Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատեք

Հուլիս 16,2005 00:00

«Աշխատեք Հայաստանում եւ Հայաստանի համար» Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի նախագահ Գի Լավորելն իրականացրեց իր խոստումը, որ տվել էր մի հայ աղջնակի: 30 տարի առաջ ֆրանսիական մի լիցեյում ավարտական դիպլոմներ հանձնելիս Գի Լավորելը հանդիպել էր 3 հայ շրջանավարտների: Նրանցից մեկը՝ մի աղջիկ, պրն Լավորելին ասել էր. «Լավ կլիներ, որ մեկ օրով գնայիք Հայաստան»: Երեկ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, Գի Լավորելը հպարտությամբ հայտարարեց, որ վերջապես իրականացրել է իր խոստումը: Կառավարման, առեւտրի եւ իրավաբանական ֆակուլտետների 71 շրջանավարտներ հանդիսավոր պայմաններում ստացան իրենց ավարտական դիպլոմները: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, ՀՀ ԿԳ նախարարը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, այլ պաշտոնյաներ: ԱԺ նախագահ, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը հպարտությամբ հիշում էր, թե ինչպես իր եւ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Միշել Լեգրայի մեջ ծնվեց այս համալսարանը բացելու «համարձակ եւ ինչու չէ՝ նաեւ խենթ գաղափարը»: Նա նաեւ շեշտեց երկրի նախագահի գործուն մասնակցությունն այս հարցում: (Ի դեպ, 1998-ին համալսարանի բացման արարողության մասին մեր հրապարակման մեջ Ռ. Քոչարյանը մոտավորապես այսպիսի միտք հայտնեց, թե Արթուր Բաղդասարյանն այնքան «բզեց», մինչեւ գործը գլուխ եկավ): Այսօր 71 շրջանավարտներից 44 լավագույններն ունեն նաեւ Լիոն-3 համալսարանի միջազգային դիպլոմ, ինչը հնարավորություն է տալիս նրանց՝ ազատ գործունեություն ծավալել նաեւ Ֆրանսիայում: Սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին իր խոսքում մաղթանք հղեց, որ «կյանքի դռներն այնպես բացվեն այս շրջանավարտների առջեւ, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանում եւ Հայաստանի համար»: Թեեւ այս 5 տարիները համալսարանում սովորողների համար շատ ծանր էին՝ նրանցից շատերը մնացին բարիկադների այն կողմում (հիշենք՝ համալսարանը շարունակաբար խստացնում էր ուսման չափորոշիչները, եւ շատերը զրկվեցին այստեղ սովորելու իրավունքից), սակայն իր խոսքում համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեն նշեց, որ «այսօր հանձնվող դիպլոմները պահանջկոտության արդյունք են»: ԿԳ նախարար Սերգո Երիցյանի կարծիքով, այսօր մենք ունենք տարածաշրջանում կարեւորագույն կրթական օջախներից մեկը՝ ի դեմս Հայաստանում ֆրանսիական համալսարանի: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031