Լրահոս
Օրվա լրահոսը

Թե

Դեկտեմբեր 21,2005 00:00

Թե չէ՝ սոսինե՜ր, ադրբեջանցինե՜ր, թուրքե՜ր… Արձագանք «Ազգային միաբանության» ղեկավարին Արտաշես Գեղամյանը դեկտեմբերի 17-ի «Առավոտ»-ում անդրադարձել է իմ այն հայտարարությանը, որ ԵԽԽՎ-ում ընդդիմության ներկայացուցիչները հստակ չեն ներկայացրել սահմանադրական փոփոխությունների կոալիցիոն նախագծի վերաբերյալ ընդդիմության բացասական գնահատականներն ու դրանց հիմնավորումները՝ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով Եվրոպայի խորհրդի պատվիրակներին: Իր արձագանքում ստիպված որդեգրելով կիսահումորային տոն՝ Գեղամյանը փորձել է ներկայացնել, որ ես մանկական պարզությամբ չեմ կարողացել կողմնորոշվել, նույնիսկ մոլորվել եմ երեք սոսիների արանքում: Սոսիներ, որոնցից մեկը Ռոբերտ Քոչարյանն է ու իր քրեածին հենարանը, որ դժգոհում են Ստրասբուրգում Շավարշ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի աշխատանքից եւ 2004-ին «դիմավորեցին» նրանց «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ մյուս երկուսը՝ ԵԽԽՎ-ում իր ելույթների արձագանքներն ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների կողմից: Թե ի՞նչ կապ ունեն ղարաբաղյան, պատմա-հայրենասիրական թեմաներով ելույթների արձագանքները սահմանադրական փոփոխությունների կոալիցիոն նախագծի հետ՝ թողնենք քաղաքագետներին: Կանաչ սոսիների արանքո՞ւմ, թե՞ շատ «կանաչների» արանքում են գիտակցաբար կամ ենթագիտակցաբար մոլորվում մեր շատ կուսակցական գործիչներ՝ նույնպես թողնենք գիտակներին: Գիտակներին իմ կողմից մի հարց էլ կավելացնեի, թե այդ ո՞նց եղավ եւ ինչո՞ւ, որ նախագահական ընտրությունների ժամանակ հայտնի հեռուստաշոուի ընթացքում Սերժ Սարգսյանը դիտավորյալ թույլ տվեց, որ Գեղամյանն այդքան հեշտությամբ հաղթի իրեն: Ինչեւէ, վերադառնանք սահմանադրական փոփոխությունների հարցին: Գեղամյանը փոխանակ ինչ-որ անհեթեթ 65-րդ առաջարկության մասին խոսեր՝ գոնե թող Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Ջանի Բուքիքիոյի պես ներողություն խնդրեր, որ արձակուրդային կամ այլ մթնոլորտի պատճառով չի հասցրել ծանոթանալ կոալիցիայի նախագծի 64 հոդվածների վերաբերյալ մեր 82 փոփոխությունների մեծածավալ առաջարկություններին: Դե, միշտ էլ մի գեղեցիկ բան կարելի է հնարել, մենք էլ հանուն ընդդիմության չպառակտման մեծահոգաբար կլռեինք: Թե չէ սոսինե՜ր, ադրբեջանցինե՜ր, թուրքե՜ր… Եվ որպես Սահմանադրությանն առնչվող հարցերում ավելի փորձառու մարդ, մի խորհուրդ էլ տամ Գեղամյանին: Չի՛ կարելի տարբեր լիազորություններ ունեցող ընտրովի մարմինների ընտրություններին մասնակցել նույն հակաճգնաժամային նախընտրական ծրագրով: Եվ եթե ուզում էր, որ երկիրը կառավարվի հանրապետության նախագահի կամ Ազգային ժողովում հաղթած կուսակցության նախընտրական ծրագրերի հիման վրա մշակված պետական ծրագիր-օրենքներով, այլ ոչ թե նշանակովի վարչապետի եւ նրա կառավարության մշակած ծրագրերով՝ նա պետք է իսկապես աջակցեր, որ արմատական փոփոխություններ կատարվեին Հայաստանի իշխանական համակարգում: ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել