Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» հարցերը լուծեցին

Նոյեմբեր 23,2005 00:00

Պրովայդերները
խոստանում են որակյալ ինտերնետ կապ Երեկ «Ինտերնետ միություն»
հասարակական կազմակերպությունը ասուլիս էր հրավիրել՝ գովաբանելու տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: Այս հ/կ-ին անդամակցող մոտ 60 ինտերնետ
ծառայություն մատուցող ընկերություններ պարբերաբար բողոքել են, որ «ԱրմենՏելի» կապուղիների
միջոցով մատուցվող ինտերնետ կապն անորակ է, չի ապահովում երկրի տեղեկատվական անվտանգությունը
եւ խոչընդոտում է մեր երկրում ինտերնետի զարգացմանը: Պրովայդերներն իրենց դժգոհությունները
ձեւակերպել են հանձնաժողովին ուղղված նամակում: Նրանք նաեւ բողոքում են ծառայության
բարձր սակագներից: «Շատ հաճախ Հայաստանը 5-6 ժամով զրկված է լինում աշխարհի
հետ արտաքին կապից, ինչը անթույլատրելի է եւ հավասարազոր տեռորիստական քայլի»,- երեկ
կրկին իր վրդովմունքը հայտնեց միության նախագահ Իգոր Մկրտումյանը: Նա մեկնաբանելով
հանձնաժողովի որոշումը՝ նշեց, որ սույնով պրովայդերներն այսուհետեւ «ԱրմենՏելից»
անկախ կարող են ունենալ սեփական արբանյակային կայան, ինչը կապահովի այլընտրանքային
կապուղի: Այսինքն սա կնշանակի, որ նրանք ձեռք կբերեն առանձին միջազգային մուտքի ստացման
ծառայություն, ինչը ավելի էժան կնստի պրովայդերների վրա, քան «ԱրմենՏելի» միջնորդությամբ
էր: Հանձնաժողովը հստակեցրել է նաեւ «ԱրմենՏելի» կողմից մատուցվող որոշ ծառայությունների
շուկաների սահմանումը եւ տվյալների փոխանցման՝ ելքի ծառայությունը ճանաչել է որպես
առանձին շուկա: Ըստ միության նախագահի՝ սա նշանակում է, որ ընկերությունը պարտավոր
է տրամադրել տվյալների փոխանցման ծառայություններ, չպարտադրելով սպառողներին՝ օգտվել
նաեւ տվյալների ստացման մուտքի ծառայությունից: Այս որոշումով, փաստորեն, «ԱրմենՏելի»
հետ կապված բոլոր պրոբլեմները, ըստ էության, լուծվում են: Սակայն որոշակի տեղեկություններով,
«ԱրմենՏելն» էլ ինտերնետի վատ որակը ավելի շուտ կապում է ինտերնետ ծառայություններ
մատուցող ընկերությունների ցածրորակ սարքավորումների հետ: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել