Ե՛վ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական կուսակցություններն ունեն ավագանու իրենց թեկնածուները
Երեւանի գրեթե բոլոր համայնքներում, բացառությամբ՝ Արաբկիրի, որտեղ առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում, ավագանիների եւ թաղապետերի թեկնածուների առաջադրումներն ավարտվել են: Հայտնի են մասնավորապես Էրեբունիի, Նուբարաշենի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր-Նորքի թաղապետերի առաջադրված թեկնածուների անունները, որոնք մեծ մասամբ անկուսակցականներ են: Մինչ օրս հայաստանյան կուսակցությունները՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ճամբարներից, այդ ընտրություններին առնչվող հայտարարություններով հանդես չեն եկել եւ տակավին հայտնի չէ, թե նրանք ո՞ր համայնքում՝ ո՞ւմ թեկնածությունն են պաշտպանելու, կամ՝ արդյո՞ք ունեն ավագանու առաջադրված թեկնածուներ:
Հենց այս հարցերն էլ փորձեցինք պարզել քաղաքական դաշտում ամենաակտիվ կուսակցություններից: Մեր հարցադրմանն ի պատասխան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե՝ Դաշնակցությունը բոլոր այն համայնքներում, որտեղ տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, ունի ավագանու իր թեկնածուները: Ինչ վերաբերում է թաղապետի թեկնածուներին, ապա՝ Նուբարաշենում պաշտպանում է իր կուսակից Կարո Բարբարյանի, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ Վալերիկ Հարությունյանի թեկնածությունները: «Մյուս համայնքներում առաջադրված թեկնածուներին սատարելու մասին որոշում դեռ ընդունված չէ»,- հավելեց Ս. Սեյրանյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր քարտուղար Ռոբերտ Մկրտչյանն էլ ասաց, թե Երեւանի բոլոր համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են ընթանալու, կուսակցությունն ունի ավագանու մեկից ավելի թեկնածուներ: Մասնավորապես, Նոր-Նորքում նրանք պաշտպանելու են գործող թաղապետի՝ ՕԵԿ անդամ Դավիթ Պետրոսյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է մյուս համայնքներում թաղապետերի թեկնածուներին սատարելուն, ապա, Ռ. Մկրտչյանի ասելով, ՕԵԿ-ը որեւէ մեկին աջակցելու մասին դեռեւս որոշում չի ընդունել: «Այդ առնչությամբ դիրքորոշում հայտնելու համար դեռ ժամանակ կա»,- ասաց ՕԵԿ-ի գլխավոր քարտուղարը: Բայց որ դիրքորոշում կլինի՝ նա վստահ էր. «Եթե երկրում ընտրություններ են տեղի ունենում, կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն»:
«Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ եւ ԱԺ «ԱՄ» խմբակցության պատգամավոր Ալեքսան Կարապետյանն էլ ասաց, թե իրենք բոլոր համայնքներում ունեն ավագանու իրենց թեկնածուները, բայց նրանց անունները չեն հրապարակի. «Եթե մենք հիմա հայտարարենք, թե թաղապետի կամ ավագանու կոնկրետ ո՞ր թեկնածուին ենք պաշտպանում, իշխանությոնները հաստատ ամեն ինչ կանեն խոչընդոտելու այդ թեկնածուների ընտրությունը: Մենք նրանց անունները կհրապարակենք ընտրություններից հետո: Այդ ժամանակ իրենք էլ կասեն, թե որ կուսակցությանն են պատկանում»:
Անդրադառնալով Կենտրոնի թաղապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված «Արդարություն» դաշինքի մամլո խոսնակ, ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզան Խաչատուրյանի թեկնածությունը պաշտպանել-չպաշտպանելուն, պարոն Կարապետյանն ասաց. «Կուսակացությունը բոլոր տեղերում անելու է ամեն ինչ ընտրությունների օրինականությունը՝ ազատությունն ու արդարությունն ապահովելու համար, ինչը ենթադրում է, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ում է ընտրում եւ կարողանա ընտրել այն թեկնածուին, ում ավելի արժանի է համարում: Ով էլ որ ընտրվի ազատ ու արդար ընտրությունների արդյունքում, նա էլ կլինի մեր կողմից աջակցվող թեկնածուն»:
«Արդարություն» դաշինքի կուսակցություններից միակը ՀԺԿ-ն է, որ այս անգամ որոշել է ավելի քան ակտիվ մասնակցություն ունենալ ՏԻՄ ընտրություններին՝ այն էլ Կենտրոն համայնքում ունենալով իր թեկնածուն: Բացի այդ, ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանի ասելով, կուսակցությունը բոլոր համայնքներում ընդհանուր առմամբ ավագանու 12 թեկնածու ունի:
«Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Էդիկ Գրիգորյանի փոխանցմամբ էլ՝ «Ոչ միայն Երեւանի համայնքներում, այլեւ՝ Հայաստանի մարզերի ՏԻՄ ընրություններում «ՆԺ»-ն որեւէ մեկի թեկնածությունը չի պաշտպանելու, թեեւ, եթե մենք մեր թեկնածուներն առաջադրեինք, վստահեցնում եմ, որ կհաղթեինք: Բայց այսօր մենք վստահ ենք, որ ՏԻՄ ընտրությունները հերթական «ֆարսի» են վերածվելու: Այդ ընտրությունները երկրորդական-երրորդական հարցեր են եւ կարծում ենք, որ փոփոխությունները մեր երկրում համակարգային պետք է լինեն: Ոչ թեկնածուները, ոչ նրանց սատարող ուժերը տեղերում ինչ-որ բան բարեփոխելու նպատակ չեն հետապնդում: Նրանք այդ ընտրություններում պարզապես հենակետեր են ստեղծում ապագա ընտրությունները կեղծելու համար»:
Պատասխանելով մեր այն հարցադրմանը, թե՝ կուսակցությունն իրավունք ունի՞ պասսիվ կեցվածք ընդունել այդ ընտրությունների առնչությամբ, երբ որոշ համայնքներ կարող են անցնել թաղային հեղինակությունների եւ քրեածին տարրերի վերահսկողության տակ, Էդ. Գրիգորյանը վստահեցրեց. «Մենք ոչ մեկին չենք պաշտպանում, բայց դա ամենեւին էլ պասսիվության դրսեւորում չէ: Մենք ակտիվ ենք եւ հայտարարում ենք, որ պայքարելու ենք նման երեւույթների դեմ»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































