Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհ՝

Դեկտեմբեր 21,2005 00:00

Դրամաշնորհ՝ ապտակով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կողմից ստեղծված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը երկուշաբթի օրը Վաշինգթոնում հայտարարել է Հայաստանին 236 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում կորպորացիայի նախագահ, դեսպան Ջոն Դանիլովիչը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը «մեծ հաջողության համար»: «Հայաստանը մշակել է ինտեգրված, արդյունավետությանը միտված մի ծրագիր, որը գյուղական շրջանների համար աշխատատեղերի ավելի մեծ հնարավորություններ կստեղծի»,- ասված է նամակում: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենը շեշտել է «Միացյալ Նահանգների նվիրվածությունը հայ ժողովրդին»՝ միեւնույն ժամանակ սուր քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարությանը: Այսպես. Դանիլովիչը, մասնավորապես, ասել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի որոշման հետաձգման պատճառը նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի անցկացման հետ կապված մտահոգություններն են՝ կեղծիքներ, ընտրական գործընթացի չարաշահումներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամների նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունք եւ մամուլի մատչելիության անհավասարություն»: Դեսպան Դանիլովիչը նախագահ Քոչարյանին ուղղված նամակում գրել է նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ցուցանիշների սանդղակում, որը կոչվում է «արդար կառավարում», Հայաստանը երկու կետով նահանջ է ապրել: Նամակում նաեւ նշվում է, թե կառավարող խորհուրդը տեղյակ է պահել Հայաստանի կառավարությանը, որ «քաղաքական իրավունքների, լրատվամիջոցների մատչելիության եւ քաղաքական ազատությունների ասպարեզում անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել, այլապես ծրագիրը կարող է սառեցվել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարվել»: Սրանք քայլեր են, որ, «Հազարամյակի մարտահրավերների» քաղաքականության համաձայն, կարող են ձեռնարկվել նույնիսկ դրամաշնորհի հատկացման մասին որոշումը ստորագրելուց հետո: «Սահմանադրական հանրաքվեի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները մեզ առիթ են տվել հարցնելու՝ արդյո՞ք այդ առաջընթացը կատարվում է: Մենք սպասում ենք Ձեր կառավարության քայլերին, որոնք կվկայեն, որ Դուք մեծ ցանկություն ունեք բարելավելու Ձեր կատարողականը»,- ասված է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի՝ Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն այս դրամաշնորհի կապակցությամբ միմյանց (կամ որեւէ մեկին) շնորհավորելու բան չունեն, այլեւ իրենց սարքած ընտրաֆարսով լուրջ վտանգի տակ են դրել այդ դրամաշնորհի ստացումը: Քվե կեղծելու համար Հայաստանում վաղուց արդեն մարդ չի պատժվում, ուստի՝ «բարելավում» չի լինելու: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել