Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարը «Հայֆեստի» հետ չունի

Սեպտեմբեր 23,2005 00:00

Մշակույթի նախարարը «Հայֆեստի» հետ չունի Սեպտեմբերի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբացվի «Հայֆեստ» միջազգային թատերական երրորդ փառատոնը, որի կազմակերպիչները երեկ հանդիպեցին լրագրողներին: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը տեղեկացրեց, որ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում եւ Արտաշատում: Ներկայացումներ կլինեն հանրապետության 14 թատերաբեմերում: Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա մեկ այլ՝ Տիկնիկային եւ մանկական թատրոնի միջազգային փառատոն եւ «Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա կատարողական արվեստների ցանցի ստեղծում» գիտաժողովը: Հեղինակավոր հրավիրյալների թվում են նաեւ ռուս թատերագետ Մարինա Դավիդովան, «Սիբիու» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Կիրիակը (Ռումինիա), «Ավինյոն» թատերական փառատոնի նախագահ Բեռնարդ Դ՛ Արսիեն (Ֆրանսիա) եւ ուրիշներ: Ա. Ղուկասյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի ՀՀ մշակույթի նախարարությունը խոստացել էր աջակցել 1 միլիոն դրամով ու խոստմնապահ չէր գտնվել: Այս տարի էլ նման խոստում կա, սակայն փառատոնի կազմակերպիչները կարծում են, որ կամ 1 միլիոնը չեն ստանա, կամ կստանան «բեմերի» տեսքով: Բանն այն է, որ թատրոնների բեմերը իրենց տրվել են վարձակալական հիմունքներով: «Պարոն նախարարը չի ուզում մեզ հետ հանդիպել, իսկ փոխնախարարներն ընդամենը ժպտում ու ասում են՝ վա՜յ, որքան լավն եք դուք, բայց այդպես էլ ոչ մի աջակցություն չի լինում»,- նեղսրտեց նա: Փառատոնի պրոդյուսեր, «Ալֆաել» կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանն էլ ավելացրեց. «Այսօր ես ու Արթուր Ղուկասյանը ավելի շատ գումարներ կարողանում ենք հայթայթել դրսից, քան Հայաստանից: Եթե ՀՀ նախագահը եւ պաշտպանության նախարարը չաջակցեին, փառատոնը հաստատ չէր կայանա: Նրանց աջակցությունը կազմում է փառատոնի բյուջեի 40%-ը»: «Առավոտի» հարցին՝ որքա՞ն է «Հայֆեստի» բյուջեն, Լ. Աբրահամյանը պատասխանեց. «Բյուջեն մեծ է, եւ միայն Հայաստանով չի սահմանափակվում: Արթուրն ամաչում է ասել, որ նամակներով գումարներ է գտնում այլ երկրների մշակույթի նախարարություններում ու քաղաքապետարաններում: Օտարները վճարում են իրենց թատրոնների ճանապարհածախսը եւ հոնորարը, իսկ մենք հոգում ենք կազմակերպչական ծախսերը, համաձայնեք, որ 250 հոգու պահելը, կերակրելը, տրանսպորտով ապահովելը հեշտ չէ: Ամեն անգամ փառատոնին մեր անձնական գումարներն ենք ներդնում, իսկ մշակույթի նախարարությունը անգամ դահլիճներն անվճար չի տրամադրում… Եթե Անգլիայում եւ Ֆրանսիայում նման փառատոն է կազմակերպվում, կազմակերպիչներին ազգային հերոսների պես են վերաբերվում, որովհետեւ այդքան հյուրեր են բերում իրենց երկիր ու այլ երկրների մշակույթին ծանոթացնում: Հայաստանի խեղճ երեխեքը՝ դերասանները, բացի մի քանի հայ ռեժիսորից՝ մարդ չեն տեսել: Մենք հնարավորություն ենք ստեղծում լավագույն արվեստագետների հետ հանդիպելու: Օրինակ՝ «Ավինյոնի» փառատոնի նախագահի էստեղ գալը, 3-4 օր անցկացնելը հավասար է Անգլիայի թագուհու Հայաստան ժամանելուն…Ախր ինչու պետք է փառատոնին աջակցի պաշտպանության եւ ոչ թե մշակույթի նախարարը, էլ ինչի՞ համար է այդ նախարարությունը»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930