ ազգային շարժումների լիդերները
կազմավորեցին ազգային կառավարություններ: Աֆրիկան դարձավ ինքնուրույն եւ անկախ: Ընդամենը
մի քանի տարի հետո կոռուպցիան, ազգամիջյան թշնամանքը, ռասիզմը, ամենաթողությունը,
ձախողված տնտեսական քաղաքականությունը, մոնոպոլիաները, կլանային համակարգը սկսեցին
ձեւավորել աֆրիկյան նոր իրականությունը: 1960-ականների էնտուզիազմին եւ գաղափարական
վերելքին փոխարինեցին տարեցտարի խորացող բեւեռացումը, պեսիմիզմը եւ հոգեւոր նիհիլիզմը:
Ինչպես կարելի է նկատել, ազգային զարթոնքի եւ դրան հաջորդած հոգեւոր, սոցիալական
նիհիլիզմի ու բեւեռացման զարգացումներով էլ մենք գրեթե կրկնում ենք 1960-85-ականների
աֆրիկացիներին: Ճգնաժամ. Սոցիալ-տնտեսական քաղաքականության ձախողումը աֆրիկյան
հասարակության մեջ խորացրեց անվստահությունն ու ատելությունը թե՛ անկախության գաղափարների,
թե՛ այդ գաղափարները կրող ազգային-ազատագրական շարժումների ու նրանց առաջնորդների
նկատմամբ: Աճեցին ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը, արդյունքում՝ աֆրիկյան ազգային-ազատագրական
շարժումները չկարողացան վերաձեւակերպվել անկախ պետությունների քաղաքական համակարգի
կենսունակ միավորների: Անկախությունից հետո այս շարժումները փլուզվեցին, իսկ այլ
քաղաքական ուժեր չկարողացան լցնել ձեւավորված վակուումը եւ մոբիլիզացնել հասարակական
գիտակցությունը: Այսօր Աֆրիկան ապրում է սոցիալ-տնտեսական եւ քաղաքական-համակարգային
ճգնաժամ: Վերջաբան. Աշխարհի 16 աղքատ երկրների շարքում մեզ ընդգրկելը («Հազարամյակի
մարտահրավերներ», ԱՄՆ) եւ օգնությունը, որ տարբեր խողովակներով տալիս է մեզ քաղաքակիրթ
աշխարհը, թույլ է տալիս ենթադրել, որ մենք դեռեւս ունենք շանսեր չկրկնելու աֆրիկյան
պետությունների ֆիասկոն: Կգիտակցի՞ արդյոք այս ամենը մեր քաղաքական էլիտան եւ կդադարի՞
վերեւից նայել աֆրիկացիներին՝ դժվար է ասել: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել