Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեքսպիրով էլ չես զարմացնի»

Հոկտեմբեր 29,2005 00:00

Համոզված
է թատրոնում առաջին քայլերն անող լոնդոնցի ուսանողուհին Լոնդոնի
արվեստների համալսարանի ուսանողուհի Պաուլա Սաբինա Պերեսը վերջերս Տիկնիկային թատրոնի
բեմում հանդես եկավ «Նոր սցենոգրաֆիա» (Quo modo Deus) ներկայացմամբ: «Նոր սցենոգրաֆիայի»
առանցքում հետեւյալ միտքն էր՝ ինչ-որ մեկը վերեւից դիտում է մարդկանց՝ հսկելով նրանց
բոլոր արարքները: Որոշ ժողովուրդների հավատալիքներում կա այն տեսակետը, թե ամենատես
աչքը հատկապես արեւի խավարման ժամանակ է գործում: Պաուլա Սաբինա Պերեսը սիրով
հարցազրույց տվեց «Առավոտին»: – Դուք յուրօրինակ ձեւով եք մարմնավորել ամենատես
աչքի գաղափարը… – Այո, դա արել եմ իմ կարճ բեմադրության մեջ, որը կամերային
մթնոլորտում դերասանի եւ վիդիոպրոյեկցիոն մանրապատկերների միջոցով մարմնավորում է
ամենատես աչքի գաղափարը: Ես խաղում եմ մանրապատկերների հետ՝ չափերի հակասության հիման
վրա ստեղծելով յուրօրինակ բախում: – Ներկայացումն այն մասին է, որ Աստված
վերեւից կառավարում է մեր բոլոր գործողությունները, հետաքրքիր է, դուք հավատո՞ւմ
եք Աստծուն: – Ոչ չեմ հավատում… կարծում եմ՝ վերեւից հսկող ուժը պարտադիր
չէ, որ Աստված կոչվի: – Ուրիշ ի՞նչ թեմատիկայով ներկայացումներում եք խաղացել:
– Սա իմ առաջին աշխատանքն է, բայց վերադառնալուն պես կաշխատեմ իրականացնել
մտահղացումներս, որոնց մասին առայժմ չեմ ուզում բարձրաձայնել: Ասեմ, որ Լոնդոնի արվեստների
համալսարանում լավ պայմաններ են ստեղծված հատկապես ժամանակակից ուղղությունների համար,
ես էլ այդ ոճում եմ ստեղծագործում: Ես չեմ սիրում պահպանողականություն, փորձում եմ
նոր լուծումներ փնտրել ժամանակակից արվեստի բնագավառում, մանավանդ թատերարվեստում
Շեքսպիրով էլ չես զարմացնի, երիտասարդության շրջանում նա այլեւս մոդայիկ չէ: –
Ծանո՞թ եք հայկական մշակույթին: – Քիչ եմ լսել Հայաստանի մասին, բայց գիտեմ,
որ հին երկիր է եւ հարուստ մշակութային ավանդույթներ ունի: Եթե հնարավորություն ունենայի,
ավելի երկար կմնայի ձեր երկրում ու կուզենայի շփվել հատկապես կինոյի ու թատրոնի ուսանողների
հետ: Երիտասարդներս միշտ իրար ասելու բան ունենում ենք: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել