Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԵՏԻՉԻՑ

Նոյեմբեր 24,2005 00:00

ԿԱՐԱՊԵՏԻՉԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԵ՞Լ ԵՆ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ) դեռ այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Կապան քաղաքում կուսակցության կառույց էր հիմնել: Մեր տեղեկություններով, սակայն, այդ նորաստեղծ կառույցն օրերս ինքնալուծարվել է: Ըստ այդ լուրերի, մի քանի օր առաջ ԺԿ Կապանի կառույցի 175 անդամներ գրավոր դիմումով Տիգրան Կարապետյանին տեղեկացրել են, որ նրա «պահվածքից խորը հիասթափություն են ապրել», ու հայտարարել, որ դուրս են գալիս կուսակցության շարքերից: Մեր աղբյուրների ասելով, կապանցի կուսակցականների հիասթափության պատճառ է դարձել Կապանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում «ԱԼՄ» հեռուստաընկերության «ԱԼՄ-Սյունիք» մասնաճյուղի փակումը, որի կենտրոնակայանը գտնվում էր Կապան քաղաքում: «Ժողովրդական» կուսակցությունից հեռացած կապանցիները, իրենց ասելով, տեղյակ չեն եղել, որ «ԱԼՄ-Սյունիքը» ընդմիշտ է փակվել, որովհետեւ Տ. Կարապետյանից հավաստիացումներ էին ստացել, թե այն նոյեմբերին վերաբացվելու է, բայց նոյեմբերի 7-ին իմացել են, որ մասնաճյուղն այլեւս չի գործելու: ԺԿ Կապանի կառույցում շրջանառվող լուրերի համաձայն, «ԱԼՄ-Սյունիք»-ի փակելու նախօրյակին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է, իբր, անձամբ զանգել Տ. Կարապետյանին ու հիշեցրել, որ ԱԼՄ-ն ի սկզբանե խոստացել էր լինել «կենտրոնամետ», ինչի համար էլ նրան հաճախություն է տրամադրվել, մինչդեռ «ԱԼՄ-Սյունիքն» ինքնուրույն եւ անկախ քաղաքականություն է իրականացրել, որը վարչապետի կարծիքով, չի տեղավորվում պայմանավորվածությունների շրջանակներում: Ինքը՝ Տիգրան Կարապետիչը երեկ «Առավոտին» փոխանցեց, թե կուսակցության Կապանի կառույցի ինքնալուծարման մասին տեղեկություն կամ նման գրավոր դիմում չի ստացել: Տ. Կարապետյանն ասաց, թե ինքը տեղյակ է, որ միայն մասնաճյուղի նախագահն է դուրս եկել կուսակցությունից, բայց չգիտեր՝ արդյոք այդ որոշումը կապվա՞ծ է «ԱԼՄ-Սյունիք»-ի փակման հետ: Իսկ վերջինիս եթերազրկումը նա բացատրեց նրանով, որ ԱԼՄ հեռուստաընկերության հենքի վրա ստեղծված «տեղեկատվական այդ կենտրոնը» այն ժամանակ եթերազրկվել է տեղական ընտրություններին միջամտելու եւ քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին ակնհայտ քարոզչություն անելու համար: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել