Ազգային ժողովում ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է հանրային մեղադրանքին վերաբերող փոփոխությունը՝ ներկայացնելով գործող կարգավորումների պայմաններում առաջացող խնդիրները։
«Այսօր տուժողի բողոքը, դատախազի լայն հայեցողությունը, գործուն զղջալու ինստիտուտում բացառությունների բացակայությունը, հաշտվելու ինստիտուտում բացառությունների բացակայությունը թույլ չեն տալիս իրականում ամբողջ ծավալով իրականացնել քննություն և գնալ մինչև վերջ ու պատասխանատվության ենթարկել բռնարարին»,– նշել է Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փաթեթով վերացվում են օրենսդրական այն բացերը, որոնք հնարավորություն են տալիս խուսափելու պատասխանատվությունից կամ արժանանալու ավելի մեղմ պատասխանատվության միջոցի։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ խնդիրներ կան թե՛ իրավակիրառ պրակտիկայում, թե՛ օրենսդրական դաշտում, և օրենսդրական խնդիրների լուծումը կարևոր է նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման համար։
Կարդացեք նաև
Միաժամանակ նախարարը կարևորել է փաթեթով բռնարարների վարքագծային փոփոխություններին անդրադառնալը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ուշադրությունն առավելապես կենտրոնացած է եղել հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության վրա, սակայն անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև բռնարարների հետ աշխատանքը։ Վերականգնողական ծրագրերի առկայությունը, նախարարի գնահատմամբ, կօգնի վարքագծային փոփոխություններ բերել։
Նախաձեռնության վերաբերյալ կառավարության դիրքորոշումը սկզբունքորեն դրական է։ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ կառավարության ներկայացրած՝ փաթեթի կատարելագործմանն ուղղված առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից։
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն



















































