Լրահոս
Օրվա լրահոսը

Շնչե՞լ,

Սեպտեմբեր 24,2005 00:00

Շնչե՞լ, թե՞ չշնչել Երեւանում թունավոր ու քաղցկեղածին նյութերի քանակը օդում մեծ է Մեր երկրում ամենաաղտոտված օդը Երեւանում է: Իսկ մայրաքաղաքում օդն առավել աղտոտված է Ավանի կամրջին, Կոմիտասի, Չարբախի շուկաներին եւ նախկին Բանվորի արձանին հարող տարածքներում: Իրենց համեմատաբար անարատ օդով աչքի են ընկնում Ստեփանավանի, Ղուկասյանի շրջանները, իսկ Երեւանում՝ Ավան-Առինջը: Այս մասին տեղեկացանք ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից: Երեւանում 1 քկմ-ին օրական բաժին է ընկնում միջին հաշվով 38 կիլոգրամից ավելի փոշի, որից 280 գրամը ծանր մետաղներ են, այսինքն՝ քաղցկեղածին կայուն աղտոտիչներ: Կոմիտասի շուկայի տարածքում, ապրանքների գներին զուգահեռ, աճում է նաեւ փոշու զանգվածը՝ 1 քկմ-ի վրա հասնելով 59 կիլոգրամի, Չարբախի շուկայի շրջակայքը՝ 53 կգ-ով երկրորդ տեղում է: «Այս ցուցանիշը Երեւանն ուներ 1998 թվականին, երբ քաղաքում գործում էին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ: Այսօր դրանց թիվը փոքր է, այսինքն՝ փոշու առաջացումը 90 տոկոսով ապահովում են տրանսպորտային միջոցները»,- նշում է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Ըստ կենտրոնից ստացած տվյալների՝ 38 կգ փոշու բաղադրության մեջ ցինկի տեսակարար կշիռը 100 գ է, 50 գրամը՝ պղնձինը, խիստ նվազել է կապարի տեսակարար կշիռը՝ 10 գ, ինչը պարոն Սաղաթելյանը բացատրեց այն փաստով, որ 2000 թվականից կառավարության որոշմամբ արգելվեց էթիլացված բենզինի ներկրումը: Ընդհանրապես, բնակչության մաքուր օդն ապահովելու համար նորմալ երկրներում մի քանի տարբերակ է գործում. կանաչ ծածկույթի ավելացում, տրանսպորտային միջոցների հնարավորինս կրճատում, փողոցների ամենօրյա լվացում, արգելքների սահմանում, օդը աղտոտողներին բարձր տուգանքների նշանակում: Իսկ մեզ մոտ հակառակ երեւույթն է՝ ծառերի հատում, որը քողարկվում է ձեւական բնույթ կրող ծառատունկերով, օր օրի հասարակական տրանսպորտային միջոցների եւ անձնական մեքենաների աճ: Իսկ տեղացող անձրեւները, փողոցները մաքրելուն զուգահեռ, Հրազդան գետի՝ առանց այն էլ կեղտոտ ջուրը հարստացնում են նոր թունավոր նյութերով: Արդյունաբերական ձեռնարկությունների սեփականատերերն էլ ստիպված չեն տուգանքներ մուծել կամ էլ դրա համար արգելքներ հաղթահարել: «Սա ունի իր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները: Սուբյեկտիվ, որովհետեւ մեծ դեր է խաղում կոռուպցիան, եւ օբյեկտիվ, քանի որ մեր երկրում ամեն գնով պետք է տնտեսական աճ ապահովել»,- պարզաբանում է կենտրոնի տնօրենը: Մինչ չինովնիկները, ճիգ ու ջանք չխնայելով, փորձում են տնտեսական աճ ապահովել, գործարարները՝ գրպանների պարունակությունն ավելացնելու համար նոր օբյեկտներ հիմնել, մյուսներն էլ՝ ոռոգման նորմալ համակարգ չունեցող քաղաքում ամեն պատահած տեղ ծառ տնկել, մայրաքաղաքը վերածվում է անապատի՝ ոչ միայն դրան բնորոշ տապով, բուսականության բացակայությամբ, այլեւ ֆաունայի տեսանկյունից՝ օձերով, կարիճներով ու այլ զեռուններով: Նման շարունակության դեպքում շուտով կհայտնվենք քարե ջունգլիներում, որտեղից հենց առաջինը կփախչեն կառույցի գլխավոր հերոսները՝ որոնք հնարավորություն ու բնության գրկում առանձնատներ ունեն, ի տարբերություն շարքային «շնչողների»: www.panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել