Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ

Դեկտեմբեր 20,2005 00:00

ՀԻՄԱ ԷԼ՝ 2006-ԻՆ Արամ Կարապետյանը հետաձգեց հեղափոխությունը եւս մեկ տարով Երեկ տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության երրորդ արտահերթ համագումարը, ինչն իր մասնակցությամբ պատվեց «17+1» ձեւաչափը՝ ողջ կազմով, ինչպես նաեւ Մանուկ Գասպարյանը եւ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Համագումարն ընդունեց երեք բանաձեւ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման, ներքաղաքական իրավիճակի, ԼՂՀ եւ Ջավախքի հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ հայ ժողովրդին եւ կուսակցություններին ուղղված ուղերձ: Ընդունված բոլոր փաստաթղթերի հիմնական իմաստը Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունն է, որի ճանապարհը միացյալ ընդդիմադիր ֆորմատն է: Ֆորմատի պայմանական «Հայաստան» անվանումը ՆԺ-ի առաջարկն է: Դրա ձեւավորման շուրջ, ինչպես հայտնի է, բանակցում են «17+1»-ի համակարգող խորհրդի անդամները: Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ իրենց կմիանա նաեւ Ստեփան Դեմիրճյանը: Նա խոստացավ, որ համապատասխան ֆինանսներ կլինեն տեղական կոմիտեների կազմավորման համար: Ապա անհրաժեշտ է համապարփակ աշխատանք, որը ժողովրդին դուրս կբերի փողոց եւ՝ «կմնան այնքան, մինչեւ այսօրվա իշխանությունները կգնան»: «Ես իմ ու իմ կուսակցության վարչության անունից հայտարարում եմ, որ մեր ներուժն ու կարողությունները ներդնելու ենք, որպեսզի 2006-ի ընթացքում Հայաստանում կատարվեն արմատական բարեփոխումներ եւ տեղի ունենա իշխանափոխություն»: Այս առիթով կուսակցությունը իր առաջարկները կներկայացնի միացյալ ընդդիմությանը: Եթե ինչ-ինչ պատճառներով ընդդիմությունը միասնական չմնաց կամ չհաջողեց ավարտին հասցնել իր առաքելությունը, ապա ՆԺ ղեկավարը խոստացավ, որ իրենք միանձնյա ավարտին կհասցնեն այդ գործը: Խոստացված ֆինանսները, ինչպես ավելի ուշ լրագրողներին պարզաբանեց Ա. Կարապետյանը, իր անձնականն են, որոնք «կապ չունեն որեւէ երկրի ֆինանսական սիստեմի, արտաքին ուժերի հետ: Դրանք այն փողերն են, որոնք պետք է ծախսվեին իմ անձնական, կենսական շահերի համար»: Ա. Կարապետյանը բիզնես չունի, դեռ չորս տարի առաջ է նա դադարել բիզնեսով զբաղվել: Բիզնես ունեն իր մերձավորները, բայց՝ «ամեն ինչ լեգալ է եւ որեւէ խնդիր չի ծագել, ցանկացած խնդրի դեպքում պատրաստ եմ պատասխան տալ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է «Լավագույնը լավագույններից» մրցանակին, որը շնորհվել է ՆԺ ղեկավարին, կուսակցության կողմից լրագրողներին տրամադրված տեղեկանքում նշված է, որ ծրագրի հեղինակը եւ տնօրենը Ի. Պ. Ալիեւան է: Հետաքրքրասիրությունը՝ արդյո՞ք խոսքը Ադրբեջանի առաջին տիկնոջ մասին է, ՆԺ ղեկավարը փարատեց՝ պարզաբանելով, որ իր ունեցած տեղեկություններով տիկինն ընդամենը Ադրբեջանի նախագահի մորաքրոջ աղջիկն է: Իսկ ազգանվան համընկնումն ընդամենը զուգադիպություն է: Հետո խորհուրդ տվեց 21-րդ դարում ամեն ինչին այդքան ցավագին չվերաբերվել ու ենթատեքստեր չփնտրել, հակառակ դեպքում՝ «Քոչարյանը Ալիեւի հետ ջուր էլ պիտի չխմի»,- վրդովվեց նա: Այն, որ իշխանական ճամբարում խոսվում է, թե այդ մրցանակն Ա. Կարապետյանը գնել է՝ «Հայաստանի իշխանությունում կան մարդիկ, ովքեր ինձնից շատ-շատ ավելի փող ունեն, թող փորձեին դա գնել, հետո միայն տարբեր տեղերում պատվերով հայտարարություններ անեին»: Հետո պատմեց, որ տարբեր տրամաչափի հայ իշխանավորներ փորձել են ռուսներին համոզել, որ մրցանակն իրեն չշնորհվի՝ ընդդիմադիր հայացքների պատճառով. «Էլ բան ու գործ չունե՞ք, անհարմար է, չէ՞, ամեն ինչ թողած՝ այդքան ցածրացել եք: Հայաստանի ԱԱԾ-ն այլ բան չունի՞ անելու, քան հետեւելու, որ ինձ ու Արամ Զավենիչին եթեր չտրամադրվի»: Այս մրցանակի համատեքստում լրագրողներից մեկի դիտարկմանը, որ քաղաքականությունում պատահական ոչինչ չի լինում, ՆԺ ղեկավարը վերահաստատեց, որ ինքը միշտ էլ եղել է ընդգծված ռուսամետ գործիչ, որը համոզված է, թե Հայաստանում հնարավոր է համադրել ՌԴ-ի եւ Արեւմուտքի շահերը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031