Լրահոս
Օրվա լրահոսը

Կույս լինելն այլեւս մոդա չէ

Հոկտեմբեր 28,2005 00:00

21-րդ դարի աղջիկներն ամուսին են ընտրում՝
հաշվի առնելով վերջինիս ֆինանսական հնարավորություններն ու բանկային հաշիվը: Տղաներն
էլ՝ աղջկա պապայի պաշտոնն ու հնարավորությունները: Համենայնդեպս, այս եզրակացության
եկանք՝ մեր անցկացրած փոքրիկ սոցհարցումի արդյունքում: Հիմա, պարզվում է, փոխվել
են չափանիշները, բայց ոչ պահանջները: Այսինքն, եթե նախկինում փեսացուները հաշվի էին
առնում, որ իրենց հարսնացուն լինի կույս, սկեսուրի հետ յոլա գնացող, ռայկոմում բարեկամներ
ունեցող, այժմ դրանց փոխարինելու է եկել աղջկա բնակարան ունենալու պահանջը, եւ ոչ
միայն: 90-ականներին աղջիկները փեսացու ընտրելիս հետաքրքրվում էին, օրինակ, թե տղան
«դախլա», լեւի լույս ունի՞, հիմա հաշվի են առնում մեքենա ունենալն ու շրջապատում
«հարգված» տղա լինելը: Հայ տղաները գրեթե պահպանել են աղջիկ ուզելու ավանդական
չափանիշները՝ բացառությամբ կուսության: Փողոցում անցկացրած մեր հարցումների ժամանակ
տղաներն առաջին հերթին կարեւորում էին, որ իրենց ընտրյալը լինի համեստ, բարի ու կիրթ
աղջիկ: Այս պնդումներին հակառակ, այլ է պատկերը ամուսնական գործակալություններում
եւ ինտերնետային էջերում: Ամուսնական գործակալություններում տղաների լրացրած հայտերի
համաձայն, հարսնացուն պետք է ունենա աշխատանք, բարձր կայուն աշխատավարձ, բնակարան,
մեքենա: Այս ամենն ունենալու դեպքում տղամարդկանց չի հետաքրքրում, որ իրենց ընտրյալը
կույս չէ, շատ է ծխում, «յազվա խասյաթ» ունի, մեքենան արագ է վարում եւ այլն: «Տերյան»
մշակութային կենտրոնի ամուսնական ակումբի ղեկավար Լիլիթ Մելիքյանի հավաստմամբ՝ իրենց
ակումբ դիմողները մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչներ են: Նման ակումբ դիմելու
տղամարդկանց պասիվությունը նա բացատրում է հայկական մենթալիտետով: «Եթե առաջ տղամարդը
փնտրում էր հաճելի, ապագայում էլ լավ մայր իրենց երեխայի համար, ապա այսօր տղամարդիկ
պահանջում են, որ կինն իրենց օգնի գումարով: Մարդիկ ամուսնության միջոցով սոցիալական
խնդիրներ լուծելու վրա են կենտրոնացած»,- կարծում է ամուսնական ակումբի տնօրենը:
Հայաստանում վճարունակ խավը չի դիմում գործակալություն. «Նրանք զույգ գտնելու խնդիր
չունեն: Կանայք շատ են եւ ավելի շատ փեսացուի գումարին են նայում, իսկ տղամարդիկ
բաց չեն թողնում ապահովված կանանց»: Լիլիթ Մելիքյանը կարծում է, որ հայերը կոմպլեքսավորված
են, օրինակ՝ խուսափում են շրջապատում ասել, որ ամուսնական գործակալությունում կամ
ինտերնետում հայտարարություն են տվել. «Լինում են դեպքեր, երբ մեր միջոցով ամուսնանում
են, հետո գալիս ու չարացած հետ են պահանջում իրենց դիմումն ու ոչնչացնում, որ շրջապատում
չիմանան»: Ամուսնական ակումբ դիմողների մեծ հոսք կա հատկապես գյուղերից, նույնիսկ
անչափահաս աղջիկներն իրենց ծնողների հետ են գալիս՝ «տանը մնացածի» տիտղոսին չարժանանալու
համար: Ըստ ակումբի տնօրենի՝ միջին տարիքի կանայք տառապում են արտասահմանցու հետ
ամուսնանալու մոլուցքով: «Գալիս են առանց օտար լեզվի իմացության: Միայն թե արտասահման
գնան: 60 տարեկան կինը հեռուստատեսությամբ տեսել էր Անգլիայի քաղաքներից մեկը, հավանել
էր ու մեզանից պահանջում էր փեսացու հենց այդտեղից»: Գործակալությունում տեղեկացանք,
որ ամուսնական ակումբ են դիմում նույնիսկ 90 տարեկան կանայք եւ տղամարդիկ: Միջին
տարիքի տղամարդկանց քչության պատճառով այժմ լուրջ մրցապայքար կա 30-40 տարեկան կանանց
եւ 20-30 տարեկան աղջիկների միջեւ: Այդ տարիքի կանայք ավելի փորձառու են եւ գիտեն
երիտասարդ տղաների սիրտը շահելու հմտությունները: Արդյունքում այդ կանայք ունենում
են երիտասարդ սիրեկաններ, իսկ չամուսնացած աղջիկներն էլ մնում են տանը: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31