Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ

Նոյեմբեր 09,2005 00:00

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Քաղաքապետը նորմալ է վերաբերվում դպրոցների ներգրավմանը հանրաքվեի քարոզարշավին Երեկ քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրահանգով մայրաքաղաքի 189 դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ հավաքվել էին՝ լսելու, թե ինչու է պետք «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Քաղաքապետը տնօրեններին հստակ հրահանգեց ակտիվորեն մասնակցել հանրաքվեին եւ խնդրեց կազմակերպչական խնդիրներ ծագելու դեպքում դիմել քաղաքապետարանի այսինչ-այսինչ բաժին կամ համայնքների ղեկավարներին: Մեզ հետ զրույցում պրն Զախարյանը հայտնեց, թե սա քարոզարշավ չէ, այլ՝ իրազեկում. «Մեկ անգամ եւս դպրոցների տնօրեններին ուղղակի ներկայացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք ներառված են նոր սահմանադրության մեջ եւ մեկ անգամ եւս ասել, որ սա իրոք մեզ է պետք, մեր սերունդներին է պետք»: Սակայն ակնհայտորեն նման հավաքներից քաղաքապետը հստակ ակնկալիք ունի՝ «այո»-ի շուրջը հավաքել բավական մեծ զանգված՝ ի դեմս ուսուցիչների, ծնողների եւ նրանց մերձավորների: Եթե նկատի ունենանք, որ միայն մայրաքաղաքում կա շուրջ 125 հազար աշակերտ, ապա հաջող քարոզարշավի արդյունքում կունենանք 250 հազար «այո» ասող ծնող, չհաշված տատիկ-պապիկներին: Արդյո՞ք չի խաթարվի ուսումնական գործընթացը՝ գոնե առաջիկա ամսում: «Դպրոցները մեկ օր պետք է ընտրություն կատարեն, այն էլ՝ ամսի 27-ին: Իսկ եթե քարոզարշավ էլ իրականացնեն՝ դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- ասաց Ե. Զախարյանը: Առանձին տնօրենների հետ զրույցից պարզեցինք, որ նրանք բավական գործնական են տրամադրված: Նախ կսկսեն սահմանադրություն քարոզել իրենց ուսուցիչների շրջանում: Դե, վերջիններս էլ «այո»-ի շրջանակներում հանդիպումներ կունենան ծնողների հետ, առանձին դասեր կանցկացնեն՝ երեխաներին բացատրելու, թե ինչքան լավն է նոր սահմանադրությունը: Ինչպես դա երեկ արեց Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը՝ քաղաքապետից հետո մանրակրկիտ բացատրելով «սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայությունը»՝ առանձին դրույթներից ելնելով: Դահլիճում ներկա տնօրենները, ինչպես ցանկացած այլ հանդիպման ժամանակ, չափազանց պասիվ էին: Մեզ հետ առանձին զրույցներից էլ շատերը խուսափում էին, եւ անհասկանալի է, թե ինչպես պետք է նրանք էլ իրենց ենթականերին բացատրեին, թե մեր ինչին են պետք այս փոփոխությունները: Թեեւ դա կարեւոր չէ, կարեւորը վերադասի խոսքն է, որ այս պարագայում էլ կընդունվի առանց վերապահումների: Թիվ 61 դպրոցի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ պատրաստվում է քարոզչություն անել ծնողների շրջանում, բայց ինչպես՝ չմանրամասնեց: Թիվ 48 դպրոցի տնօրեն Սարգիս Ափանյանի կարծիքով էլ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրազեկ լինել սահմանադրությանը եւ այն փոփոխություններին, որ արդեն 2-րդ անգամ դրվում է հանրաքվեի: «Եվ մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր մանկավարժ պարտավոր է հանուն իրեն վստահված երեխաների՝ տեղյակ պահել նրանց փոփոխությունների մասին: Ուսումնական գործընթացի ընթացքում բնականաբար քարոզարշավ կամ այլ աշխատանք տանել չի կարելի: Բայց ո՞վ կարող է մեզ արգելել դասերից հետո, արտադասարանական ժամերին դա անել»: Թիվ 148 դպրոցի տնօրեն Լեւոն Հարությունյանը պատրաստվում է նախ կոլեկտիվին հավաքել եւ «բացատրական աշխատանքներ տանել, ինչպես քիչ առաջ արվեց մեզ հետ: Կամա թե ակամա, ամեն մարդ, եթե ինքն իր մեջ համոզմունք ունի, որ դա դրական է, առաջխաղացում է, նա պարտավոր է քարոզչություն իրականացնել՝ կլինի տնօրեն, ուսուցիչ, թե… Նախ անհրաժեշտ է ամեն ինչ հասցնել ուսուցչին: Մենք չպետք է դիտորդի դերում լինենք: Եթե կոլեկտիվով նստենք, քննարկենք՝ ինչ վատ բան է դա, դրա իրավունքը մենք ունենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել