Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒԲԱՅՈՒՄ «ԱՅԻՇԱՆ» ԵՂԵԼ Է «ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԲՈՍԸ»

Հուլիս 09,2005 00:00

ԴՈՒԲԱՅՈՒՄ «ԱՅԻՇԱՆ» ԵՂԵԼ Է «ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԲՈՍԸ» Հուլիսի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Դուբայում հայտնի կավատ Լուսինե Հակոբյանի (մականունը՝ Այիշա) դատական գործի քննությունը (դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ): Այիշան մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելու մեջ՝ ՀՀ Քրօրի 262 հոդվածի առաջին մասով: Այս հոդվածով նախատեսվում է մեկից չորս տարի ազատազրկում: 2004թ. սեպտեմբերին Դուբայում ՀՀ դատախազության հատուկ գործերով քննիչ Արիստակես Երեմյանը հարցաքննել է Այիշային: Վերջինս խոստացել է 2 ամսվա ընթացքում կամավոր ներկայանալ ՀՀ դատախազություն: Այդ ժամանակահատվածում Այիշան ներկայացել է, ուստի դատախազությունը հաշվի առնելով դա, նաեւ անչափահաս երեխային, նախկինում դատված չի եղել՝ ընդառաջել է կնոջ խնդրանքին եւ չի կալանավորել նրան: Այիշան ասում է, որ չի ղեկավարել մարմնավաճառներին, պարզապես օգնել է նրանց: Դատական անդրանիկ նիստին (հունիսի 20) ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ, մեղադրող Արմեն Բոշնաղյանը միջնորդեց հրապարակել Այիշայի նախաքննական ցուցմունքը, որում նա իրեն մեղավոր է ճանաչել մի քանի աղջիկների՝ իր ղեկավարությամբ պոռնկությամբ զբաղվելու համար: Ըստ Այիշայի՝ մարմնավաճառներից ունեցած շահույթը եղել է միայն այն, որ ուտելիքի, տան վարձի եւ հագուստների գները մի քիչ թանկ է ասել եւ այդ կերպ նրանցից գումար «աշխատել»: Այիշայի՝ գումար վաստակելու այս տարբերակը հերքեցին դատակոչված 4 վկաները: Վկաներից երեքը պնդում էին, որ Դուբայում Այիշան եղել է իրենց «դաժան բոսը», եւ մարմնավաճառությամբ աշխատած գումարն ամբողջությամբ հանձնվել է նրան, քանի որ իրենք այլընտրանք չեն ունեցել. Այիշայի մոտ է եղել նրանց անձնագրերը: «Իմ աչքի առաջ Արմինեի անձնագիրը ճղեց, դրա համար աչքս վախեցած էր, ինքն էլ մեզ անձնագրով էր վախեցնում»,- ասում է վկաներից Ռ.-ն: Ռ.-ն աշխատանք գտնելու նպատակով գնացել է Դուբայ, բայց չի հաջողել: Նա կավատ Աննայի (մականունը՝ Բուլդոկ) ենթակայության տակ մարմնավաճառությամբ զբաղվելիս ծանոթացել է Այիշայի հետ: Հետո Ռ.-ն, «նեղվելով» իր վիճակից, այնպես է արել, որ ոստիկաններն իրեն բռնեն եւ վտարեն Հայաստան: «Երկրորդ անգամ Դուբայ գնալու համար Այիշան է վիզա բացել: Ինչպես պայմանավորվել էի Այիշայի հետ, պետք է աշխատեի նրա ընկերոջ բիլիարդանոցում: Ես գնացի Դուբայ, էդ բիլիարդանոցի գործը չստացվեց, հետո դե պետք է Այիշային տայի տան վարձ, ուտելիքի փող, դրա համար սկսեցի նորից մարմնավաճառությամբ զբաղվել: Ես ընդունում եմ, որ զբաղվել եմ մարմնավաճառությամբ, բայց Այիշայի ղեկավարությամբ: Բոլոր փողերը բերել տվել եմ նրան»,- դատարանում պատմեց Ռ.-ն: Մյուս վկան՝ Վ.-ն, ուսանող է եղել, վարձի պատճառով կիսատ է թողել ուսումը եւ որոշել գնալ որեւէ երկիր՝ աշխատանք փնտրելու, քանի որ տիրապետում էր անգլերենի եւ համակարգչի: Ընկերների միջոցով Այիշային խնդրել է իրեն Դուբայի վիզա ուղարկել: Այիշան դիմավորել է նրան Դուբայում, տեղավորել իր վարձակալած տանը: «Աշխատանք չէի գտնում, մի օր էլ Այիշան ասաց՝ ինչ ուզում ես արա, փո՛ղ բեր: Ու առաջարկեց զբաղվել մարմնավաճառությամբ: Ես հոգեպես այնպես էի ճնշվել, չգիտեի՝ ոնց եմ անելու: Ինձ դիմավորելիս նա վերցրել էր իմ անձնագիրը, իբրեւ թե ապահովության համար: Ու ես ստիպված սկսեցի «դուրս գալ» փողոց: Գնում էինք դիսկոտեկներ, նարգիլե-ակումբներ»,- ասաց վկան՝ Վ.-ն: Վ.-ն Դուբայում մնացել է 1 տարի 2 ամիս եւ մոտ մեկ տարի զբաղվել մարմնավաճառությամբ: Նա օրական ընդունել է միջինը երկու հաճախորդ: Հետո Վ.-ին սիրահարվել է արաբ Մուհամեդ Ջամիդը: Մուհամեդն ամսական 4000-5000 ԱՄՆ դոլար է վճարել Այիշային, որպեսզի նա հաճախորդ չընդունի: Մուհամեդը խոստացել է Վ.-ին օգնել նաեւ Հայաստանում, դրա համար էլ Վ.-ն հանձնվել է ոստիկանություն, 21 օր մնացել Միգրացիոն ծառայությունում ու վտարվել Հայաստան: «Ես սպասում էի պարտքը վերջանար, որ անձնագիրս տար, բայց այդ պարտքը չէր վերջանում, այլ ավելանում էր»,- ասում է Վ.-ն: Վ.-ն հիմա ամուսնացել է, բայց դեռ չի կարողանում երեխա ունենալ: «Ես Դուբայում հղիացել էի, Այիշան ինչ-որ հաբեր տվեց, խմեցի, որ վիժեմ: Էդ հաբերից ես վատացել էի: Երեք օր զառանցելուց հետո միայն Այիշան ինձ տարավ Օլգա անունով մի բշժկի մոտ, եւ վիճակս մի քիչ նորմալացավ»,- հիշում է Վ.-ն: Նրա հաշվարկով՝ ինքը Այիշայի համար աշխատել է 60.000-70.000 ԱՄՆ դոլար: Երրորդ վկան՝ Մ.-ն իր ընկերների խորհրդով գնացել է Դուբայ աշխատելու: Աշխատանք գտնելու հույսով առաջին անգամ Դուբայում գտնվելիս նա մարմնավաճառությամբ է զբաղվել կավատ «Բուլդոկ» Աննայի ղեկավարությամբ: Մոր մահվան պատճառով Մ.-ն վերադարձել է տուն: Մ.-ի հաշվարկով՝ նա Այիշայի համար նույնպես աշխատել է 60-70 հազար դոլար: Նախաքննական իր ցուցմունքը Այիշան ոչ պնդում էր, ոչ հերքում եւ դատարանում փոխում էր իր մեղավորության աստիճանը: «Ես ինձ մեղավոր ճանաչում եմ, որ օգնել եմ, վիզա եմ բացել, ու նրանք եկել են Էմիրություններ, իսկ մեղավոր չեմ ճանաչում, ես նրանց չեմ օգնել մարմնավաճառությամբ զբաղվելու եւ չեմ էլ ղեկավարել նրանց»,- նիստի ընթացքում անընդհատ կրկնում էր Այիշան: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել