Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը

Հունվար 13,2006 00:00

ՄԱԿ-Ը ՄԻԱՅՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է Կառավարությունը կարող է նաեւ չընդունել ՄԱԿ-ի առաջարկները՝ կապված գիտության կառավարման ոլորտի բարեփոխումների հետ: Դեռեւս մեկ տարի առաջ հենց ինքը՝ կառավարությունն է դիմել ՄԱԿ-ին, որպեսզի վերջինս աջակցի որոշ ծրագրերի իրականացմանը, որոնցից մեկն էլ հենց գիտության ոլորտում պետական կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումների մշակումն է: «Եվ քանի որ կառավարության մտահոգությունները մեզ համար ողջունելի էին (երիտասարդ գիտնականների արտագաղթ, գիտության ծերացում եւ այլն), մենք համաձայնեցինք աջակցել եւ կառավարություն ներկայացնել նախագիծ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ սոցիալ-տնտեսական ոլորտի ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը: Սակայն նախագծի շուրջ աղմուկ են բարձրացրել գիտնականները եւ, որ ամենազարմանալին է՝ կրթության եւ գիտության ոլորտի պաշտոնյաները, կարծես ՄԱԿ-ն իր քմահաճույքով ինչ-որ բան է պարտադրում: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրին էլ կարելի է հասկանալ, որովհետեւ ՄԱԿ-ի փորձագիտական խումբն առաջարկում է այնպիսի օպտիմալ լուծումներ, որոնք կարող են անմիջականորեն խփել այս պաշտոնյաների գրպանին: Օրինակ՝ այն, որ, ըստ առաջարկվող տարբերակի, ասպիրանտուրա որպես այդպիսին չի լինելու. «Ամբողջ աշխարհում գիտությունների թեկնածու որպես այդպիսին չի հասկացվում,- պարզաբանում է Ն. Սահակյանը:- Քանի՞ հոգի է այսօր զբաղվում գիտությամբ՝ ընդունվելով ասպիրանտուրա… թվերը խայտառակ են: Հարցը մեր կարծիքով կարող է լուծվել դոկտորանտուրայի միջոցով, ինչը թույլ կտա ոչ թե 60, այլ ավելի երիտասարդ տարիքում դոկտոր դառնալ»: Սա այն հիմնական խնդիրն է, որ շատերին մտահոգում է, որովհետեւ այսօր ասպիրանտուրան գիտնականի խնդիր չի լուծում, այլ՝ բանակից ազատելու: «Կառավարությունը կարող է ասել, որ ասպիրանտուրայի վերացումը առաջիկա այսքան տարում ընդունելի չէ, դա կառավարության խնդիրն է: ՄԱԿ-ի գրասենյակը Հայաստանում աշխատում է միայն կառավարության հետ եւ նրա պատվերներն է կատարում: Ոչ թե վերջնական լուծումներ է տալիս, այլ՝ աջակցում»,- պարզաբանում է փորձագետը: Ի վերջո, կառավարությունը կարող է մի կողմ դնել այս փաստաթուղթը եւ մոռանալ այդ մասին: ԿԳՆ փոխնախարար Արտակ Սահրադյանը վերջերս մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ փորձագետի կարծիքը հիմնականում անընդունելի է, իսկ մի շարք գիտնականներ արդեն սկսել են սվիններով պայքար այն անձանց դեմ, ովքեր իրականացրել են հետազոտություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ գիտաշխատողների հետ: «40 գիտահետազոտական ինստիտուտ ունենք: Հարցումների ժամանակ մտնում էինք եւ տեսնում, որ ինստիտուտի 200-250 աշխատողները ամիսներով չկան, չեն գալիս: Առաջարկում ենք 7-8 գիտական կենտրոնների ստեղծում: Իսկ այն ինստիտուտները, որոնք անհնար է բյուջեի միջոցներով կենսունակ պահել, կարելի է տեղափոխել հենց համալսարաններ: Իսկ թե հետո շենքերը կվաճառեն, թե ինչ կանեն՝ դա մեր խնդիրը չէ, կառավարության խնդիրն է: Ակադեմիայի փակելու մասին խոսք չկա: Առաջարկվում է, որ ֆինանսավորման սխեմայից ԳԱԱ-ն դուրս գա, այնտեղ մնան փորձագիտական եւ խորհրդատվական ֆունկցիաները. հենց սրանից են շատերը վախենում: Որպես լիազոր մարմին՝ փորձագետներն առաջարկում են ԿԳՆ-ին, իսկ ֆինանսավորումը՝ հիմնադրամների միջոցով: Այսօր աշխարհում շատ փող կա՝ ուղղված գիտությանը, բայց ինչպե՞ս պետք է դրան հասնել: Պետք է հարմարեցնել կառավարման սխեմաները միջազգային ստանդարտներին, որպեսզի մեր գիտնականներն առանց արտագաղթելու, մեր երկրում կարողանան այդ միջոցներից օգտվել: Կոնկրետ առաջարկություններ կան՝ հիմնադրամների միջոցով այդ գումարները ստանալու: Որովհետեւ այսօր 700-1000 երիտասարդ հայ գիտնականներ աշխատում են աշխարհի առաջավոր գիտահետազոտական ինստիտուտներում: Իսկ այսօր իրենք (ԳԱԱ-ն- Հ. Բ.) ստանում են ֆինանսավորում, եւ եթե այն 10 անգամ էլ շատացնենք, որակական փոփոխություն չենք տեսնի, որովհետեւ կառավարման համակարգը էֆեկտիվ չէ»,- վստահ է Ն. Սահակյանը: Առաջարկությունների մեջ նույնիսկ կետ կա թոշակի անցած գիտնականների մասին. փորձագետներն առաջարկել են, որ թոշակի հետ իբրեւ հավելում նրանք նաեւ այսօրվա իրենց աշխատավարձը ստանան, որպեսզի նաեւ սոցիալական հարցը լուծվի: Իսկ այն մասին, որ ԳԱԱ փոխնախագահ Էդուարդ Ղազարյանը հայտարարել է, թե ինքը ոչ պաշտոնապես է ծանոթացել այս փաստաթղթին, Ն. Սահակյանը ասում է, որ հայեցակարգի նախագիծը պաշտոնական նամակով, ի թիվս մի շարք շահագրգիռ անձանց, կազմակերպությունների ու գերատեսչությունների, ուղարկվել է նաեւ Էդ. Ղազարյանին՝ ԿԳ նախարարի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Կոնսուելո Վիդալի ստորագրությամբ: «Հնարավոր է, որ մեր առաջարկածը լավագույնը չէ: Բայց եկեք առողջ բանավեճ սկսենք»,- առաջարկում է Նարինե Սահակյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել