Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտահրավեր օպերային թատրոնի՞ն

Դեկտեմբեր 21,2005 00:00

«Արամ
Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 25, 27-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը
հրավիրում է համաշխարհային օպերային գրականության հերթական գլուխգործոցի՝ Վերդիի
«Սիմոն Բոկանեգրա» օպերայի հայաստանյան պրեմիերային: Օպերայի
համերգային կատարմանը ներգրավված են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը եւ
մեներգիչներ: Այս առիթով հանդիպեցինք նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ
գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին: – Ձեր ղեկավարության օրոք (ավելի քան
5 տարի) անդրադառնում եք արդեն 5-րդ օպերային (Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», «Թիկնոց»,
Վերդիի «Աիդա», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ»). կարելի՞ է դա ընկալել որպես մարտահրավեր
երեւանյան օպերային թատրոններին: – Նախ՝ ես օպերային արվեստ շատ եմ սիրում:
Մինչ ֆիլհարմոնիկի ղեկավարությունը ստանձնելը, որպես օպերային դիրիժոր, հայտնի անուն
էի արտերկրում, մասնավորապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Հիմա էլ ունեմ հրավերներ՝
ղեկավարելու այս կամ այն օպերային ներկայացումները: Որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու
անհրաժեշտությունը չունեմ: Բնականաբար, դա որպես մարտահրավեր չպետք է ընկալել: Կրկնում
եմ, ես օպերային գրականություն շատ եմ սիրում: Պարզապես չեմ ուզում առանձնացնել սիմֆոնիկ
երաժշտությունը օպերայինից: – Ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստները հաճույքո՞վ
են աշխատում օպերային ժանրում: Կան շշուկներ, որ ձեր երաժիշտներն առանց այն էլ շատ
զբաղված են: Հարկ է նշել, որ աշխարհի հանրահայտ նվագախմբերը նույնիսկ ամեն շաբաթ
նոր ծրագրով հանդես չեն գալիս: – Զգում եմ, որ նրանք հաճույքով են աշխատում:
Կարծում եմ, ի վերջո, հետաքրքիր է նոր գործ փորձելը, քան, օրինակ, Դվորժակի 9-րդ
սիմֆոնիան 100-րդ անգամ կատարել: Պիտի ասեմ նաեւ, որ օպերային ժանրին անդրադարձը
տարին մեկ կամ երկու անգամ, անխոս, վկայում է նվագախմբի պրոֆեսիոնալիզմի մասին: Տեղեկացնեմ,
որ յուրաքանչյուր համերգաշրջանում արտերկրից հրավիրում ենք ավելի քան 20 դիրիժոր,
մոտ 30 մենակատար, որոնց մեջ կան աշխարհահռչակ անուններ: Կար ժամանակ, երբ Ֆիլհարմոնիկ
նվագախումբը դարձել էր փորձատեղի: Այսպես. մեր կոնսերվատորիայից հաճախ հրավիրվում
էին թե դիրիժորներ, թե մենակատարներ: Այո, իմ օրոք էլ հրավիրվում են, բայց ոչ հաճախ,
այլ ահավոր հազվադեպ՝ ընտրելով միայն բարձրակարգ երաժիշտների: Ճիշտ նկատեցիք, Ֆիլհարմոնիկը
շատ ծանրաբեռնված է աշխատում, բայց, չգիտեմ ինչպես արտահայտվեմ, կարծես շնորհակալություն
չկա: – Ումի՞ց եւ ի՞նչ շնորհակալություն եք ակնկալում: – Մեր երկրում
չասեմ խանգարիչ, չօգնող երեւույթներ կան: Եղել են, չէ՞, ժամանակներ (նկատի ունի ԽՍՀՄ
տարիները), երբ մտածող ուղեղներին վերացրել են: Հիմա էլ, չէ՞, ունենք նման մարդիկ:
Հիմա նրանց չեն վերացնում, պարզապես անուշադրության են մատնում: Երեւի կհարցնեք՝
այդ ո՞ր շնորհալի երաժիշտներն են անուշադրության մատնված: Դրա պատասխանն ունեմ, բայց
դրա մասին՝ ուրիշ անգամ: Թեպետ դա իմ գործը չէ, ոչ էլ ի պաշտոնե պատասխանատու եմ:
Այսօր որտե՞ղ են մեր ուղեղները (նկատի ունի աշխարհով մեկ սփռված երբեմնի հայաստանցի
երաժիշտներին): Պատասխանեմ. օրինակ, «Սիմոն Բոկանեգրայի» պրեմիերային հրավիրել ենք
գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանին, կհանդիպեք աշխարհահռչակ Բարսեղ Թումանյանին,
Ստրասբուրգի օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Արա Ավանյանին, Իտալիայից՝ Գաբրիելե
Ադոռնոյին: Մի խոսքով՝ ուզում եմ, երազում եմ, հավատացեք՝ ոչ միայն ես, իմ նմանները
շատ են Հայաստանում, որ պետության կողմից դասական երաժշտության հանդեպ լինի ոչ թե
ուշադրություն, այլ հոգածություն՝ գումարած մեծ ուշադրություն: Չեմ ուզում,
որ 2020թ. պատմության դասագրքից աշակերտները տեղեկանան, որ հայերս ժամանակին ունեցել
ենք սիմֆոնիկ նվագախումբ: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել