Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք զբաղված ենք ձանձրալի գործով»

Սեպտեմբեր 10,2005 00:00

«Մենք զբաղված ենք ձանձրալի գործով» Խոստովանում է ՄԱԿ փոխնախագահ Գրիգոր Ղոնջեյանը Սահմանադրական հանրաքվեի «այո»-ն ապահովելու համար, ըստ որոշ աղբյուրների, իշխանությունները, բացի բյուջեով հատկացված օրինական գումարներից, մոբիլիզացնելու են իրենց ֆինանսական «լեւի» միջոցներից եւս: Ըստ նույն պնդումների, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արդեն իջեցվել է հրահանգ՝ գումարները խելքը գլխին եւ արդյունավետ «այո» ապահովելու համար ծախսելու: Արդեն սկսվել է քաղաքական ուժերի հրապարակային երթը եւ հանդիպումները նախագահի հետ: Այս հանդիպումների «պիոները» խորհրդարանական ՄԱԿ խմբակցությունն էր, որը երկու օր առաջ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանի ասելով, նախաձեռնությունը ՄԱԿ-ի կողմից էր, եւ իրենք գնացել էին նախագահին ներկայացնելու իրենց մտորումներն ու դիրքորոշումը ինչպես սահմանադրական հանրաքվեի, այնպես էլ մի շարք այլ հարցերի առնչությամբ. «Մենք չենք համարում, որ սահմանադրական փոփոխությունները վերաբերում են միայն այն քաղաքական մեծամասնությանը, որի նախագիծը անցավ: Մենք գտնում ենք, որ երկրորդ ընթերցմամբ մեզ ներկայացված նախագիծն ավելի մոտ էր առաջին ընթերցմամբ ՄԱԿ-ի ներկայացրած նախագծին, քան իրենց առաջարկածին: Հենց այդ պատճառով առաջին անգամ մենք «դեմ» քվեարկեցինք, երկրորդ անգամ՝ «կողմ», այսինքն՝ ոչ թե ՄԱԿ-ն է փոխել իր նախագիծը, այլ կոալիցիան»: Գրիգոր Ղոնջեյանի փոխանցմամբ, այո, իրենք գնացել էին հանրաքվեի քարոզարշավի ճիշտ կազմակերպման մասին խոսելու. «Մենք գտնում ենք, որ քարոզարշավը պետք է շատ ճիշտ կազմակերպվի, քանի որ սահմանադրական փոփոխությունները պարզապես անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության համար: Քարոզարշավի ճիշտ կազմակերպման գործում, մեր կարծիքով, պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը, որպեսզի արդյունքում ընտրողները «այո» ասեն Սահմանադրությանը»: Ժամանակին ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ընդդիմությունը իր գլխավորած կուսակցությունն է եւ նրա խորհրդարանական խմբակցությունը: Հիմա, երբ «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունը» չեն թաքցնում, որ վերադառալու են խորհրդարան, ի՞նչ է անելու ՄԱԿ-ը եւ ո՞րն է լինելու նրա դերն ու նշանակությունը խորհրդարանում: Մեր այդ հարցից մի փոքր կարծես նեղացած՝ պարոն Ղոնջեյանն ասաց. «Նախ Գուրգեն Արսենյանը երբեք չի ասել, թե մենք ընդդիմություն ենք, հենց հակառակը, նա ասել է՝ բողոքական էլեկտորատի ձայնն ստացած մեր գործընկերները քանի որ բոյկոտել են ԱԺ աշխատանքները, փաստորեն, ոչ կոալիցիոն մասնակից ուժ Աժ դահլիճում մնացել էր միայն ՄԱԿ-ը, եւ ՄԱԿ-ը, ստիպված, սպասարկում էր եւ իր դաշտը, որի համար ձայներ էր ստացել, եւ ստանձնել էր այն պարտականությունների կատարումը, որոնցով մեր ընթերցողները մեզ չէին գործուղել ԱԺ»: Ստացվո՞ւմ է, արդյոք, որ ընդդիմության վերադարձով նեղանում է ՄԱԿ-ի գործունեության դաշտը խորհրդարանում: Ասվածի հետ եւս Գրիգոր Ղոնջեյանը համաձայն չէր, ըստ նրա, ընդդիմության վերադարձը խորհրդարան՝ ամենեւին չի նվազեցնում իրենց գործողությունների դաշտը, քանի որ ՄԱԿ-ը, ըստ նրա փոխնախագահի, արդեն գրավել է իր «ուրույն տեղը». «Մենք արդեն հաստատեցինք, որ կարող ենք այլընտրանքային նախագծի հեղինակ լինել, անկախ նրանից՝ ընդդիմությունը դահլիճո՞ւմ է, թե՞ ոչ, հիմա էլ մենք ներկայացրել ենք ԱԺ Կանոնակարգ-օրենքի մեր տարբերակը եւ այլն»: ՄԱԿ խմբակցության փոխնախագահն ասաց, որ իրենք ողջունում են ընդդիմության վերադարձը. «Անկախ նրանից՝ ով է բոյկոտում, ով չի բոյկոտում, մենք մերն անելու ենք, մենք մեր իմիջը չենք փոխելու, լինելու ենք զուսպ: Հետեւողականորեն սա է մեր իմիջը, մեր միավորները սենսացիաների, սկանդալների դաշտում չեն, մենք զբաղված ենք «ձանձրալի» գործով եւ գտնում ենք, որ ընտրողը պետք է հասկանա, որ եթե այս մարդիկ յուրաքանչյուր օր զբաղված են այդ ձանձրալի գործով, ուրեմն ընտրությունը ճիշտ է կատարված»: Էջը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել