Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական

Օգոստոս 23,2005 00:00

Ոստիկանական «բեսպրեդել» Կենտրոն համայնքի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Հովիկ Թամամյանն անցյալ շաբաթ խիստ անձնական գործով, քաղաքացիական համազգեստով այցելել էր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոն համայնքի նոտարական գրասենյակ ու քաղաքացիներով «պաշարված» մեքենագրուհուն հրահանգել, որ իրեն արագ սպասարկի: Հաճախորդների պատմելով, մեքենագրուհին Հ. Թամամյանին բացատրել է՝ նա ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնի, ում դիմի եւ այլն, բայց դա ոստիկանապետին բնավ չի բավարարել ու պահանջել է նոտար Ռուզան Սահակյանին զեկուցել, որ ինքը գրասենյակում է ու ուզում է նոտարին տեսնել: Մեքենագրուհին, որ քաղաքացիական համազգեստով մարդու մեջ ոստիկանապետի չի ճանաչել, բացատրել է, որ ինքը զբաղված է ու բացի այդ, քարտուղարուհի չէ, որ զեկուցի: Ափերից դուրս եկած ոստիկանապետը մտել է նոտարի աշխատասենյակ, որտեղ նստած է եղել հաճախորդներից մեկը ու հայտարարել, որ ինքը Հովիկ Թամամյանն է, ու պահանջել է, որ նոտարն անձամբ իր գործերը կարգավորի, թե չէ ինքը գրասենյակից ոչ մի տեղ չի գնա, հետո բողոքել է, որ ի տարբերություն Արաբկիր համայնքի, Կենտրոնի նոտարական գրասենյակի աշխատողները իրեն տեսնելիս ոտքի չեն կանգնում: Ռ. Սահակյանը, որ սկզբում ոստիկանապետի անունը ճիշտ չի լսել ու չի հասկացել, որ դա Հովիկ Թամամյանն է, հաճախորդին բացատրել է, որ մեքենագրուհին հիմա չի կարող միայն իր գործերով զբաղվել, առավել եւս, որ նրա ներկայացրած փաստաթղթերը կիսատ-պռատ են: Այստեղ Թամամյանի նյարդերը տեղի են տվել, ու նա պահանջել է, որ նոտարն անձամբ իր խնդրով զբաղվի՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքը նոտարի ու մեքենագրուհու հարցերով դեռ կզբաղվի, աշխատանքից հանել կտա, «կանդալած» բաժին կտանի եւ այլն: Հ. Թամամյանի՝ գրասենյակը լքելուց հետո, քիչ անց Կենտրոնի նոտարական գրասենյակ են եկել Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները՝ քրեականի պետի գլխավորությամբ ու հայտարարել, թե մեքենագրուհուն տանում են բաժին: Գրասենյակում հավաքված քաղաքացիները սկսել են աղմկել՝ բա որ տանում եք, մեր գործերն ո՞վ պիտի անի: Տեսնելով շիկացող մթնոլորտը՝ ոստիկանները ստիպված են եղել նոտարին խնդրել, որ մեքենագրուհուն ընդամենը 10 րոպեով բաց թողնի: Բարդություններից խուսափելու համար մեքենագրուհին գնացել է ու Թամամյանի հայհոյախառն սպառնալիքները կուլ տված՝ վերադարձել գրասենյակ: Կարծում ենք, կատարվածի մասին տեղյակ են ինչպես ՀՀ արդարադատության նախարարությունում, այնպես էլ ՀՀ ոստիկանությունում, բայց Կենտրոնի ոստիկանապետին, որ հայտնի է ոչ միայն որպես 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում իրականացված «օպերացիայի» ակտիվ մասնակից եւ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներն ասպատակող, այլեւ Ռոբերտ Քոչարյանի հետ «բուրան» քշող, դժվար թե կարգի հրավիրեն: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել