Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐ ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒՆԵՆԱՆՔ ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ»

Հուլիս 22,2005 00:00

Վանաձորի
4-րդ տնակային ավանը մեկն է քաղաքում առկա բազմաթիվ նմանատիպ ավաններից: Դրանք աղետի
գոտին «զարգացման գոտու» վերափոխված լինելու պնդումների օգտին չեն՝ շատ մեղմ ասած:
«Հեռուստատեսությամբ հա ասում են, թե Վանաձորում բնակարանի պրոբլեմ չկա: Բա
մենք օդի՞ց ենք իջել,- մեր զրույցի ընթացքում ասաց ավանի բնակիչներից մեկը, եւ ուշադրությունս
հրավիրելով մետաղյա կարգախոսներով կարկատված իր տնակին՝ ասաց:- Է, ինչ ասեմ՝ հենա
դոմիկին նայելով ասվում ա, էլի»: Մարդիկ այս տնակներում ապրում են արդեն 13-17
տարի: Մեծահասակներն այստեղ օրինական գրանցված են՝ ունեն օրդեր: Իսկ երեխաներին չեն
գրանցում, քանի որ Վանաձորի քիմգործարանի մշակույթի պալատին հարակից այս հողերն աճուրդով
վաճառվել են, եւ տեղաբնակներին սպառնում է հարկադիր վտարման հեռանկարը: Տնակաբնակները
դժգոհում են, թե աճուրդը «ներքին կարգով» եւ «10 օրվա մեջ» է եղել՝ «Եթե տեղյակ պահեին,
գուցե մե՞նք էլ մասնակցեինք»: Ըստ նրանց՝ գնորդները եղել են քաղաքապետարանի եւ մարզպետարանի
աշխատակիցները կամ՝ լավագույն դեպքում, բժիշկներ: Հողերը վաճառվել են քառակուսի մետրը
3 դոլարով: Աճուրդից 10 օր անց բնակիչներին տեղեկացրել են վաճառքի մասին ու 5 օր
ժամանակ տվել՝ տարածքն ազատելու համար: Հիմա տնակաբնակները դիմում են հնարավոր
բոլոր հասցեներով՝ Տիգրան Կարապետյանից մինչեւ Արթուր Բաղդասարյան ու Անդրանիկ Մարգարյան:
ԱԼՄ-ն նկարահանել ու ցուցադրել է այն պայմանները, որոնցում ապրում են այս մարդիկ:
Իսկ մեծամեծներին ուղարկված նամակներն ի վերջո վերադառնում են Վանաձորի քաղաքապետարան,
ուր արդեն «բլոկով» են պատասխանում՝ միաժամանակ եւ ԱԺ նախագահին, եւ վարչապետի վերահսկողական
ծառայությանն ուղարկված նամակներին: Քաղաքապետարանի առաջարկած ելքը երկընտրանքային
է: Մեկը «ֆինանսական աջակցություն՝ 2 տարի ժամկետով»: Սա նշանակում է, թե բնակարան
են վարձում ու տեղական իշխանությունը պարտավորվում է 2 տարի վճարել ամիսը 10 հազար
դրամ: Սակայն այս լուծմանը բնակիչները թերահավատությամբ են վերաբերվում, քանի որ
այդպիսով օրինական գրանցման հարցը չի լուծվելու, ու նաեւ պնդում են, թե նախադեպեր
կան, որ դադարեցվել է վարձավճարի փոխհատուցումը: Մյուս ելքը «հանրակացարանային հիմունքներով
բնակմակերեսի հատկացում եւ հաշվառումն է»: Սակայն անգամ առկա պայմաններում, երբ խոնավությունից
ուռչում են մարդկանց ոտքերը, պլաստիկե շշերով՝ արեւի ջերմությամբ են ջուր տաքացնում
լողանալու համար, իսկ ամբողջ ավանի համար մի ընդհանուր գարշահոտ զուգարան կա՝ նրանք
տնակներն էլի նախընտրելի են համարում հանրակացարանի պայմաններից: Թեեւ այնտեղ գոնե
ամեն հարկում կա երկու զուգարան: Արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեն
միայն այն մարդիկ, ում տները քանդվել են աղետի հետեւանքով: Իսկ այս ավանում բնակվողների
գերակշիռ մեծամասնությունը երկրաշարժի պատճառով չէ, որ հայտնվել է տնակում: Այս հանգամանքը
մեզ հետ զրույցի ընթացքում շեշտադրեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը. «Եթե նրանցից
մեկն ասում է, թե երկրաշարժի ժամանակ եմ տունս կորցրել, ուրեմն՝ արդեն տուն է ստացել
եւ վաճառել»: Ավանում, սակայն, կային նաեւ մարդիկ, ովքեր աղետի պատճառով էին կորցրել
իրենց տները, ստացել բնակարան, սակայն հնարավորություն չունենալով նորոգել այն՝ շարունակում
էին ապրել տնակում: Իսկ մեծ մասը մարդիկ էին, որոնք բնակարաններ ստանալու իրենց հերթն
էին կորցրել աղետի հետեւանքով: «Կառավարության քաղաքականությունն այսօր սա է՝ բնակարանով
ապահովել այն ընտանիքներին, որոնք երկրաշարժի ժամանակ տուն են ունեցել եւ ոչ թե՝
հերթ,- ասաց մարզպետը:- Այն քաղաքացին, որ ասում է, թե հերթ է ունեցել՝ ոչ մի բանով
չի տարբերվում Երեւանում կամ Հրազդանում բնակարանի հերթ ունեցողից: Այդ տնակում ապրողի
եւ Վանաձորում վարձով ապրողի միջեւ չկա ոչ մի տարբերություն. ինչո՞ւ պիտի տնակում
ապրողի խնդիրը լուծվի, իսկ վարձով ապրողինը՝ չլուծվի: Անկախ Հայաստանի օրոք այդ հերթացուցակներն
ընդհանրապես տեղից չեն շարժվել՝ պետբյուջեում գումար չի նախատեսվում այդ նպատակով:
Երբ երկրաշարժի հետեւանքով տները կորցրածների խնդիրն ամբողջովին լուծվի՝ այդ ժամանակ
էլ բյուջեում երեւի փող նախատեսեն: Կամ էլ չեն նախատեսի եւ կասեն, թե յուրաքանչյուր
քաղաքացի ինքն է լուծում իր բնակարանի հարցը»: Ի դեպ, վարչապետը մեկ ամիս
առաջ խորհրդակցություն էր հրավիրել աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների
առաջնահերթ բնակապահովման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Միջգերատեսչական
հանձնաժողովի աշխատանքային խմբերն ուսումնասիրել էին անօթեւան ընտանիքների ցուցակները
եւ հայտնաբերել խախտումներ ցուցակների կազմման գործընթացում: Մասնավորապես պարզել
էին, որ Լոռու մարզի համայնքների 310 շահառուների թվում ընդգրկվել էին 11 ընտանիքներ,
որոնք անօթեւան չեն: Ցուցակներում կային նաեւ տրոհված ոչ անօթեւան ընտանիքներ, որոնք
երկրաշարժի հետեւանքով կորցրել են մեկ բնակելի տուն, սակայն հավակնում են երկրորդ
կիսակառույց տան շինարարության: … Իսկ տնակային ավանի բնակիչներն իրենց
ելքերն են առաջարկում՝ վարկ տրամադրել կամ հատկացնել արտագաղթի հետեւանքով Վանաձորում
դատարկ մնացած բնակարանները: Հաստատակամ են՝ դուրս չգալ իրենց տնակներից, ու շարունակում
են սրտառուչ նամակներ ուղարկել բոլոր հասցեներով: Եվ սա Ռոբերտ Քոչարյանին ուղղված
նամակի վերջաբանն է. «Հաշվի առնելով, որ աղետի գոտին գտնվում է Ձեր ուշադրության
ներքո, եւ այն, որ դժվար տարիներին մենք շարունակել ենք մնալ մեր տնակներում՝ խնդրում
ենք Ձեզ, որ հատկապես մեր հարցով զբաղվի Ձեր վերահսկողական ծառայությունը եւ ոչ թե
ծառայողական մարմինները: Քանի որ աղետի գոտին գտնվում է նախագահի հսկողության կենտրոնում,
ուստի դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ մենք եւ մեր երեխաներն ունենանք
մեր բնակարանները եւ լուծվի մեր երեխաների գրանցման հարցը»: Կանխավ շնորհակալություն
է հայտնված ու ստորագրված՝ 4-րդ տնակային ավանի բնակիչներ Աիդա Ղուկասյան, Մարզպետ
Գալստյան, Հմայակ Մկոյան, Ռուզաննա Թումանյան, Ալիսա Աբրահամյան, Հասմիկ Ոսկանյան,
Ջեմմա Հովհաննիսյան: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՎանաձորՀ.
Գ. Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզաբանումներ
ստանալ նաեւ մի շարք այլ խնդիրների շուրջ: Նրա պատասխանները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031