Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժ՝

Դեկտեմբեր 13,2005 00:00

Շանտաժ՝ ընդդեմ շանտաժի Փորձեք պատկերացնել, որ գազի վերահաս թանկացման կապակցությամբ Հայաստանը, իբրեւ ատասխան քայլ, ռուսական ռազմաբազաների՝ ՀՀ տարածքում տեղակայման դիմաց վարձավճարներ պահանջի Մոսկվայից ու անգամ հանդգնի հրաժարվել այդ բազաների կոմունալ ծախսերը հոգալուց: Ոչինչ չի ստացվի: Շատ դժվար, եթե չասենք՝ անհնար է վերջին տարիներին իրական անկախության վերջին փշրանքները քամուն տված եւ, ըստ էության, ՌԴ Ստավրոպոլի երկրամասի կարգավիճակին իջեցված Հայաստանից նման խելահեղ թվացող դեմարշ ակնկալելը: Մինչդեռ իր ինքնուրույնության եւ միջազգային վարկի հետ կապված հարցերում խիստ նախանձախնդիր Ուկրաինան, որի «նարնջագույնը», ի դեպ, այստեղ հաճախ են ծաղրում (պետք է նշել՝ խիստ անհաջող), ամենեւին հակված չէ տեղի տալ Կրեմլի կողմից հետեւողականորեն բանեցվող «գազային» շանտաժին եւ մտադիր է համարժեք հակաքայլերի դիմել: Դրանց շարքում, ինչպես արդեն կռահեցիք, առավել «արդյունավետներից» է դիտվում Սեւ ծովի ուկրաինական ջրերում հանգրվանած ռուսական նավատորմի տեղակայման վարձակալական, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպա ռուսական գազի տարանցման սակագների կտրուկ բարձրացման հնարավորությունը: Ավելին՝ պատասխան միջոցառումների շարքում Ուկրաինան օրերս ակնարկել է մի այնպիսի նախաձեռնության մասին, որի իրագործումն ուղղակի զրոյի կհավասարեցներ գազի թանկացումից ակնկալվող տնտեսական էֆեկտը: Թեեւ, ինչպես ասում են, ոզնուն էլ պարզ է, որ Մոսկվան գազը թանկացնում է ոչ թե «շուկայի պարտադրանքով», ինչպես սիրում է երգել ռուսական պատասխանատու եթերը, այլ Կիեւի «նատօյական» ախորժակները զսպելու ակնհայտ միտումով: Խոսքն ամերիկացի մասնագետների մուտքը ուկրաինական Սեւաստոպոլ քաղաքում տեղակայված ու մինչ այժմ բացառապես ռուսական ռազմաստրատեգիական շահերի շրջանակներում գործած ռադիոլոկացիոն հատուկ կայանք թույլատրելն է: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի գրեթե ողջ «եվրոպական» երկնքի ռադիոլոկացիոն ծածկույթն ապահովող հզորագույն այդ կայանքի նոր համարժեքը ՌԴ տարածքում կառուցելու համար տարիներ ու միլիարդավոր դոլարներ կպահանջվեն: Բացի այդ, ԱՄՆ մասնագետների անգամ «ամենաթեթեւ» շփումն այդ կայանքի հետ կործանիչ հարված կհասցներ Ռուսաստանի քաղաքական ինքնասիրությանը, թերեւս վերջինիս հարկադրելով վիթխարի ծախսերի գնով սպառազինման նոր մրցավազք սկսել Արեւմուտքի հետ: Պետք է նշել, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական շրջանակներում արդեն իսկ հասցրել են Ուկրաինայի այս մտադրությունը որակել ոչ այլ կերպ, քան «քաղաքական ստորություն»: Ահա այսպես: Ինչպես ասում են՝ ակն ընդ ական, կամ կոնկրետ այս դեպքում՝ շանտաժ շանտաժի դիմաց: Եվ իզուր են ռուս քաղգործիչները ինչ-ինչ տնտեսական փաստարկներ վկայակոչում, երբ նույն իրադրությունում նույն գազի դիմաց Բելառուսից, ի համեմատ Ուկրաինայի, գանձելու են շուրջ երեք անգամ պակաս գումար: Ինչ մնում է մեզ, ապա պարզվում է, որ մենք անգամ կարգին ստրուկ չենք: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել