Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը

Հունվար 13,2006 00:00

ՄԱԿ-ը ցանկանում է աշխատեցնել պատգամավորներին Երեկվանից շրջանառության մեջ դրվեց ՄԱԿ խմբակցության հեղինակած ԱԺ նոր Կանոնակարգը Միացյալ աշխատանքային կուսակցությունը երեկվանից շրջանառության մեջ դրեց իր հեղինակած ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը: Ի դեպ, այն խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ քարտուղար Գրիգոր Ղոնջեյանի կողմից ստորագրվեց լրագրողների ներկայությամբ՝ Մամուլի ազգային ակումբում: ՄԱԿ-ում վստահ են, որ այս Կանոնակարգը, որում առաջարկվում է 200 փոփոխություն, ստիպելու է ծույլ եւ գլուխ պահող պատգամավորներին աշխատել առանց դադարի, պարզապես չի ընդունվելու խորհրդարանական այսօրվա մեծամասնության կողմից: Այնուամենայնիվ, օրենքի նախագիծը խիստ կարեւորելով եւ հետագայում ապացուցելու համար, որ այսօրվա մեծամասնությունն առանձնապես հակված չէ աշխատել, սահմանադրական փոփոխություններից բխող անհրաժեշտությունից ելնելով՝ ՄԱԿ-ը քննարկման է ներկայացնում իր հեղինակած Կանոնակարգը: Գուրգեն Արսենյանը նկատեց, որ իրենց կողմից առաջարկված արժեքային համակարգը հնարավորություն կտա ընտրողներին գնահատել իր ընտրյալների գործունեությունը ԱԺ-ում. «ԱԺ քաղաքական մեծամասնության դերը շատ է բարձրացել նոր սահմանադրությամբ, եւ ընդհանրապես բարձրացել է ԱԺ-ի դերը ՀՀ կյանքում: Լինելով հետեւողական մեր սկզբունքներում եւ մոտեցումներում, մենք ցանկանում ենք, որպեսզի սահմանադրական փոփոխությունները չբերեն հակառակ արդյունքի, նկատի ունեմ՝ չձեւավորվի այնպիսի քաղաքական մեծամասնություն, որը ձեւավորի կառավարություն եւ, ասենք, ամիսը մեկ անգամ կամ երկու ամիսը մեկ անգամ հինգ րոպեով գա կոճակ սեղմելու, եւ հինգ տարով Հայաստանի ժողովուրդը չկարողանա որեւէ կերպ ազդել քաղաքական գործընթացների վրա: Մենք պաշտպանել ենք սահմանադրական փոփոխությունները՝ հասկանալով, որ դա առաջընթաց է մեր երկրի համար: Հիմա, այս փաստաթղթով մենք հռչակում ենք նաեւ այն մտահոգությունը, որ պարտադիր է գնալ առաջընթացի ճանապարհով: Որովհետեւ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են ստեղծում նաեւ այն ոչ ցանկալի սցենարի, որի մասին ասացի, այն է՝ ստեղծել քաղաքական մեծամասնություն, ունենալ նրա կողմից հաստատված կառավարություն եւ ընդհանրապես՝ օտարվել ՀՀ օրենսդիր կյանքից, վերածվել ՀՀ գործադիր իշխանության իրավաբանական վարչության, որը ամիսը մեկ անգամ կտպի կամ կվավերացնի կառավարության կողմից գծված օրենքը»: Պրն Արսենյանը նաեւ նշեց, որ «Երկիր մոլորակի վրա չկա այդպիսի աշխատանք, երբ մարդը բյուջեից այդքան բարձր աշխատավարձ ստանա եւ ոչ մի բան չանի»: Ըստ ՄԱԿ-ի նոր Կանոնակարգի, խորհրդարանը պետք է աշխատի ամենշաբաթյա աշխատանքային ռեժիմով, խումբ-խմբակցություններին տրվում է ԱԺ մարմնի կարգավիճակ եւ այլն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել