Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ

Սեպտեմբեր 20,2005 00:00

ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՈՒԺՈՒՄ Հանգստյան օրերին «Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն» հ/կ-ն՝ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ, Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Պետական մարմինների գործունեության թափանցիկություն եւ տեղեկատվության մատչելիություն» թեմայով: Սա ծրագրի երկրորդ փուլի ամփոփիչ սեմինարն էր, իսկ դրանից առաջ թեման քննարկվել էր առանձին ոլորտների գերատեսչությունների ներկայացուցիչների՝ նախարարների, փոխնախարարների, հասարակայնության հետ կապերի ղեկավարների եւ լրագրողների հետ: Ներկաների կարծիքով, կազմակերպված հանդիպում-սեմինարներն արդյունավետ էին՝ հասարակայնության հետ կապերի վարչությունների եւ լրագրողների փոխհարաբերությունների ճշգրտման, թերությունների բացահատման առումով: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն իր ելույթում նշեց. «Թեեւ կարծիք կա, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոց փնտրելը նույնն է, ինչ քաղցկեղի դեմ՝ դեղամիջոց, բայց նման միջոցառումները գոնե պրոֆիլակտիկ առումով շատ օգտակար կլինեն»: Ծաղկաձորյան սեմինարին զեկույցներով հանդես եկան եւ լրագրողներ, եւ խմբագիրներ՝ կոնկրետ օրինակներով վերլուծելով առկա իրավիճակը: «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, խոսելով հասարակայնության հետ կապերի վարչությունների եւ լրագրողների փոխհարաբերությունների մասին, նշեց, որ շատ դեպքերում այդ ծառայությունները ձեւական բնույթ են կրում, եւ դա ձեռնտու է բյուրոկրատ պաշտոնյաներին, ում համար լրագրողները ոտքերի տակ ընկնող եւ իրենց աշխատանքը խանգարող ինչ-որ մարդիկ են: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը բերեց Բեռլինի օրինակը, որտեղ, մի ահաբեկչության ժամանակ, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը պատրաստ էր փողոցում 100 անգամ կրկնել եւ բացատրել կատարվածը՝ թե քաղաքացիներին, թե լրագրողներին: Իսկ մեզ մոտ լավագույն դեպքում ամփոփագիրը կտրամադրեն հաջորդ օրը միայն: Սեմինարի արդյունքում որոշվեց մշակել մի փաստաթուղթ՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները, եւ ներկայացնել համապատասխան գերատեսչություններին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել