Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՔԸ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆ Է

Հուլիս 08,2005 00:00

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԻՄՔԸ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆ Է Երեկ Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը մարզական լրագրողներին հրավիրել էր ասուլիսի: Նա անդրադարձավ հանրապետությունում տարվող սպորտային քաղաքականության ոլորտում կատարված մի քանի նշանակալի իրադարձությունների: Մասնավորապես, խոսեց սպորտում մարզադպրոցների ունեցած դերի եւ իրականում այնտեղ տիրող ներկայիս խիստ անմխիթար վիճակի մասին: Նա բերեց մի ամբողջ շարք թվական տվյալներ, որոնք իրականությունը ճիշտ գնահատելու հնարավորություն են ընձեռում նույնիսկ ոլորտից հեռու կանգնած մարդկանց: «Հանրապետությունում ներկայումս գործում է 164 մարզադպրոց, որոնցից ընդամենը 24-ն է գտնվում Սպորտպետկոմի համակարգում,- ասաց նա:- Դրան ավելացրած՝ «Հայաստան» եւ «Սեւան» մարզական միություններից համապատասխանաբար 12 եւ 11 մարզադպրոց էլ պետպատվերի շրջանակներում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Առանձին ՄԴ-ներ ունեն ՀԱՕԿ-ը եւ ֆուտբոլի ֆեդերացիան: Մնացած մարզադպրոցները համայնքային ենթակայության են: Այս իրավիճակում մենք մինչեւ հիմա իրավասու էինք ղեկավարություն իրականացնել միայն մեր հաշվեկշռում եղած մարզադպրոցներում: Մյուսներում տնօրեններ նշանակում ու ազատում են, աշխատանք են ծավալում, հարցեր են քննարկում, ըստ էության, ինքնուրույն: Մենք այնտեղ դիտորդի դերում կարող ենք լինել միայն տնօրեն նշանակելիս կամ ազատելիս: Մյուս դեպքերում իրավունք ունենք ուսումնասիրել կամ մասնագիտական եզրակացություն տալ, եթե նրանք մեզ դիմեն, ինչը մինչեւ հիմա արել եւ անում ենք: Սակայն համայնքապետը, գյուղապետը կարող են մեր կարծիքը հաշվի չառնել: Վերջերս կառավարությունը որոշում է կայացրել տարածքային կառավարման նախարարությանը տալ նաեւ մշակութային եւ սպորտի ոլորտների համակարգողի լիազորություններ: Սա ես համարում եմ անչափ կարեւոր քայլ: Բանն այն է, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ հիմնականում մյուս համակարգերի ենթակայության մարզադպրոցներում (իսկ մեզ մոտ գիտենք) տնօրեն են աշխատում մարդիկ, ովքեր ֆիզիկական կուլտուրայի մասին ընդհանրապես գաղափար չունեն: Կարծում եմ՝ չարժե բացատրել, թե դա ինչ է նշանակում: Մինչդեռ կա կառավարության որոշում, որ ՄԴ-ի տնօրեն աշխատելու իրավունք ունի միայն ֆիզկուլտուրայի բարձրագույն կրթություն ունեցող անձը, որը մինչ այդ պետք է ունենա առնվազն հինգ տարվա մանկավարժական կամ կառավարման, ձեռնարկատիրական մարմիններում աշխատելու ոչ պակաս, քան երեք տարվա աշխատանքային ստաժ: Սպորտի պետական կառույցը մարզադպրոցներին վերաբերվում է նախ եւ առաջ որպես ռեզերվ աճեցնող դարբնոցի, առանց որի հնարավոր չէ ապագայի որեւէ հույս փայփայել: Մարզադպրոցն անփոխարինելի դեր ունի երկրի մարզական քաղաքականությունն իրականացնելու գործում: Այս հանգամանքները նկատի ունենալով՝ Սպորտպետկոմը տարածքային կառավարման նախարարության հետ որոշել է օրենքով սահմանված կարգով բոլոր մարզադպրոցներում, անկախ համակարգից, կադրերի, նախ եւ առաջ՝ տնօրենների ատեստավորում անցկացնել: Օրենքը իրավունք տալիս է ատեստավորում անցկացնել այն ՄԴ-ներում, պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, որոնք գործում են արդեն հինգ տարուց ավելի: Դրա համար ստեղծվելու է ընդհանուր հանձնաժողով: Ասեմ միայն, որ մեր խնդրանքով այդ հանձնաժողովի կազմը պարբերաբար փոփոխվելու է: Կազմված են հատուկ հարցաշարեր, որոնցում հարցեր կան սպորտի, մանկապատանեկան սպորտի մասին օրենքներից, Սպորտպետկոմի կանոնադրությունից, քաղաքացիական եւ այլ օրենսգրքերից: Այդ հարցաշարերը, մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը մեկիկ-մեկիկ ուսումնասիրել եւ ուղարկել ենք արդարադատության նախարարություն: Այնտեղ դրանք արժանացել են հավանության: Այնպես որ, մարզադպրոցների տնօրենների ատեստավորումն ամենայն հավանականությամբ կսկսենք արդեն օգոստոս-սեպտեմբերին»: Պարոն Իսպիրյանը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետության 164 ՄԴ-ներում աշխատում 1833 մարզիչ, որոնցից 1318-ը՝ մասնագիտական բարձրագույն կրթությամբ: Բոլոր ՄԴ-ներում մարզվում է 39022 երեխա: Նրա հաշվարկներով՝ մեկ մարզչի մոտ պարապում է միջին հաշվով 21-22 սան: Նրան, որպես Սպորտպետկոմի նախագահի տեղակալի եւ ոլորտի պատասխանատուներից մեկի, այս թվերը չեն բավարարում: «Գուցե ժամանակին ինչ-որ մեկը հավանություն է տվել այս թվերին ու սխալ է գործել,- ասաց նա:- Յուրաքանչյուր մարզիչ նախ եւ առաջ պետք է առնվազն 14-15 հոգիանոց նախապատրաստական խումբ հավաքի: Դրանից բացի, նա պետք է ունենա արդեն երկու-երեք տարի մարզվողների 10-12 հոգիանոց խումբ: Եվ վերջապես, այսպես կոչված՝ «տարեցների» խումբ հասկացությունը կա, որում, սովորաբար, լինում է 7-8 մարզվող: Այնպես որ, մեկ մարզիչը լրիվ հաստիք ապահովելու համար պետք է մարզի մոտ 30-40 երեխայի»: Ու համոզմունք հայտնեց, որ այս հարցը նույնպես, այնուամենայնիվ, պետք է լուրջ քննարկման առարկա դառնա: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել