Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՆ

Սեպտեմբեր 09,2005 00:00 Share

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԱՐԴԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՆ Կենտրոն համայնքի ղեկավարի սեպտեմբերի
25-ին անցկացվելիք ընտրություններից 18 օր առաջ որոշ տեղամասերում բացակայում են
ընտրացուցակները, ինչպես նաեւ՝ տեղեկանքները դրանց բողոքարկման կարգի մասին: Մինչդեռ,
ըստ «Ընտրական օրենսգրքի», դրանք պետք է փակցված լինեն ընտրություններից 40 օր առաջ:
Այս մասին երեկ ասուլիսում հայտնեց ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը:
Նա ներկայացրեց իր պնդումը հիմնավորող մի շարք տվյալներ: Գեւորգ Էմինի անվան
թիվ 182 դպրոցում, որտեղ տեղակայված են 9/7 եւ 9/8 ընտրատեղամասերը՝ բացակայում է
տեղեկանքը անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, քննարկման
կարգի մասին: «Մինչդեռ սա «Ընտրական օրենսգրքի» ուղղակի պահանջն է,- ասաց պրն Խաչատրյանը:-
Որտեղ կախվում են ցուցակները՝ այնտեղ պետք է լինի նաեւ համապատասխան տեղեկանք, որ
եթե քաղաքացին տեսնի՝ չկա իր ազգանունը, իմանա ուր դիմել»: 9/7 տեղամասի նկարագրով՝
ընտրողների թիվը 1720 է, իսկ ցուցակում 1220-ն են. «Ընդ որում՝ այդ նկարագիրը հաստատել
է թաղապետարանը, որը չունի այդ իրավունքը»: Ըստ ԿԸՀ անդամի՝ նկարագրով այդ տեղամասում
ընդգրկված է Տիգրան Մեծի-31 շենքը, իսկ ընտրացուցակում այն բացակայում է: 9/8-ի նկարագրում
նշված է 1897 ընտրող, իսկ ցուցակում 1722 հոգի են: Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում
տեղակայված 9/9 ընտրատեղամասի ցուցակում ընդգրկված է 2686 ընտրող, մինչդեռ օրենքով
սահմանված առավելագույն թիվը 2000 է: Ավելին՝ չկան 2604-ից 2634 համարի ընտրողների
անունները: Իսկ նույն դպրոցում տեղակայված 9/10 տեղամասի ցուցակը բացակայում է ընդհանրապես:
Երվանդ Քոչարի 23, 15, 19, 21, Զավարյանի 72, 104, Վարդանանց 96, 116 շենքերի ընտրողների
հասցեներում բացակայում է բնակարանի համարը: Ֆելիքս Խաչատրյանը համոզմունք
հայտնեց, որ եթե սահմանադրական հանրաքվեն էլ է անցկացվելու նման ցուցակներով, ապա
կստեղծվի «ահավոր խառնաշփոթ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել